Դուք աշխատել եք 30.000 դրամի, ձեզ վճարում եմ 68.000

Դուք աշխատել եք 30.000 դրամի, ձեզ վճարում եմ 68.000

«Սասստեքս» կարի արտադրամասը չի վճարում Կոտայքի մարզից՝ 10-ից ավելի աշխատակիցների աշխատավարձը: Աշխատակիցները մեզ պատմեցին, որ մինչ օրս չեն ստացել դեկտեմբեր ամսվա աշխատավարձը եւ ստիպված աշխատանքից ազատման դիմում են գրել. «2021 թվականի ապրիլին աշխատել ենք մինչեւ օգոստոս ամիսը, հետո տեսանք, որ նորմալ չենք վարձատրվում: Տնօրենը մեզ ասում ա` դուք աշխատել եք 30.000 դրամի, բայց ձեզ վճարում եմ 68.000 դրամ, մնացածն իմ գրպանից եմ նվիրում: 1 ամիս չաշխատեցինք: Հետո մեզ ասացին. «Եկեք աշխատանքի ամեն բան լավ կլինի»: Բայց ոչ մի բան էլ չփոխվեց: Գերմանական սպեցովկեք ենք կարում, որ գազի զապրավկի աշխատակիցները հագնում են, շատ հաստ ու կոպիտ շալվարներ են: Ամեն ամիս կարել ենք 800 հատ, 1000 հատ, բայց դրանց ինքնարժեքը չենք իմացել: Մեզ ասում են, որ պետք է ամսական 3000 հատ գործ անենք, որ մի քիչ շատ գումար ստանաք: Պայմանագրով գրված ա եղել, որ շաբաթ օրը աշխատելու դեպքում, մենք պետք է կրկնակի վճար ստանանք, բայց մենք աշխատել ենք եւ չենք իմացել, թե դա ինչ բան ա: Տնօրենը ասում է, որ իր գրպանից ա մեզ աշխատավարձը նվիրել, դե թող հիմա էլ նվիրի: Մեզ չի նվիրել, մենք ստացել ենք մեր աշխատանքի դիմաց, ավելի ցածր, քան աշխատել ենք արտադրամասում»:

Ըստ աշխատակիցների ՝ արտադրամասում նորմալ պայմաններ չեն եղել, միակ խնդիրը, որ ընկերությունը լուծել է, աշխատակիցներին ապահովել է տրանսպորտով. «Նորմալ պայմաններ էլ չկային, ոչ սանհանգույցներն էին նորմալ, գույքը հնամաշ, հնաոճ, բայց դրան էլ կհարմարվեինք, եթե նորմալ վճարեր, չխաբեր: Դեկտեմբեր ամիսը ամբողջությամբ մենք տվեցինք 600 գործ, մեզ ասում ա, որ 23.000 դրամի ենք աշխատել: Մենք մեր գործերը տեղում նայել ենք, վերանայել ենք, տեղը տեղին հանձնել ենք: Հունվարի 10-ին գնացինք, դիմում գրեցինք ու դուրս եկանք, հունվարի 22-ին իմացանք, որ ողջ ֆաբրիկայի աշխատակիցները աշխատավարձը ստացել են, իսկ մեր աշխատավարձը չեն տվել: Զանգել ենք՝ պատճառաբանում են, որ մենք բռակ գործ ենք արել ու զեկուցագիր են կազմել: Եթե բռակ էինք արել, թող կանչեին` մեզանից մեկին, ցույց տային եւ ասեին հենց դրա համար էլ զեկուցագիր ենք գրում եւ աշխատավարձ չենք տալիս: Մեր գործերը բռակ չի եղել: Որ դուրս ենք եկել աշխատանքից, դրա համար էլ տնօրենը մեր աշխատավարձը չի տալիս»,-ասացին աշխատակիցները:

Կապ հաստատեցինք «Սասստեքս» կարի արտադրամասի գլխավոր հաշվապահ տիկին Անուշի հետ, նա ասաց, որ չգիտի, թե որ աշխատակիցների մասին է խոսքը, եւ խոստացավ իմանալու դեպքում կապվել մեզ հետ: «Էս մարդիկ եկել են մեզ մոտ ամիսներ առաջ, խնդրել են, որ աշխատեն, եկել են գործարքային աշխատանք անելու համար: Նրանք երբեւէ իրենց գործարքայինը չեն կատարել, մենք նորից իրենց աշխատավարձ ավելացրել ենք, տվել ենք: Վերջին ամիսը իրենք ամենաքիչը 500 գործ բռակ են արել, որ իրենց պայմանագրի մեջ գրած ա, պարտավոր են բռակը վերացնել, իրենք մեզ թողեցին խնդիրների մեջ, գնացին: Իրենց կարածները գնացել ա Գերմանիա եւ գերմանացին ամբողջը հետ ա ուղարկել: Մենք կարող ենք մաքսային փաստաթղթերով ապացուցենք: Անցյալ շաբաթ իր վարպետի հետ եկան էստեղ, ես իրեն ասեցի ինչ որ պետք ա: Եթե ձեր խիղճը թույլ ա տալիս վաղը Ձեր ուզածը փոխանցեմ, եթե թույլ չի տա` հիմա ասեք: Մի շաբաթ ա, ես որեւէ բան էլ չեմ լսել, մինչեւ Ձեր զանգը»,- այսպես փորձեց արդարանալ «Սասստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին: Տնօրենին հարցրեցինք՝ ուղարկելուց առաջ արտադրանքը չի՞ ստուգվել. «Մենք ստուգում ենք, եթե ուզում եք ավելին իմանալ, եկեք արտադրամաս: Ես հեռախոսով չեմ սիրում խոսել, եկեք ես Ձեզ ամեն բան ցույց կտամ թափանցիկ ձեւով»,-ասաց եւ անջատեց հեռախոսը: