Խաղաղության պայմանագիրը բերելու է այն, որ ալիեւականներն այլեւս չեն հոխորտալու

Խաղաղության պայմանագիրը բերելու է այն, որ ալիեւականներն այլեւս չեն հոխորտալու

Հարցազրույց ԱԺ առաջին գումարման պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին փոխնախագահ Համլետ Հայրապետյանի հետ

- Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց․ «Եթե որեւէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը ՀՀ կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն է», չարաչար սխալվում է: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի խաղաղ զարգացումն է եւ համակեցությունը, ու մենք հասնելու ենք այս նպատակին»: Ի՞նչ եք կարծում, խաղաղության համաձայնագիրը կյանքի կկոչվի՞, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքները եւ սահմանային լարվածությունը:

- Խաղաղության պայմանագիրը մեզ բերելու է այն, որ ալիեւականներն այլեւս չեն հոխորտալու եւ մատ չեն թափ տալու մեզ վրա: Առաջին ազատամարտից հետո ե՞րբ է եղել, որ սահմաններում լարվածություն չի եղել: Միշտ էլ լարվածություն եղել է, ադրբեջանցիները փորձել են տարբեր ձեւերով դիրքեր ետ վերցնել, գրավել, որի արդյունքում ունեցել են զոհեր: Ինչո՞ւ է Ալիեւը հիմա մատ թափ տալիս մեզ վրա․․․ Մենք ունեցել ենք Սարդարապատ, Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան ու հաղթել ենք, ինչո՞ւ, որովհետեւ ժողովուրդը միասնական է եղել՝ վանական, ուսուցիչ, բանվոր, շինարար: Հիմա Ալիեւը տեսնում է, որ միասնություն չկա, մատ թափ կտա մեզ վրա, բա՞ ինչ կանի: Բերեք հայտարարենք, որ մենք միասնական ենք, մեզ հետ է նաեւ հոգեւոր թեմը, ժողովուրդը միասնական որ լինի, դրանց ճիպոտով, քարով անգամ կլարի մեր սահմաններից: ․․․ Մենք պետք է միասնականությամբ կարողանանք մեր խնդիրները լուծել: Իշխանությունն ո՞վ է՝ ես եմ, դու ես, ժողովուրդն է, եթե խոսում եք կառավարության մասին, ապա ժողովուրդն է ընտրել այս կառավարությանը, եւ պետք է սատար լինել կառավարությանը, որ կառավարությունը մատ թափ տա Ալիեւի վրա: Չե՞ք զգում՝ եթե վերջին ժամանակներս նա հոխորտում է, ապա՝ շատ զգուշավոր, քանի որ տեսնում է, թե սահմանում ովքեր են կանգնած: Այսօր մեր առաջ դրված միակ խնդիրը՝ երկիրը դուրս բերել այս իրավիճակից, եւ դա մենք պետք է անենք ազգովի:

- 29․800 քառակուսի կմ տարածքը՝ խաղաղության դիմաց։ Իշխանությունների առաջ քաշած թեզը որքանո՞վ է ընդունելի։

- Խաղաղության պայմանագիրը եւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ոչ թե 29.800 քմ-ի դիմաց է, այլ ամեն ինչ արվում է 91թ. պայմանագրով՝ դա պահպանելու եւ պաշտպանելու համար, ոչ թե դրա դիմաց: Մենք խաղաղության պայմանագիրը կնքում ենք՝ 29.800 քմ-ն մնա մեզ, դա նշանակում է նաեւ, որ ադրբեջանական զորքերը պետք է ետ գնան ելման դիրքեր: Երբ որ սահմանազատումը լինի, նրանք ստիպված կգնան: Եղե՞լ է ժամանակ, որ Հայաստանն այսքան երկրների ուշադրության կենտրոնում լինի, գերտերություններն այսօր կոնկրետ զբաղվում են Հայաստանի եւ Ղարաբաղի հարցերով:

- Դուք երեք պատերազմի մասնակից եք եղել, ինչո՞ւ պարտվեցինք 44-օրյա պատերազմում:

- Ես առաջին օրվանից եղել եմ Մարտակերտի տարածաշրջանում: Երրորդ օրն էր՝ Ստեփանակերտից մարդիկ մոտեցան Աբելին եւ ասացին, որ հողերը ծախված են, սա ձեր տեղը չի, ինչի՞ եք եկել: Մենք հասկացանք, որ այսպիսի խուճապային իրավիճակ ստեղծվել է նաեւ մյուս սահմանային գոտիներում: Պարտվեցինք, որովհետեւ միասնական չէինք, պարտվեցինք, քանի որ դավաճանները շատ էին, պարտվեցինք, քանի որ խնդիր էր դրված, որ պետք էր երկրի ներսում ներքին ուժերն իշխանությունը վերցնեին:

- 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից 2 տարի անց ի՞նչ իրավիճակում ենք գտնվում։ Ի՞նչ է արվել, ի՞նչ չի արվել այս ընթացքում, որ մեր սահմաններն ավելի անվտանգ եւ ապահով լինեն:

- Սահմանամերձ գոտիներ իմ այցելության ժամանակ տեսել եմ, որ մեր դիրքերը եւ խրամատները կահավորվել են, բազաներ են ստեղծվել, եւ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: Դա շատ լավ է, կասեմ, որ շատ բան չի արվել, որ այս երկիրը երկիր դառնա: Բոլոր հանցագործներն ազատության մեջ ման են գալիս, բանակը թալանածները, բանակով հարստացածներն այսօր ազատության մեջ են, այ, դա չի արվել: Իշխանությունը եւ կառավարությունը պետք է մանր-մունր հանցագործներին թողնի եւ սրանցով զբաղվի: Ժողովուրդը նաեւ այս խնդրով է ոտքի կանգնել, իշխանափոխություն է արել, այսօր էլ կկանգնի իշխանության կողքին, եթե դնեն՝ բոլորին պատժեն: