«Հրապարակ»․ Պետք է վարել այնպիսի քաղաքականություն, որ լինի Հայաստանին սիրաշահելու, այլ ոչ թե պատժելու մրցակցություն

«Հրապարակ»․ Պետք է վարել այնպիսի քաղաքականություն, որ լինի Հայաստանին սիրաշահելու, այլ ոչ թե պատժելու մրցակցություն

«Հրապարակ»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

- Երեկ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ սպասվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպում, որտեղ քննարկելու են Հայաստանի զարգացմանն ուղղված եռակողմ համագործակցության ուղիները։ Դրանից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երեւանում սկանդալային հայտարարություն արեց, ավելի վաղ ԵԽ-ն բանաձեւ ընդունեց, որով առաջարկվում էր դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: Արդյո՞ք Հայաստանի աշխարհաքաղաքական բեւեռի փոփոխության գործընթաց է ընթանում։  

- Արմեն Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ ցանկանում անել, քանի որ լուրջ եզրակացություն անելու համար անհրաժեշտ տեղեկությունը բացակայում է։ Կարծում եմ, որ իշխանություններն իրենք պետք է բացատրեն, թե ինչ պրոցես է ընթանում։ Հանրությանն այս ամբողջ գործընթացի վերաբերյալ հաշվետվություն տալու պարտավորության մասին, ի դեպ, գրել ենք մեր հայտարարության մեջ։ Եթե նկատի ունեք Ստոլտենբերգի խոսքերը, որ Ուկրաինային համերաշխության համար շնորհակալություն է հայտնում Հայաստանին, ապա նույն այդ հայտարարության մեջ դրա պատասխանը կա։ Մեր ասածը հետեւյալն է՝  ե՛ւ անվտանգության, ե՛ւ տնտեսական ապահովության հարցերում պետք է նուրբ, ոչ կոնֆրոնտացիոն դիվանագիտություն վարել եւ խորացնել համագործակցությունը ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ Արեւմուտքի հետ, պահել անհրաժեշտ բալանսը, որպեսզի երկիրը չվերածվի 2 գերտերությունների միջեւ հակամարտության կռվադաշտի։ Իր քայլերով Փաշինյանը խախտում է այդ բալանսը։

- Մենք նախադեպ ունեցել ենք, երբ Հայաստանի իշխանությունները եվրաասոցացման գործընթաց են սկսել, ապա անդամակցել Մաքսային միությանը, բայց այդ շրջանում Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններն այս վիճակում չէին, իսկ Հայաստանն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու ռեսուրս ուներ։ Այսօր ինչի՞ կարող են հանգեցնել Փաշինյանի կտրուկ շարժումները։ 

- Մենք հենց դրա մասին էլ խոսում ենք, քայլեր կան, որոնք կարող են շատ աղետալի հետեւանքներ ունենալ, եւ պետք է ամեն ինչ անել, որ բալանսի խախտում չլինի, Հայաստանը պահպանի իր կարգավիճակը՝ որպես երկրի, որը կարող է բոլոր ուղղություններով զարգացնել համագործակցությունը եւ դառնալ մրցակցության հարթակ` ներդրումների եւ առեւտրատնտեսական ակտիվության համար, ինչու չէ` ունենա բազմակողմանի համագործակցություն նաեւ անվտանգության բնագավառում։

- Հաշվի առնելով Արեւմուտքի փոխկապակցվածությունն ու շահերն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ աշխարհաքաղաքական այս պայմաններում տեսնո՞ւմ եք ռեալ օժանդակության հնարավորություն Արեւմուտքից, գործնական քայլեր, որոնք Հայաստանը կարող է ակնկալել եւ ստանալ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից։

- Արդեն ԵՄ դիտորդական խմբի առկայությունը երկրում անվտանգության ինչ-որ մի բարձիկ է, չնայած բավարար երաշխիք չէ։ Այստեղ խնդիրը ոչ թե Եվրոպայի հետ համագործակցության ընդլայնումն է, այլ այն, որ այդ ամենն արվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու եւ խզելու համատեքստում։ Ա՛յ, սա պետք է բացառել, իսկ որ դա հնարավոր է, ցույց է տալիս Վրաստանի օրինակը, Ղազախստանի օրինակը։

- Հիշատակեցիք եվրադիտորդներին, բայց փաստացի նրանք ամենեւին էլ զսպող մեխանիզմ չեն, նրանց ներկայության պայմաններում Փաշինյանը գնում է մարզ եւ հայտարարում՝ եթե հողերը չտանք Ադրբեջանին, մեկ շաբաթից պատերազմ կլինի։ 

- Այդ վտանգը ստեղծել է ինքը` Նիկոլ Փաշինյանը, մերժելով խաղաղության հնարավոր իրատեսական ծրագրերը, թշնամանալով Ռուսաստանի հետ, ակտիվորեն ներքաշվելով Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ՝ որպես ակտիվ խաղացող։ Մեծերի խաղի մեջ կողմ պահելը մեր նման փոքր, խոցելի երկրների համար կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Ինչ վերաբերում է եվրոպական դիտորդներին, ես դրա համար էլ ասացի, որ դա բավարար միջոց չէ։ Ես առիթ ունեցել եմ խոսելու այն մասին, որ մեծ սխալ էր ՀՀ իշխանությունների կողմից՝ մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը, որքան էլ մենք խնդիրներ ունենանք ՀԱՊԿ-ի` դաշնակցային պարտավորությունների չկատարման վերաբերյալ, որովհետեւ, եթե եվրոպական դիտորդական առաքելությանը զուգահեռ լիներ նաեւ ՀԱՊԿ առաքելությունը, դա ոչ թե կվատթարացներ մեր վիճակը, այլ կդարձներ ավելի ապահով։ Այսինքն՝ մենք պետք է գնանք ոչ թե բացառման՝ մեկին ընդունելու, մյուսին բացառելու տարբերակով, այլ պետք է ընտրենք բոլոր ուղղություններով հնարավոր աջակցություն ստանալու ճանապարհը։

- Չե՞ք կարծում, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հնարավոր առաջարկներն ընդամենը մեզ սիրաշահելու քաղաքականություն են՝ հաշվի առնելով, որ նրանք հստակ հայտարարում են՝ տարածաշրջանում իրենց առանցքային գործընկերը Թուրքիան է։ Նրանք ի՞նչ կարող են առաջարկել մի երկրի, որի անվտանգային սպառնալիքները նույն Թուրքիայից ու նրա կրտսեր եղբայր Ադրբեջանից են գալիս։

- Խնդիրն այն չէ, թե նրանք ինչ են առաջարկում, խնդիրն այն է, որ եթե մենք միակողմանիորեն կողմնորոշվում ենք, ասենք, Արեւմուտքի ուղղությամբ՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա մեր երկիրը դարձնում է խոցելի եւ վերածում կռվադաշտի: Նույնը կլիներ, եթե մենք հակառակն անեինք՝ որոշեինք մերժել Արեւմուտքի օգնությունը եւ մեր ամբողջ հույսը դնեինք միայն ռուսական անվտանգային երաշխիքների վրա։ Օրինակ, ինչպե՞ս է Վրաստանը կարողանում հասնել նրան, որ նրան փորձում են սիրաշահել ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Ռուսաստանը։ Դրանից Վրաստանը ստանում է միայն օգուտներ, ստանում է ներդրումներ Ռուսաստանից, արտահանման ծավալների մեծացում դեպի Ռուսաստան, առեւտրի խորացում Ռուսաստանի հետ, բայց նաեւ ստանում է ԵՄ թեկնածուի կարգավիճակ եւ շարունակում է համագործակցությունն արեւմտյան ուղղությամբ։ Սա ցույց է տալիս, որ ճիշտ վարվող դիվանագիտության դեպքում մենք կարող ենք մեզ սիրաշահող առաջարկներ ստանալ ե՛ւ այս կողմից, ե՛ւ այն կողմից, ե՛ւ երրորդ կողմից, մինչդեռ քաղաքականությունը, որ տանում է այս իշխանությունը, հանգեցնում է նրան, որ գնալու է ոչ թե Հայաստանին սիրաշահելու, այլ պատժելու գործընթաց։ Սա է խնդիրը, երբ գերտերությունները սխալ վարվող քաղաքականության արդյունքում պատժելու մրցակցություն են սկսում` հակառակորդին հարելու համար։ Դա ոչ մի լավ բանով չի ավարտվում նման քաղաքականություն տանող երկրի համար։

- Բացի անզեն եվրադիտորդներից եւ Ֆրանսիայից ստացված փոքրիկ ռազմական օգնությունից, իրատեսակա՞ն է ավելին ունենալ Արեւմուտքից՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական աջակցության տեսանկյունից, որովհետեւ կրկին հնչել է, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվելու։

- Իրականում մենք շատ բան կարող ենք ակնկալել, այդ թվում, օրինակ, աջակցության գումարներ, որը մեզ խոստացել էին։ 3 միլիարդ դոլարի աջակցություն էին խոստացել: Մասնավորապես, Արցախից մեր տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու եւ ինտեգրացիայի համար տնտեսական աջակցության ծրագրեր կարող ենք ակնկալել, կարող ենք նաեւ ռազմական օգնության ծավալի մեծացում ակնկալել, տնտեսական համագործակցություն, միջազգային ֆինանսական համակարգերի հետ առավել արդյունավետ համագործակցություն։ Այս ամենը ֆանտաստիկայի բնագավառից չէ, նորից եմ ասում՝ Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ դա հնարավոր է։ Բայց եթե այդ ամենն արվի Ռուսաստանին մերժելու համատեքստում, ապա ես խորապես համոզված եմ, որ Արեւմուտքի օգնությունը չի կարող փոխհատուցել այն վնասները, որ մենք կունենանք Ռուսաստանի հետ թշնամանալու արդյունքում։

- Բայց Վրաստանը չունի Ադրբեջանի նման ոխերիմ թշնամի, որն ամեն օր տարածք է ուզում զավթել։ Հայաստանի ակնկալիքը կարո՞ղ է լինել իսկապես Ադրբեջանին սանձելը, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին Ադրբեջանի հարձակմամբ չսպառնա։ 

- Տարբերություն չկա` եթե Ադրբեջանը եւ Թուրքիան սպառնալիք են, այդ սպառնալիքների զսպման գործում մենք պետք է այնպես կառուցենք մեր քաղաքականությունը, որ աջակցություն ստանանք ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ Արեւմուտքից։ Եթե մենք վարում ենք միակողմանի քաղաքականություն, մյուս կողմը որեւէ աջակցություն մեզ չի տալիս, հենց դա կարող է հանգեցնել Ադրբեջանի ախորժակի մեծացմանը: Այսինքն, փոխարենը մենք փորձենք Ադրբեջանին զսպելու գործում երկու կողմից էլ աջակցություն ստանալ, չգիտես ինչու, անում ենք միակողմանի ընտրություն, որն ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը։ Ձեր ասած փաստարկը, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի սպառնալիքը տարբերում է իրավիճակը Վրաստանից, իրականում միայն ավելի է ամրապնդում այս ասածս, առավել եւս ընդգծում է համագործակցության անհրաժեշտությունը բոլոր ուղղություններով։ Նման սպառնալիքի առկայության դեպքում միակողմանի քաղաքականության հետեւանքները շատ ավելի ծանր են լինում։

 Մարիաննա Ղահրամանյան