Տոնը սիրում եմ, գիրք նվիրել՝ ոչ

Տոնը սիրում եմ, գիրք նվիրել՝ ոչ

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրվա ընտրությունը պայմանավորված է հայ մեծանուն պոետ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: Հենց այս առիթով զրուցել ենք հայ ժամանակակից արձակագիր Հովիկ Աֆյանի հետ:

-Հովիկ, սիրո՞ւմ ես գիրք նվիրելու տոնը: 

-Տոնը սիրում եմ, գիրք նվիրել՝ ոչ: Այսինքն սիրում եմ, երբ գրախանութներում հերթեր են լինում, որ գրքի մասին շատ են խոսում, գոնե մեկ օր ամենաշատը գրքի մասին են խոսում, բայց լավ գիրք նվիրել՝ չեմ սիրում, որովհետև լավ գիրքը հենց քո՛ փնտրածն է ու գտածն է: Ուրիշ ոչ մեկի: Միայն դու ու գիրքը:

-Ի՞նչ ես կարծում, գրքի հանդեպ հետաքրքրությունը մեզանում մեծանո՞ւմ է, թե՞ հակառակը: 

-Անկեղծ ասած՝ չգիտեմ գրքի շապիկի՞, թե՞ գրքի բովանդակության հանդեպ հետաքրքրությունը, բայց գիտեմ, որ մեծանում է: Գիտեմ նաև, որ եթե շատերին հետաքրքրում է միայն շապիկը, ապա շատ մտահոգվել պետք չէ, որովհետև մի օր այդ շատերը բացելու են գիրքը, նրանցից շատերը կարդալու են, նրանցից շատերն էլ էլի են վազելու գրախանութ ու նոր գիրք են ընտրելու՝ արդեն առանց կարևորելու շապիկը:

-Իսկ գրքեր չե՞ս նվիրելու այսօր: 

-Չեմ նվիրել, բայց խոստացել եմ: Ինձնից իմ գրքերն են ուզում: Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ: Այդպես է: 

-Իսկ ի՞նչ գրքեր ես նվեր ստացել: 

-Խնդրել էի, որ եթե ուզում եք ինձ գիրք նվիրել, ապա նվիրեք Դովլաթովի նոր լույս տեսած հայերեն շարքի գրքերը: Արդեն երկուսը նվիրել են՝ «Մերոնք» և «Մասնաճյուղ»: Սիրում եմ Դովլաթովին, չնայած գիտեմ, որ առանձնապես սիրելու բան չի եղել...կյանքում:

-Ընթերցողին ի՞նչ գրքեր խորհուրդ կտաս ընթերցել:

-Ավելի լավ կլինի ասեմ, թե ինչ գրքեր խորհուրդ չեմ տա: Իսկ խորհուրդ չեմ տա բազմաթիվ գրքեր, որոնք ընդհանուր ունեն մի մեծ, խայտառակ վերնագիր՝ «մոտիվացիոն գրականություն»: Չնայած, եթե դուք գործարար որևէ ջիղ չունեցող մեկն եք ու վստահ եք, որ պետք է հարստանալու մասին մոտիվացիոն գիրք կարդաք ու հաջորդ օրը հարստանաք, ապա հրաշալի է, որ հավատում եք հրաշքներին: Ի դեպ, հենց հրաշալի գրքեր էլ խորհուրդ եմ տալիս կարդալ, բայց դրանք մի խնդիր ունեն. մինչև կարդալը, չես հասկանում՝ հրաշալի՞ են արդյոք: Վերջում նոր հասկանում ես: