Ռուբեն Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է 2003 թվականից

Ռուբեն Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է 2003 թվականից

Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։

Դատախազությունից նաեւ նշեցին, որ ՌԴ գլխավոր դատախազությունից դեռևս չեն ստացվել նրա նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները, և այս պահին դեռևս չեն կարող ասել՝ արդյո՞ք Ռ. Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի հանդիսանալը հիմք է հանդիսացել հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար։

Հիշեցնենք՝ Հայրապետյանը մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար։ Նույն արարքների համար մեղադրվում է նաև որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, ևս 4 հոգի։ Ռաֆիկ Հայրապետյանի և ևս երկուսի նկատմամբ իրավապահները հետախուզում են հայտարարել օրեր առաջ։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։ 

Բացի մեղադրյալի կարգավիճակից, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Ֆուտբոլի ֆեդերացիային առնչվող քրեական գործով եւս ունի կարգավիճակ։ Նրա պաշտոնավարման տարիներին Ֆեդերացիայում չարաշահումների գործը հարուցվել էր 4 հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության համար: