Բորենիների ժամանակը

Բորենիների ժամանակը

Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը` կեղծ օրակարգեր ձեւակերպելով, սխալ մեսիջներ ու կլիշեներ ներշնչելով, նույնքան հեշտ է սադրել ու կառավարել մեր քաղաքական ուժերին, անգամ` ընդդիմության թվացյալ քաջ ներկայացուցիչներին:

Ասենք, շրջանառության մեջ ես դնում «ընդդիմության պայքարն աթոռակռիվ է» արտահայտությունը, եւ ողջ ընդդիմությունը սկսում է առավոտից երեկո, ամիսներ շարունակ արդարանալ, որ իրենք աթոռի եւ իշխանության չեն ձգտում, իրենց համար կարեւորը երկիրն է, հայրենիքի փրկությունը: Եվ մեծ ու փոքրով՝ անգիր արած տեքստեր են արտաբերում: Բավական է հայտարարել, որ այս ընդդիմությունը կառավարվում է Մոսկվայից, որ բոլորը ռուսամետ են` Պուտինի ենթակաները, եւ ամբողջ ընդդիմությունը սկսում է արդարանալ ու բացատրել, որ իրենք հայամետ են, կոմպլեմենտար եւ այլն:

Եվ ի՜նչ վիրտուոզ են աշխատում սոցցանցերի, ֆեյքերի եւ իրենց անհասցե ու անխմբագիր կայքերի միջոցով: Ընդդիմադիր լիդերներից մեկի հասցեին մի պասկվիլ են տեղադրում, հայհոյանքներ ու լուտանքներ գրում, մյուսները` տարածում, եւ այդ լիդերն ամիսներով դեպրեսիայի մեջ է ընկնում, դադարեցնում հրապարակային գործունեությունը, կոմպլեքսավորվում ու սկսում անիծել այն օրը, երբ ինքը ոտք դրեց քաղաքական դաշտ:

Կարող ենք, իհարկե, ասել, որ այս ընդդիմադիրները կոփված չեն, համարձակ չեն, նրանց հեշտ է խոցելն ու խաղից հանելը, եւ նման գործիչների ներկայությունը քաղաքական դաշտում պահանջված չէ` թող հեռանան, նրանց փոխարեն գան ավելի թրծված եւ դժվարություններից չընկրկող տեսակները: Բայց ինչո՞ւ պետք է քաղաքական դաշտը ջունգլիների օրենքներով առաջնորդվի: Եվ ինչո՞ւ պետք է կենսունակ լինեն բորենիներն ու լուսանները: Իսկ բարությունը, ազնվությունը, անկեղծությունը պահանջված չլինեն: