Երկու իջևանցուն համալսարանից հեռացրել են նախկինները

Երկու իջևանցուն համալսարանից հեռացրել են նախկինները

«Հրապարակ» օրաթերթը հրապարակել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին  Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մագիստրատուրայից հեռացնելու  գրությունը։ Խայտառակություն է,  երբ մեր օրենքները մշակում է  ԲՈՒՀ-ից վռնդված ուսանողը։ Բայց տանելի կարող է լինել խայտառակությունը, եթե դա եզակի երևույթ լինի։ Անընդհատ այս կամ այն պաշտոնյայի կամ պատգամավորի կրթություն ունենալու հարցն է բարձրաձայնվում, այն դեպքում, երբ ոչ միայն կրթության հարցը պիտի բարձրաձայնվի, այլ կառավարման ոլորտում աշխատած լինելու գոնե նվազագույն փորձը։  Թե չէ հիմա ոչ մեկին չես զարմացնի դիպլոմով, առավել ևս, երբ կոոպերատիվ բուհերը մեծ քանակի դիպլոմավորներ են թողարկել ։ Շատ կոոպերատիվներ վաղուց արդեն փակվել են, բայց նրանց սաները երկիր են ղեկավարում։ Հիմա կասեք օդում կրակում ես, մի օրինակ բեր։ Մեր ԱԻ նախարարը ձեզ օրինակ։

10 տարի է, ինչ նրան ավարտած կոոպերատիվը փակվել է, բայց նա ամենապատասխանատու ոլորտում է աշխատում։ Այն դեպքում, երբ ինքը այդ ոլորտից ոչ գաղափար ունի, ոչ էլ երևի երազում տեսած կա։ Չգիտես ինչու նոր իշխանության կադրերը հինականում կոոպերատիվ համալսարանի իրավագետներ են։ Առողջապահության նախարարն էլ այդ իրավագետներից մեկն է։ 

Նորություն չէ, որ այս իշխանության առաջին պարտությունը եղել է կադրային ոլորտում, երբ անփորձ, անգիտակ մարդկանց կամ, ինչպես կատակում է ժողովուրդը՝ «մանկապարտեզին» լցրել են կառավարման ու օրենսդիր ոլորտ։ Վահագն Ալեքսանյանի մասին մի քանի ամիս առաջ բարձրաձայնել էի, որ նրա կենսագրության մեջ էլի չճշտված մաս կա։

Վիքիպեդիայում գրված է․

«2014-2016 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սերժանտ է։ 2019 թվականին ավարտել է Երևանի Պետեկան Համալսարանի արևելագիտության ֆակուլտետն ու ստացել արաբագետի որակավորումը»։

Հարցրել էի՝ ինչպես է երեք տարում համալսարանն ավարտել։ Այսինքն՝ հիմա թուղթն էլ է իրենց ձեռքը, փաստաթուղթն էլ՝ ինչ ուզում, գրում են։ Դեռևս   30.04.2018 թ․ մամուլում հրապարակվեց, որ ԱԺ պաշտոնական կայքում թարմացվել է պատգամավոր, ընդդիմության առաջնորդ և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի էջը։ Պաշտոնապես հաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանը դիպլոմ չի ստացել, քանի որ շատ բացականեր է ունեցել։

Այնուամենայնիվ, Փաշինյանին հեռացնելու իրական պատճառը նրա քննադատական հոդվածներն են եղել, որոնք դուր չեն եղել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանին։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը, որը ուսման ընթացքում գերազանց գնահատականներ է ստացել, բացակաների պատրվակով հեռացվել է համալսարանից ավարտական քննություններից մի քանի օր առաջ։

Դեռ ապրիլի 29-ին Հայաստանի խորհրդարանի կայքում Փաշինյանի էջում ոչինչ գրված չէր հեռացման պատճառների մասին։

Ահա տեսեք՝ ոնց կարող են փոխել և ինչեր կարող են ավելացնել կամ թարմացնել։ Այնպես որ ասածս հաստատելու բան չմնաց։ Եթե Վահագն Ալեքսանյանն էլ վարչապետ դառնա, ԱԺ կայքում կթարմացնի,  որ իրեն համալսարանից հեռացրել են նախկինները, որոնց դեմ ծնված օրվանից պայքարում էր։ Այնպես որ երկու իջևանցիներով «համալսարանից հեռացվել են» քաղաքական դրդապատճառներով, հեռացրել են նախկինները։  Թուղթն էլ է իրենց ձեռքը, գրիչն էլ։ Մի օր նման գրության էլ կհանդիպենք։ Մի ողջ ազգի բանակցային փաստաթղթի  շուրջ «ֆռցնողի համար» ինչ մի դժվար բան է՝ դա էլ համոզի։