Համավարակը մահաճարակ չէ

Համավարակը մահաճարակ չէ

Հարգելի՛ պարոն Փաշինյան

Ցանկանում եմ Ձեզ օգտակար լինել որոշ մասնագիտական տեղեկատվությամբ` համավարակի հետ կապված ներկայիս ծանր իրավիճակից դուրս գալու համար: Բերեմ www.translator.am հասցեով հայերեն վարվող օնլայն հանրագիտարանի որոշ քաղվածքներ:

Համավարակ է կոչվում այն վիճակը, երբ, անկախ վնասակարության աստիճանից, նկատվում է վարակիչ հիվանդության տարածման խիստ մեծ արագություն: Մահաճարակը զանգվածային մահ տարածող համաճարակ է մարդկանց մեջ:

Ցույց տանք, որ Covid-19-ի հետեւանքը համապատասխանում է համավարակի, բայց ոչ` մահաճարակի սահմանմանը: Համավարակից մահացածներն ունեցել են քրոնիկ հիվանդություններ, այսինքն` Covid-19-ը խորացրել է այդ հիվանդությունները, եւ նրանք մահացել են ոչ թե վիրուսից, այլ՝ քրոնիկ հիվանդությունների բարդացումից: Միեւնույն ժամանակ, այս հիվանդությունների բացակայությունը Covid-19-ով հիվանդների մոտ չի բերում մահվան, վիրուսն անցնում է աննկատ, ինչպես դա եղավ Ձեզ մոտ: Ի տարբերություն Covid-19-ի, հիշեցնեմ, խոլերայի, բծավոր տիֆի, էբոլայի, ժանտախտի համաճարակների դեպքում մարդիկ ուղղակի մահանում էին այս վարակներից, եւ կային մահացության մեծ տոկոսներ:

Այժմ անդրադառնամ Ձեր իսկ բերած թվային տվյալներին: Ապրիլ ամսից մինչ օրս՝ 160 օրում Covid-19-ից մահացել է 1179 անձ: Այս թիվը սարսափազդու է, եւ այն հիմք է տալիս մեր կառավարության` վարակի կանխարգելման քայլերին: Բայց իրո՞ք արդարացված են այդ քայլերը. փորձեմ հակառակվել: Ընդունենք, որ մեր բնակչությունը 3 միլիոն է եւ գրեթե չի փոխվում` ծնվածների քանակը հավասար է մահացածների քանակին: ՀՀ-ում մարդու միջին տարիքը 72-ն է (այն հավասար է 26 հազար 280 օրվա): Այսինքն` յուրաքանչյուր օր երկրում մահանում է 3 միլիոն/26․280 օր = 114 մարդ: Մոտավորապես այդքան էլ լինում է ծնունդների քանակը: Ուղղակի մահվան քանակի ընդհանուր վիճակագրություն չի հրապարակվում, բայց ծնունդներինը հրապարակվում է: Մահերի որոշ մասն անբնական է, լինում են վթարներից, թունավորումից, սպանությունից եւ մահացու վարակներից, մնացած մահերի պատճառը օրգանիզմների թույլ դիմադրողականությունն է (իմունիտետի պակասը), որը հատկապես ընկնում է մեծահասակների մոտ: Հիմք ունենք այդպիսի մահերն անվանել բնական: Բերված 114 մահվան դեպքերի թվից օրական 14-ը համարենք անբնական, այնպես որ՝ ապրիլից մինչ օրս բնական մահերի թիվը կազմում է 100*160=16000 մահ, որից 1179-ը մահացել է կորոնավիրուսից:

Այսպիսով, բնական անխուսափելի մահերի մեջ կորոնավիրուսից մահերը կազմում են ընդամենը (1179/16000) *100% = 7.36%, իսկ ընդհանուր մահացողների քանակը չի փոխվում (սա Ձեր խոսքն է), այսինքն՝ եթե 7.36%-ը չմահանար կորոնավիրուսից, նրանք, միեւնույն է՝ կմահանային այլ վարակներից՝ թույլ իմունիտետի պատճառով: Ստացված թիվը խոսում է այն մասին, որ վիրուսն այդքան էլ սարսափազդու չէ. բոլորովին անհիմն է կառավարության կողմից ստեղծված իրարանցումը: Ես Ձեզ այդ հարցում չեմ մեղադրում, քանի որ նման անհիմն իրարանցում է ողջ աշխարհում: Չնայած մեջբերված տոկոսներն առկա են մյուս երկրներում եւս: Մեզ ուղղակի վախեցնում են: Երկրները միտումնավոր ձեւով հայտնում են մահացածների բացարձակ քանակը, բայց ոչ նրանց տոկոսն ամբողջի մեջ: Տոկոսով հայտնելու դեպքում նման տեղեկատվությունը չէր լինի մահազդու: Սակայն ինչո՞ւ է կատարվում նման բժշկական շանտաժ, ես չեմ հասկանում՝ դա Ձեր քաղաքագետների գործն է:

Այժմ մի երկու խոսք դիմակների մասին: Պարո՛ն Փաշինյան, վիրուսի չափերը 0.1 միկրոն է, սա 1մմ-ի 10000-րդ մասն է: Եթե ընդունում ենք, որ դիմակի 1մմ-ի վրա առկա է 50 գործվածքային թել, ապա միջթելային տարածքը, որն անհրաժեշտ է շնչելու համար, 200 անգամ մեծ է վիրուսի չափերից: Այսինքն, դիմակը խոչընդոտ չէ վիրուսի համար: Չէ՞ որ այն միշտ չէ, որ օդակաթիլային է, ըստ Ձեր հայտարարությունների` այն կարող է գոյատեւել չոր, հարթ մակերեւույթների վրա, ինչպես նաեւ օդի մեջ: Այնպես որ, ազատե՛ք մեզ այդ «դնչկալները» կրելու պարտադրանքից: Մեղք ենք:
Պարո՛ն Փաշինյան, մենք Ձեզ բերեցինք իշխանության, որ Դուք պատժեք եւ բանտարկեք մեր գլխին մութ տարիներ սարքած եւ երկիրը քայքայած թալանչիներին, գողապետերին: Իսկ ի՞նչ արեցիք Դուք, նրանց փոխարեն մեզ բանտարկեցիք մեր տներում: Չեղավ, չէ՞…

Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Պրոֆեսոր