Միկա Բադալյանին կալանավորելը աբսուրդային է․ փաստաբան

Միկա Բադալյանին կալանավորելը աբսուրդային է․ փաստաբան

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, այնուհետեւ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ մասնակի բավարարվել է բողոքը․ մեկ ամիս ժամկետով նրա նկատմամբ կիրառել է կալանավորումը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց բլոգեր Միկա Բադալյանի պաշտպաններից Ժիրայր Ղարագյոզյանը։

Նա նշեց, որ Վերաքննիչի այդ որոշումից հետո միջնորդություն  են ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Միկա Բադալյանի նկատմամբ այլ խափանման միջոցի թույլատրելի ճանաչելու մասին, որը դատարանը քննելով՝ մերժել է։ Որպես այլընտրանքային խափանման միջոց իրենք միջնորդել էին նաեւ կիրառել գրավը՝ 10 միլիոն դրամի չափով։  Որոշումը ստանալուց հետո իրենք այն բողոքարկելու են վերադաս ատյան։

«Այն մեղադրանքը, որն առաջադրված է Միքայել Բադալյանին, որպես պատիժ սահմանում է տուգանք, ազատազրկում  մինչեւ 3 տարի ժամկետով, այսինքն՝ դա միջին ծանրության հանցանք է ու այդ դեպքում կիրառել բացառիկ խափանման միջոցը եւ թույլատրելի չճանաչել նրա նկատմամբ գրավի կիրառումը, աբսուրդային է»,-ավելացրեց փաստաբանը։

Ըստ փաստաբանի Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական բնույթ ունի, ինչի մասին իրենք նախկինում եւս բարձրաձայնել են։

Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։