«Ես իմ ամուսնուն շա՜տ եմ սիրում»

«Ես իմ ամուսնուն շա՜տ եմ սիրում»

Հանրային հարթակներում երբեք չեմ քննարկել Փաշինյան Նիկոլի ընտանեկան խնդիրները՝ համարելով դա ինձ չվերաբերող: Սակայն ժողովրդավարության դրսևորումներից մեկն էլ այն է, որ հանրային ծառայողները, ցանկանան դա թե ոչ, պետք է գտնվեն հասարակության և հատկապես լրատվամիջոցների ամենօրյա ուշադրության ներքո: Նրանք և նրանց ընտանիքների անդամները: Չնայած, ինչպես նշեցի, հեռու եմ ինձ պահել Նիկոլի ընտանեկան խնդիրներից, սակայն ժողովրդավարության ասպեկտներից մեկը՝ թափանցիկությունը չի դադարում լինել այդպիսին նույնիսկ նման հարցերում:

Ի դեպ, դա այն է, ինչի խոստումներով իշխանության եկավ Փաշինյան Նիկոլը: Եվ ինչը մեզ թվում էր բնականոն խոստում, քանի որ հեղափոխության միջոցով իշխանություն ձեռք բերած անձը չէր կարող այլ ձևով կառավարել երկիրը: Սակայն իրականությունը շատ ավելի դաժան գտնվեց, քան սպասում էին ամենից հոռետես հայաստանցիները: 

Ինչևէ, հիշո՞ւմ եք՝ Փաշինյանի վարչապետության առաջին ամիսներին Աննա Հակոբյանն անընդհատ ճամփորդում էր ամուսնու հետ: Ճամփորդում էր և՛ այն ժամանակ, երբ կար դրա պաշտոնական անհրաժեշտությունը, և՛ երբ չկար այն: Եվ երբ տիկնոջը լրագրողները հարց տվեցին, թե ինչու է անընդհատ ամուսնու հետ մեկնում այս կամ այն երկիրը, վերջինս այլ բան չէր գտել պատասխանելու, քան «ես իմ ամուսնուն շաաատ եմ սիրում» արտահայտությունը: Բայց քանի որ մենք ունեցել ենք երեք իրական առաջին տիկիններ, որոնք այդպես չեն վարվել՝ երևի ենթադրելի է, որ իրենք իրենց ամուսնուն այնքան էլ չեն սիրել:

Բայց դա հաստատ այդպես չէ, և այդ կանայք ավելի համեստ են եղել ու գնահատել են իրենց ամուսնու արժանապատվությունը: Եվ մի մեկնաբանություն էլ՝ Հայաստան պետության գլուխն, ըստ ՀՀ սահմանադրության, ՀՀ նախագահն է, ու նրա կինն իրավունք ունի կոչվելու առաջին տիկին: Սակայն, երևի հիշում եք, մեկ-երկու տարի իշխանական լրատվամիջոցները չէին դադարում տիկին Հակոբյանին առաջին տիկին անվանելուց:

Անցնենք առաջ: Նշանակվելով «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար՝ Աննա Հակոբյանը սկսեց ինքնուրույն, առանց ամուսնու, ճամփորդություններ կատարել աշխարհով մեկ: Ինչը նշանակում է, որ իրականում, նա ոչ թե թե անսահման սիրով էր կապված իր ամուսնու հետ, այլ ընդամենը փորձում էր աշխարհ տեսնել՝ օգտվելով ամուսնու դիրքից: Եվ նշանակվելով հիմնադրամի ղեկավար՝ աշխարհ տեսնել, ինչպես նաև իրեն ցույց տալու համար նա այլևս ամուսնու կարիքը չուներ: Թե՞, այնուամենայնիվ, դադարել էր ամուսնուն սիրելուց: Ինչևէ, վարչապետի տիկնոջ կողմից ղեկավարվող հիմնադրամի հաշվին հսկայական (հայաստանյան մասշտաբներով) գումարներ էին փոխանցվում երկրից և արտերկրից, ինչը թույլ էր տալիս տիկնոջը շրջել ողջ աշխարհով մեկ՝ երբ սիրտը ցանկանար ու ուր ցանկանար: Սակայն, տեղական գործարարների կատարած նվիրատվությունները կարող էին ծառայել ոչ թե տիկնոջ թանկարժեք «վոյաժներին», այլ տնտեսության զարգացմանը՝ եթե ստիպված չլինեին կատարել պարտադիր-կամավոր մուծումներ: Բնականաբար, կարող էին չկատարել՝ եթե հիմնադրամի ղեկավարը չլիներ վարչապետի կինը: Ինչ մնում է սփյուռքահայերի նվիրատվություններին, ապա դրանք ավելի նպատակային կլինեին, եթե ուղղվեին վաղուց անխափան գործող սխեմաներով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Հայ օգնության ֆոնդ, Հայ օգնության միություն և այլն:

Վերջերս, ինչ-ինչ պատճառներով, տիկինը հրաժարական տվեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակում է ղեկավարել ամուսնու հիմնադրած կուսակցությանն առընթեր «Իմ քայլը» հիմնադրամը: Թե՛ մեկ և թե՛ մյուս հիմնադրամի դեպքում  հայաստանցիները չտեսան ֆինանսական միջոցների ծախսերի թափանցիկություն: Այնինչ, ենթադրվում էր, որ «հեղափոխական» և «ժողովրդի իշխանության» պայմաններում մենք պետք է ականատես լինեինք թափանցիկության հրավառության: Բայց ինչպես վարչապետ ամուսինն է պահպանում (այսինքն, բացարձակ չի պահպանում) թափանցիկ աշխատելու խոստումը, այնպես էլ նույնն է անում նրա կինը: Եվ մենք պետք է «հավաստի աղբյուրներից» կամ «օդում կախված լուրերից» իմանայինք, որ 2021 թվականի հունվարի 12-13-ին տիկին Աննան զավակներով տժժացել է մոսկովյան ռեստորանում՝ դիմավորել խորհրդային ավանդությամբ նշվող հին նոր տարին:

Չմոռանանք, դա այն ամանորն էր, որը մեր երկրի նորմալ մարդիկ, և այդ թվում տողերիս հեղինակը, չտոնեցին:  Բնականաբար, մոսկովյան, իսկ այնուհետև ամերիկյան այցերը չէին կարող կատարվել Փաշինյան ընտանիքի անդամների աշխատավարձերի հաշվին. դրանք, որքան էլ բարձր լինեին, նման ծախսերի համար բավարար լինել չէին կարող: Մնում են հիմնադրամների միջոցները…