Ներդրողներին չեն ստիպում ներդրումներ անել որևէ երկրում. Արսեն Ղազարյան (Տեսանյութ)

Ներդրողներին չեն ստիպում ներդրումներ անել որևէ երկրում. Արսեն Ղազարյան (Տեսանյութ)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխությունը բաղկացած է մի քանի բաղադրիչից, սակայն հիմնականը ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրի աշխարհայացքի փոփոխությունն է, թիրախավորումը, այն, որ անհատն է լինելու բարեփոխումների շարժիչ ուժը:

«Եթե աշխարհայացքի առումով անհատը նոր ազատությունների, հավասար մրցակցության պայմաններում չփոխվեց, ապա մենք հեղափոխության տեմպերի դանդաղում կունենանք»,- այսօր «Ի՞նչ անել - 2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանը:

Որպեսզի քաղաքացին զգա տնտեսական հեղափոխության արդյունքներն իր կենսամակարդակի վրա, ապա, ըստ Ղազարյանի,  անհրաժեշտ է տնտեսական հեղափոխության տեմպերի արագացում:

«Այս ամենի համար մենք ունենք լավ ցուցանիշներ, որքան էլ այդ ցուցանիշների շուրջ բանավիճեն: Մենք ունենք հավասար մրցակցային դաշտ, մանր և միջին բիզնեսի աշխուժացում, ազատ մրցակցելու բավականին լայն հնարավորություններ, սակայն մեր ձեռք բերած այն ցուցանիշները՝ ՀՆԱ-ի, արտահանման աճը, աշխատատեղերի քանակը բավարար մակարդակի չեն, որպեսզի քաղաքացին չգա, որ ինքը տնտեսական հեղափոխության և՛ մասնակիցն է, և՛  նրա ազդեցության կրողը: Իսկ տնտեսական հեղափոխությունը, ի տարբերություն քաղաքականի, որը շատ կարճ ու արագ է լինում, շարունակական գործընթաց է: Այս պատճառով էլ դրա գործարկումն ու ընկալումը գերխնդիր է, որն էլ այսօր պատրաստվում ենք քննարկել ու հանրությանը տալ այն ուղերձները, որով մարդը պետք է ոգևորվի և իր ապագային տեր կանգնի»,- շեշտեց Արսեն Ղազարյանը:

Նա նաև հավելեց, թե վերջապես հասկացել են, որ զարգացող տնտեսության, հարուստ հասարակության հիմքը խոշորի կողքին առաջին հերթին մանր և միջին խավն է:

Նրա դիտարկմամբ, այսօր տնտեսության ոլորտում կան ձեռքբերումներ, որոնց պահպանումն առաջին հերթին տնտեսական ցուցանիշի ավելացման գրավականը կարող է լինել:

«Ավելի քան վստահ եմ, որ մեկ-երկու տարվա ընթացքում մենք կունենանք ներքին ու արտաքին խոշոր աճ, որը կբերի աշխատատեղերի աճի, և մեր ՀՆԱ-ի աճը կլինի ոչ թե 4-5 տոկոս, այլ վերջապես կհասնենք երկնիշ թվերի: Այս դեպքում յուրաքանչյուրս դա կզգանք մեր կենսամակարդակի վրա: Սա պահանջում է դժվար և երկարատև աշխատանք, և ամեն ինչ կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից: Եթե հասարակությունը շարունակի հավատալ ինքն իրեն և եղած ձեռբերումներին ու ստիպի բոլորիս՝ պետությանը, գործարարությանը, հետ չկանգնել այս յուրահատուկ ձեռքբերումներից»։

«Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչու պետք է միջազգային ներդրողները Հայաստանում ներդրումներ անեն՝ հաշվի առնելով «Սպայկայի», «Լիդիանի» և «Սանիթեքի» շուրջ ստեղծված աղմուկը, Ղազարյանը պատասխանեց․

«Ներդրողներին չեն ստիպում ներդրումներ անել որևէ երկրում, դրա համար միայն պայմաններ են ստեղծում:

««Սպայկայի» խնդիրը լուծված է, վերդասավորումներով աշխատում են, արտահանումը մեծացնում են, հարցը չպետք է ուռճացնել»։

Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը, ապա Արսեն Ղազարյանի խոսքով՝ իրենց միությունը ևս կոչ է արել խստիվ պահպանել էկոլոգիական նորմերը և Ամուլսարը գործարկել, քանի որ այն յուրահատուկ ներդրումային ծրագիր է Հայաստանի համար և կարևոր ճյուղ:

«Այն դրսից լուրջ կապիտալ է Հայաստանի համար, որը պետք է աշխատի: Տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, որի պարագայում մենք պարբերաբար ունենալու ենք միջին կամ խոշոր ներդրումների հետ կապված վարչարարական խնդիրներ, անբարեխիղճ աշխատանքներ, երբ ներդրողները կարող են իրենց պայմանագրերը խզել: Այդ պատճառով էլ ներդրումների համար առաջին հերթին պետք է ապահովեն պայմաններ: Մենք այսօր դրա քաղաքական կամքն ունենք: Դրսի կապիտալն ուշադիր հետևում է, թե հեղափոխություն արած ազգը հետևողական կլինի՞ ամեն ինչին: Մեզ ժամանակ է անհրաժեշտ այս ամենի համար: Մեր փոքր շուկան այսօր մեծ հնարարավորություններ է տալիս ամեն ինչ անել Հայաստանում ու Հայաստանի միջոցով»,- նշեց Արսեն Ղազարյանը:

Հարցրինք, թե ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ կառավարությանը ներդրումներ բերելու համար, չէ՞ որ նրանք ընդամենը 5 տարով են ընտրվել։

Նա նաև ընդգծեց, որ մոտավորապես երեք տարի անց Հայաստանը կտեսնի խոշոր ներդրումային ծրագրերի ներկայությունը: