Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է, նա վաղը կմասնակցի դատական նիստին

Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է, նա վաղը կմասնակցի դատական նիստին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս Գերմանիայից վերադարձել է Հայաստան և այսօր մասնակցելու է իրեն առաջադրված մեղադրանքի դատական քննությանը։ Հիշեցնենք, որ Քոչարյանի դեմ 2 մեղադրանք կար առաջադրված, որոնցից մեկը՝ Մարտի 1-ին առնչվող մեղադրանքն էր (սահմանադրական կարգի բռնի տապալում): Այն Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվեց, մյուս մեղադրանքը կապված է գործարար Սիլվա Համբաձումյանին ենթադրյալ կաշառք տալու դեպքի հետ, ըստ մեղադրանքի՝ Քոչարյանը ««Թի Էս Էս Սի Արմենիա»ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք»: Քոչարյանն այս մեղադրանքը չի ընդունում։

Մեզ հետ զրույցում Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ վաղը՝ ապրիլի 18-ին գործով հերթական դատական նիստ է տեղի ունենալու, Քոչարյանն էլ մասնակցելու է նիստին։ Պաշտպանը փոխանցեց նաև, որ գործի դատական քննությունը գրավոր ապացույցների հետազոտման փուլում է գտնվում։