«Հրապարակ». 100 հազարն էլ ինա՞դ են ընկել

«Հրապարակ». 100 հազարն էլ ինա՞դ են ընկել

Արցախցիների շրջանում սպասողական վիճակ է։ Լուրեր են տարածվում, թե շուտով բնակապահովման ծրագրերը կառավարությունը վերանայելու է։ «Այո, տեղեկություն կա, որ այդ ծրագիրը վերանայվելու է, քանի որ դրա արդյունավետությունը շատ ցածր է»,- ասում է արցախցիների խնդիրներով զբաղվող Լիանա Պետրոսյանը։ Նրա հայրենակիցները հաճախ են իրեն դիմում՝ տարբեր իրավական հարցերի պարզաբանման համար։ 

2024 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը, որով ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3-5 մլն դրամի հավաստագրեր են հատկացվում` բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման, տան կառուցման կամ գործող հիփոթեքային վարկի մարման համար։ Այսօրվա դրությամբ տրամադրված հավաստագրերի թիվն ընդամենը 30-ն է։ Այս մասին հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակը։ Փաստորեն, առնվազն 110 հազար անձից՝ բնակարան ձեռք բերելու ծրագրից օգտվել եւ հավաստագիր է ստացել ընդամենը 30 ընտանիք, ինչը նշանակում է, որ պետական ծրագիրը չի աշխատում։ 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը «խայտառակություն» է անվանում այն, որ մեկ տարում ընդամենը 30 ընտանիքի են կարողացել բնակարան ձեռք բերելու հնարավորությամբ ապահովել, եւ տասնյակ հազարավոր ընտանիքներ, փաստորեն, երկրորդ ձմեռն են դիմավորելու ոչ սեփական կացարաններում՝ վարձով, այստեղից այնտեղ տեղափոխվելով։ 

Բայց աջակցության տարբեր ձեւեր կային՝ հիփոթեքի, տան կառուցման եւ այլն, արդյո՞ք այդ բոլոր տարբերակներն անարդյունավետ են։ «Եկեք հակառակը նայենք՝ մի հոգի, երկու հոգի, տասը հոգի, քսան հոգի կարող են, ժողովրդի լեզվով ասած՝ ինադ անեն, բայց եթե հարյուր հազարից ավելի մարդ չի գնում կառավարության այս «հրաշք ծրագրին» ընդառաջ, ուրեմն դժվար այդ 100 հազարն անխելք լինեն։ Այսինքն, կառավարությունն ասում է՝ եկեք, ձեզ փող տամ՝ տուն ունենաք, էդ 100 հազար մարդիկ էլ չե՞ն ուզում։ Մարդիկ ամեն ինչ կորցրել են, եկել-հայտնվել են Հայաստանի տարածքում, ու առաջին խնդիրը, որ ուզում են լուծել, տան հարցն է, ու 100 հազարն էլ ինա՞դ են ընկել։ Այդպես չի կարող լինել, հետեւապես, կառավարության ծրագիրը չի աշխատում»։ 

Գուցե նրանք շա՞տ բան են պահանջում, նրանց հետ երբ խոսում ես, տեսնում ես, որ հիմնականում բոլորն իրենց կորցրածի փոխհատուցումն են ուզում, որի համեմատ, իհարկե, կառավարության տված աջակցությունը քիչ կթվա։ 

«Միջին ընտանիքի հաշվարկով ստացվում է մոտ 10-12 մլն դրամ, եւ այս գումարով նրանք չեն կարողանա այնպիսի տուն գնել, որ կարողանան ապրել։ Մոտ 30 հազար դոլարով ի՞նչ առնեն մարդիկ։ Ես բազմիցս ասել եմ՝ եթե կան նման տներ, թող կառավարության անդամները մի հատ նման տուն գնեն ու գնան այդպիսի տներում ապրեն։ Այո, հնարավոր է, ինչ-որ գյուղերում կիսաքանդ տներ կան, որ այդ գնով հնարավոր է առնել, բայց ես վստահ եմ, որ արցախցիների զգալի մասն ունեցել է պատշաճ կացարան, ու այդ կացարանների կորստի միակ պատասխանատուն Փաշինյանն ու իր թիմն են, ու նրանք պետք է փոխհատուցեն գոնե այդ մարդկանց կացարանը։ Այդ մարդիկ հայրենիք, ընտանիք, կենսագործունեություն, ապագա են կորցրել։ Սա Ալավերդու ջրհեղեղը չէ, որ մարդուն փող տաս, ասես՝ գնա մի քիչ էն կողմ տուն կառուցի։ Այս մարդիկ այնքան բան են կորցրել, որ կառավարության անդամները պետք է գետինը մտնեին, օր առաջ գոնե կացարանի հարցը լուծեին»,- ասում է Մեսրոպ Առաքելյանը։