Սողացող պատերազմը երկու գլուխ ունի

Սողացող պատերազմը երկու գլուխ ունի

Որ Նիկոլի գալուց հետո սողացող պատերազմ է ընթանում, սա փաստ է։ Մանրից թշնամին առաջանում է մեր տարածք։ Եթե օրինակ Գորիս քաղաքում շարքային քաղաքացուն  հարցնես՝ ո՞նց է այդտեղ վիճակը, կպատասխանի՝ բան չկա։ Եթե Խանածախ, Խոզնավար, Վերիշեն,  Շուռնուխի, Որոտանի, Տեղ գյուղի բնակչին հարցնես՝ «զույգ աչքով կլացի»։ Կասի, որ ադրբեջանական պոստեր, դրոշներ են  են դրվել հենց իր տան կամ մի հարյուր մետր հեռավորության վրա, որ անգամ ցերեկը վախենում են դուռը բաց թողնել․․․ Եթե հարցնես նշված գյուղերի գյուղապետերին, թե ոնց է այդտեղ վիճակը, կասեն՝ բան չկա, «Երբ խոսես թշնամու առաջխաղացման մասին,  կասեն՝ մի քիչ առաջ են եկել, բայց մեզ չեն խանգարում, հանգիստ վեր ընկած են տեղները։ Իշխանասարի գյուղապետին, երբ հարցրել եմ գյուղի վիճակի մասին՝ թշնամու կողմից դիրքերը գրավելուց հետո, ասել է՝ ախպորս արև բան չկա։ Սա ի՞նչ է նշանակում։ Խոսում է այն մասին, թե իշխանությունն  ինչ «հմտությամբ է վարում» սողացող պատերազմը՝ խաղաղության օրակարգի մոմի տակ։ Երբ տարածքների հանձնումը կատարվում է մանր քայլերով, ինչքան հնարավոր է հանրությունից  գաղտնի։ Թշնամին պոստեր է դնում մեր սուվերեն տարածքում, իշխանությունն էլ թշնամուն զուգընթաց պոստեր է դնում գրավյալ տարածքներում՝ գյուղապետերի, համայնքապետերի տեսքով։ Ու եթե դուք զարմանում եք, թե Նիկոլն ինչու է Սիսիանում կամ մի այլ վայրում ընտրության ժամանակ «դոշ տալիս» իր թեկնածուն անցկացնելու համար կամ ինչու է գյուղերը միավորում ու մեծ համայնք ստեղծում, պիտի հասկանաք, որ դա անում է ա՜յ դրա համար։ Որ թեկնածուն «իր մարդը լինի», կարողանա հասարակ ժողովրդից, գյուղացիներից թաքցնի, թե ինչ է կատարվում իր գյուղի սահմանների հետ։ Սա է Նիկոլի խաղաղության օրակարգի, ասել է թե սողացող պատերազմին օգնելու   մեխանիզմը։ Մինչև այն պահը, երբ թշնամին արդեն տանդ նստած կլինի և ուշ կլինի որևէ բան անելը։

Բավական է նշել միայն մի ուղղությամբ թշնամու առաջխաղացումը։ Հայաստանն Իրանի հետ կապող Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը 2020թ մայիսին  մաքսակետեր տեղադրեց։ Գորիսից Որոտան տանող ճանապարհին ադրբեջանցիները տեղադրեցին ցուցանակ` «Добро пожаловать в Азербайджан»։ 2021-ին ադրբեջանական զորքը հասավ Սև Լիճ` գերեվարելով հայ զինվորների: Նույն ժամանակահատվածում ադրբեջանցիները զգալիորեն առաջ եկան Գեղարքունիքի հատվածում: 2022թ. նոյեմբերի 16 ադրբեջանցիները առաջ եկան Սիսիանի ուղղությամբ: Սյունիքի Իշխանասարի հատվածում իրավիճակը ծայրահեղ ծանր էր. ադրբեջանցիների գործողությունների հետևանքով 4 զինծառայող վիրավոր էր, իսկ 12-ը գերեվարված: Ադրբեջանցիները հայերից պահանջում էին լքել Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը։ Հարմար դիքավորվեցին Իշխանասարում։

Հիմա նույնը կատարվում է Գորիսի Տեղ գյուղի հատվածում։ Չեմ կարող թվարկել գյուղերի շարքը, որտեղ ադրբեջանական հենակետեր են դրվել։ Ոչ մի դիմադրություն, ամեն ինչ կատարվում է փակ շղթայի մեջ։  Ինչքան հնարավոր է հանրությանը՝ հատկապես Երևանի, զբաղեցնում են կեղծ օրակարգերով։ Դրան զուգընթաց փլուզվում են պետական կառույցները, վարկաբեկվում են բանակը, հրամանատարները, հերոսները․․․ Այն ամենը ինչ կատարվում է այսօր Հայաստանում, պետք է դիտարկել մի փաթեթի մեջ։ Ներսում օգնում են՝ ինչքան հնարավոր է անցնցում հանձնել Հայաստանը։ Սողացող պատերազմ է ընթանում, բայց իշխանության գիտուությամբ։ Սողացող պատերազմը երկու գլուխ ունի։ Ներսից բացում են դռները, դրսից անարգել մտնում են։