Պայմանավորվել է եւ ոչ մի պարագայում իրեն պարտված չի զգում

Պայմանավորվել է եւ ոչ մի պարագայում իրեն պարտված չի զգում

Պատերազմի ու պարտության թեմայով Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ իրապես թեւավոր խոսքեր են դարձել։ Թեւավոր խոսքեր, որոնք ոչ թե զղջումի եւ ներում խոսքեր են, սեփական սխալների գիտակցություն, այլ կրուտիտներ ու մանիպուլյացիաներ։
«Ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ»։ 
«Ինչ էլ լինի, եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք զգալու»։ 
«Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը, մենք այսօր հայացք փախցնելու ոչ մի պատճառ չունենք»:

Այս արտահայտություններին կարելի էր վերաբերվել որպես անհավասարակշիռ ու շփոթահար մարդու տվայտանքներ, որն ամեն կերպ ուզում է պահել քաղաքացու համակրանքն ու վստահությունը եւ ըստ այդմ` աթոռը: Բայց այս արտահայտությունները նաեւ մեսիջային են եւ բավականին նյութ են տալիս Փաշինյանին եւ նրա գործողություններն ընկալելու առումով:

Ասենք, օրինակ, «ինչ էլ լինի, եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք զգալու» արտահայտությունն այն բանաձեւն է, որով պետք է ընկալել Նիկոլ Փաշինյանի շատ գործողություններ: Այնտեղ, որտեղ նա ձախողվում է, պարտվում է, վնասներ է պատճառում տարբեր կառույցների եւ հասարակությանն առհասարակ, փորձում է այդ ձախողումը որպես հաղթանակ ներկայացնել:

Տվեցինք Շուշին, ասում է` մեկ է ադբեջանցիները Շուշի էին վերադառնալու եւ այն մերը չէր լինելու` եկեք մեզ պարտված չզգանք: Չենք կարողանում ադրբեջանցիներին մեր հողից հանել եւ նրանց ծրագրերի դեմն առնել` եկեք նրանց ուզածը տանք եւ մենք մեզ պարտված չզգանք: Եւ որպեսզի պարտված չզգանք փորձում է ներշնչել, որ այդ ճանապարհների ապաշրջափակումը մեզ է պետք` մենք դրանից ահռելի շահելու ենք եւ այլն:

Արցախի բանակցային գործընթացը տապալեց եւ անգամ Լավրովյան պլանը մեզ համար երազանք դարձրեց, հայտարարում է, որ միեւնույնն է` Արցախին անկախության կարգավիճակ չէին տալու, բանակցային գործընթացը վաղուց էր տապալված, իսկ կարգավիճակը որոշող հանրաքվեն կարող էր լինել 100 տարի հետո` երբ Արցախում ադրբեջանցիները մեծամասնություն կկազմեին եւ այն մեր օգտին չէր լինի: Այնպես որ մենք չենք պարտվել` պարտությունն անխուսափելի էր, եկեք խաղաղության դարաշրջան բացենք եւ ադրբեջանցիների ու թուրքերի հետ խաղաղ ապրենք` մեզ պարտված չզգալով: 

Մեծ հաշվով նա փորձում է պատերազմում խայտառակ պարտությունը փոխարինել խաղաղություն հաստատելու «հաղթանակով»` չէ որ նախկին իշխանությունները չեն կարողացել կնքել այդ համաձայնությունը եւ երկարամյա խաղաղություն հաստատել, հիմա իրեն կհաջողվի եւ ինքը կդառնա խաղաղության մունետիկը տարածաշրջանում: Նա թերեւս հույս ունի, որ պատերազմը եւ դրա հետեւանքները կկարողանա մոռացնել տալ եւ տնտեսական շահը մարդկանց կստիպի ներել իրեն ու գոհանալ նվաստացուցիչ խաղաղությամբ: Թեեւ խիստ կասկածելի է, որ հնարավոր լինի մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատել եւ տնտեսական շահ ունենալ այս ամենից: