«Հրապարակ»․ Քոչարյանի նախկին դատախազներն ազատվել են, նորերը ժամանակ են խնդրել

«Հրապարակ»․ Քոչարյանի նախկին դատախազներն ազատվել են, նորերը ժամանակ են խնդրել

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի մեղադրանքի գործով վաղեմության ժամկետը լրացել է, սակայն քրեական գործը կարճելու վերաբերյալ դեռեւս ծանուցում չկա։ Ռ. Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, իր մեկնաբանությամբ, վաղեմության ժամկետը լրացել է դեռեւս փետրվար ամսին, իսկ ամենավատ մեկնաբանությամբ՝ մայիս ամսին։

Հիշեցնենք, որ նրան երկու մեղադրանք էր առաջադրվել` մեկը 2008 թվականի մարտի 1-ի գործով, որը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց: Իսկ երկրորդ գործի հիմքում Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներն են, եւ մեղադրանքը վերաբերում է նրան, որ Քոչարյանը, լինելով ՀՀ նախագահ, 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք է ստացել գործարարից, որպեսզի նպաստի Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի շահագործման եւ վաճառքի գործարքին չխոչընդոտի։

Այս մեղադրանքով անցնում է նաեւ գործարար Սամվել Մայրապետյանը, ով, ըստ մեղադրանքի, եղել է միջնորդ անձը: Բայց նա առողջական խնդիրների պատճառով տեւական ժամանակ է՝ հեռացել է Հայաստանից, ապրում է Գերմանիայում: Այսինքն՝ այս գործով մեղադրյալի աթոռին այսօր միայն Ռոբերտ Քոչարյանն է, ով մեղադրանքը չի ընդունում։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանին հարցրինք, թե իրավական ինչ գործընթացներ են հաջորդել վաղեմության ժամկետի լրանալուն, առաջարկ ստացե՞լ են՝ քրեական գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճելու վերաբերյալ։

«Գիտեք, որ գործով դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Գեւորգ Բաղդասարյանը դիմում գրեցին եւ աշխատանքից դուրս եկան, իրենց փոխարեն նոր դատախազներ են նշանակվել, չգիտեմ, թե ովքեր են, նիստին չէին ներկայացել, ժամանակ էին խնդրել՝ նյութերին ծանոթանալու համար»,- ասաց Խուդոյանը՝ նշելով, որ երբ վաղեմության ժամկետի լրանալու փաստը դատարանին հայտնի է դառնում, ապա պետք է այդ մասին ծանուցի մեղադրյալին, պետք է առաջարկի՝ այդ իրավունքից օգտվել կամ հայտարարել, որ չի ուզում օգտվել։

«Ենթադրվում էր, որ նախորդ նիստին դատարանը դա պետք է աներ, սակայն քանի որ դատախազները չկային, նիստը չկայացավ»,- ասաց Խուդոյանը։ Փաստաբանից հետաքրքրվեցինք նաեւ` գուցե Ռ. Քոչարյանը բացակայո՞ւմ է երկրից, եւ ծանուցում չուղարկելու պատճառը դա է։ Նա մեր հարցին ի պատասխան փոխանցեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է Հայաստանում։