Ռուսաստանն ասում է, որ ինքը ոչ մի տեղ չի գնացել, որ կեղծ օրակարգ է առաջ մղվում

Ռուսաստանն ասում է, որ ինքը ոչ մի տեղ չի գնացել, որ կեղծ օրակարգ է առաջ մղվում

«Հրապարակի» զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը։

-Փաշինյանի՝ իտալական պարբերականին տված հարցազրույցին ռուսական կողմը բավականին կոշտ հակադարձեց՝ Պեսկով, Զախարովա, Զատուլին, ՏԱՍՍ-ում հարցազրույց և այլն։ Ինչո՞վ էր պայմանավորված ռուսական կողմի այս ակտիվությունը։

-Այո, այստեղ կա երկու կարևոր բաղադրիչ։ Առաջինն այն է, որ այդպիսի հայտարարություն Փաշինյանն անում է արտաքին մամուլի համար և դա բաց հայտարարություն էր համար մեկ դեմքի կողմից։ Եթե կհիշեք, ռուսական կողմը նման արձագանք էր ցույց տվել այն ժամանակ, երբ իսկանդերի մասին հայտարարություն էր արել Փաշինյանը, որ` 10 տոկոսով աշխատեց։ Առաջինի դեպքում դա ներքին լսարանի համար էր։

-Այսինքն, ներքին լսարանի մոտ հակառուսական տրամադրությունների հրահրումը Ռուսաստանի համար այդքան էլ խնդրահարույց չէ՞։

-Ոչ թե այդքան էլ խնդրահարույց չէ, այլ եթե արտաքին լսարանի համար ես այդ հայտարարությունն անում, ավելի զգայուն են դառնում՝ հատկապես որ Իտալիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Սա առաջինը, երկրորդը՝ այս հայտարարությունները համընկան այն ավստրալիացի ֆրիկ անձի՝ Հայաստանի մասով հայտարարության հետ, որը հայկական մամուլում տարածվեց (Հայաստանի` ՆԱՏՕ մտնելու մասին` Հ.Ա.), դրանից հետո դա անցավ նաև ռուսական դաշտ և ռուսները գրանցեցին, որ Հայաստանի հասարակությունը կամ մեդիադաշտը լայն տարածում է տվել այդ լուրին և որոշեցին, որ պիտի արձագանքեն։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և այս հայտարարությունը հաջորդեցին՝ դրա համար սիներգիկ էֆեկտ կարող էին տալ։

Հանգամանքը, որ այդ անձի հայտարարությունը Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել, ռուսները չէին կարող անտեսել։

-Ռուս պաշտոնյաների պնդումները, որ Հարավային Կովկասից չեն հեռանալու, մնալու են Արցախի անվտանգության երաշխավորը, արդյոք չի՞ նշանակում, որ իրենք կմնան միայն Արցախում, բայց չեն բացառում Հայաստանից հեռանալը։

-Ոչ: Թե Հայաստանում, թե Ռուսաստանում տարածում են դիսկուրսը, որ Ռուսաստանն իր բոլոր ռեսուրսները բևեռել է Ուկրաինայի ուղղությամբ և Հարավային Կովկասն այլևս իր համար այն առաջնահերթությունը չունի՝ դրա համար կարող է մի օր Ռուսաստանն այս տարածաշրջանից դուրս գալ։ Նույն դիսկուրսները թուրքական լոբբիստների կողմից առաջ են մղվում Ռուսաստանում, որ հնարավոր է Ռուսաստանի շահերից մի օր բխի, որ դուրս գան տարածաշրջանից՝ սա առաջինը։ Երկրորդը, հետևողականորեն Հայաստանում որոշում կայացնողների կողմից հայտարարություն է արվում, որ ՀԱՊԿ-ն արդեն Հայաստանից դուրս է եկել և սա այս տրամաբանության շարունակությունն է։ Ռուսաստանն ասում է, որ իրենք ոչ մի տեղ չեն գնացել, ինչ-որ կեղծ օրակարգ է առաջ մղվում։

-Քննարկումներ են գնում, որ Ռուսաստանը ՀՀ իշխանություններին այս հայտարարություններն ու քայլերը չեն ների ու դա կարող է մեզ համար վտանգավոր լինել եւ անգամ պետականության կորստի հանգեցնել, քանզի Ռուսաստանը իրեն դեմ գնացողների հետ դաժանաբար վարվելու սովորույթ ունի։

-Կարող է լինել, եթե Հայաստանը շարունակի վարել այսպիսի արտաքին քաղաքականություն։

-Էրդողան -Պուտին հանդիպումը կայացավ, կարծես թե ռուսական կողմը որոշակիորեն հիասթափված է։ Ո՞ր կողմի համար էր ավելի կարևոր այս հանդիպումը։

-Մի քանի կարևոր կոմպոնենտ՝ այդ հանդիպումն ավելի շատ պետք էր Թուրքիային, քան թե Ռուսաստանին, դրա համար էլ Էրդողանը գնաց Սոչի։ Բացի հացահատիկային գործարքը, նրանք քննարկել են երկկողմանի օրակարգը և այլ պրոյեկտներ ու հաշվի առնելով, թե ով էր ռուսական կողմի պատվիրակության կազմում՝ օրինակ, Ռոսատոմի ղեկավարը և այլք... բայց, որևէ նոր արդյունք չի եղել։