Մեկին վախեցնեն, որ մի ուրիշին վախենալով հաճոյանան

Մեկին վախեցնեն, որ մի ուրիշին վախենալով հաճոյանան

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը գրում է․
«2 րոպե կարդալու

Մանկահասակ, առավել ևս մայրական կաթով կերակրվող երեխային թեկուզ մեկ օրով մորից զրկելը որևէ օրենքով արդարացված չէ, առավել ևս չապացուցված մեղքի պարագայում, առավել ևս, ՏՆՏԵՍԱԿԱՆ դեռ ՉԱՊԱՑՈՒՑՎԱԾ հանցանքի պարագայում: Անշուշտ, օրենքի առաջ հավասարությունը վիճարկելի չէ, բայց նույնքան վիճարկելի չէ, որ բարոյականության կորստով հնարավոր չէ արադարամիտ կամ արդարադատ լինել: Օրենքի անվամբ ոտնատակ են տրվում ավանդույթ, արժեք, Մարդու Իրավունք, կին, մանուկ հասկացությունները:

2 և 4 տարեկան մանկահասակ երեխաներ ունեցող կնոջը կալանավորելը խոսում է ոչ թե օրենքի առջև հավասարության, այլ պետական ինստիտուտի ու նրա ներկայացուցիչների առնվազն բարոյական անկման մասին: Անին ու մյուս ձերբակալված աղջիկները դարձել են իրավական տերողորմյայի (թզբեհի) հատիկներ, ու ինչ-ոչ մեկի հերթական անտրամաբանական ու հակաբարոյական կամայական որոշումով ընտրվում է, թե ով է «խերը», ով՝ «շառը», և ով՝ «Աստվածը»: Թող ների ինձ Աստված, բայց այս դեպքում ստիպված եմ այդ բառը վերցնել չակերտների մեջ, որովհետև ոմանք այսօր պնակալեզության սիմֆոնիա նվագելով իրենց համար ստեղծել են բազմաստվածություն ու այնքան են սովորել կզած մնալ, որ արդեն չեն կարողանում մեջքն ուղղել, վերև նայել ու տեսնել իրական Աստծուն: Անիի Ani Gevorgyan երեխաները աստվածային պարգև են, ինչպես մյուս կալանավորվածների ու բոլորիս երեխաները:

Հ. Գ. Վոլտերն ասում էր, որ օրենքներն անհրաժեշտ են ոչ միայն քաղաքացիներին Վախեցնելու, այլ նաև նրանց Օգնելու համար: Մեզանում կարծես թե առաջնային է դարձել օրենքներով վախեցնելը, ոչ թե օգնելը: Եւ առավել ցավալի է, որ դատավորի պատմուճան հագած որոշ մարդիկ դառնում են ոչ թե օրենքի ներկայացուցիչ, այլ՝ Նեռի գերանդին փոխ առած մահվան սուրհանդակներ՝ փորձելով որքան հնարավոր է սպառնալից թափահարել այդ գործիքը: Այս իրավիճակը վերածվում է բարոյական ողբերգության, երբ այդ «վախեցնել» կոչվածի հոմանիշը դառնում է հաճոյանալը, այսինքն՝ մեկին վախեցնեն, որ մի ուրիշին, մեղմ ասած, Վախենալով Հաճոյանան...