Երկուսն էլ մի բոյի

Երկուսն էլ մի բոյի

Իգական սեռի ներկայացուցիչների գեղեցկության չափանիշների առաջին շարքում է հասակը՝ բոյը: Չգիտեմ՝ լավ է դա, թե վատ, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Քաղաքական գործիչների ճանաչելիության հարցում առաջնային գործոններից է հռետորական ունակությունը: Այս հարցում լավի ու վատի միջեւ տարբերությունը հսկայական է՝ հայրենասեր ու խելացի գործիչն իր հետեւից զանգվածներ կտանի դեպի երկրի շենացում ու հզորացում: Իսկ ոչ հայրենասեր կամ խելապակաս գործիչը երկիրը կհասցնի անդունդի հատակը: 30 տարի առաջ անկախություն ձեռք բերած մեր ժողովրդի բախտը չբերեց. մենք ունեցանք երկու հրաշալի հռետորներ, սակայն այսօր գտնվում ենք պետականությունը կորցնելու սպառնալիքի առջեւ:

Առաջին հռետորը ՀՀ առաջին նախագահ (1991-1998) Լեւոն Տեր-Պետրոսյանն է, այն անձը, որն իր հռետորական ձիրքի շնորհիվ Ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում՝ 1990 թ.-ին, կարգվեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ՝ առաջ անցնելով կոմկուսի թեկնածուից։ Իսկ մեկ տարի անց քվեների 83,4 տոկոսով ընտրվեց ՀՀ նախագահ: Երկրորդը, իհարկե, Փաշինյան Նիկոլն է, որը երեք տարի առաջ մարտի 31-ին Գյումրիից ոտքով ճանապարհվեց Երեւան: Երեւանում էլ մարդկային զանգվածներ հավաքելով իր շուրջը՝ ինքնահռչակվեց վարչապետ, իսկ հետո փողոցի ուժով ստիպեց խորհրդարանին հաստատել այն: Երկու եւ կես տարի անց պարտության մատնեց սեփական երկիրն ու շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ միաժամանակ պահպանելով իր կողմից զոմբիացված կենսազանգվածի աջակցությունը:

Առաջին հռետորը, իր կողմնակիցների կողմից հորջորջվելով պետության հիմնադիր նախագահ, ոչինչ չարեց այդ պետության ռազմաքաղաքական ամրապնդման առումով: Ավելի ճիշտ՝ արեց այն, ինչ չպետք է արվեր՝ Ղարաբաղյան շարժմամբ, իսկ այնուհետեւ հաղթական պատերազմով ձեւավորված պետության հիմքում դրեց դանդաղ գործողության ականը: Դա հաղթանակի արդյունքների նկատմամբ կասկածն ու անվստահությունն էր երկրի ներսում եւ այդ արդյունքների ոչ ընդունելի լինելն արտաքին աշխարհում: Իսկ եթե վերհիշենք, թե ինչպիսին էր իրադրությունն աշխարհում՝ ասվածն ավելի պարզ կլինի: 

ԽՍՀՄ-ի պես պետությունը քայքայվում էր, նրանից առանձնանում էին ու անկախ պետություններ հռչակվում ոչ միայն անդրկովկասյան կամ մերձբալթյան հանրապետությունները, այլեւ պետության առանցքը կազմող սլավոնական մասը եւ հատկապես Ռուսաստանը: Ինչը նշանակում էր երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաստատված աշխարհակարգի վերացում: Ռուսաստանի կառավարման ելցինյան դարաշրջանով եւ Արցախյան առաջին պատերազմի հաղթական ավարտով մենք հնարավորություն էինք ձեռք բերում իրականացնել միացումը: Հենց այն, հանուն ինչի սկսվեց Ղարաբաղյան շարժումը:

Իհարկե, բազմաթիվ խելացի լեւոնականներ կարող են ասել, որ տողերիս հեղինակը ոչինչ չի հասկանում արտաքին քաղաքականությունից ու դիվանագիտությունից, պատկերացում չունի, թե արտաքին ինչ ճնշումների էր ենթարկվում առաջին նախագահը: Պատասխանեմ, բա ինչպե՞ս եք տեսնում երկրի հզորանալը, թե ձեզ թվում է, որ աշխարհի հզորները կանաչ գորգ էին փռելու միացման ճանապարհին: Կրկին վերհիշենք անցյալ դարի 90-ականների սկիզբը: ԽՍՀՄ-ը քայքայվում էր ներսից, Հարավսլավիան քայքայվում էր ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից հարվածներով: Գերմանական պետությունները վերամիավորվում էին, իսկ Չեխոսլովակիան՝ բաժանվում: Դա հենց այն ժամանակաշրջանն էր, երբ առանձին երկրների առումով տեղի էին ունենում դրական կամ բացասական փոփոխություններ՝ կախված իրադրությունից ու երկրի ղեկավարի վարքագծից: Այդ խառնակ ժամանակաշրջանում երկրի ղեկավարի ջանքերը պետք է ուղղված լինեին մեր պետության համար դրական արդյունքներ քաղելուն: Դրան նպաստում էր ելցինյան Ռուսաստանի մեզ բարեկամ լինելը, այդ Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի դրական վերաբերմունքը, Թուրքիայի համեմատաբար թույլ լինելը, պատերազմից առաջ (օրինակ՝ Սումգայիթ) եւ պատերազմի ընթացքում (օրինակ՝ «Կոլցո» գործողությունը) հայության նկատմամբ ադրբեջանցիների կատարած վայրագություններն արեւմտյան երկրների հանրությանը ներկայացնելը եւ այլն: 

Կարծում եմ, որ ՀՀ առաջին նախագահի այլ դիրքորոշման (վերհիշենք՝ «Միացում» կարգախոսով Ղարաբաղյան շարժման շնորհիվ իշխանության եկած Տեր-Պետրոսյանը համաձայն էր ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմում թողնելուն) դեպքում մենք այսօր կապրեինք լրիվ այլ Հայաստանում: Եթե որեւէ մեկը կասկածում է ասվածին, ուսումնասիրե՛ք արեւելքից թշնամի երկրի ղեկավարի վարքագիծը: 2020 թ. աշնանը խախտեց Ղարաբաղյան կարգավորման երեք սկզբունքներից մեկը՝ ռազմական ուժով հարցը չլուծելու սկզբունքը (1): Պատերազմում ներգրավեց թուրքական ԶՈՒ ԳՇ գեներալներին, թուրքական հատուկ ջոկատայիններին, թուրքերի կողմից վարձված ահաբեկչական կազմավորումների զինյալներին (2): Պատերազմի ընթացքում ռմբակոծում էր բնակավայրերը, իսկ ռազմաճակատի կամ մերձակա թիկունքի մասերում օգտագործում միջազգայնորեն արգելված սպառազինություն (3): Ի դեպ, պատերազմից հետո ասուլիսներից մեկում պարծենում էր, որ իրենք արցախյան բնակավայրեր չեն ռմբակոծել ու այդ պատճառով խաղաղ բնակչության շրջանում զոհեր քիչ են եղել (դա ես անձամբ եմ լսել): Եվ ամենակարեւորը՝ հաղթանակից անմիջապես հետո հայտարարեց, որ ղարաբաղյան խնդիրը կարգավորված է, եւ Ղարաբաղի հայերը պետք է ինտեգրվեն ադրբեջանական հասարակության կազմում (4): Իսկ Բաքու այցելած Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին էլ արհամարհական վերաբերմունք ցուցաբերեց (5): Եվ այս ամենը կատարվեց այն ժամանակաշրջանում, երբ նախորդ դարի 90-ականներից հետո աշխարհում հաստատվել է մեկ այլ ստատուս քվո, եւ փոփոխություններ կատարելը չի ողջունվում: Իլհամը մեզ դաս տվեց՝ ցույց տալով, թե ինչպես են պատերազմ մղում հանուն տարածքների («90 տոկոս ադրբեջանաբնակ, դժգույն եւ դժբախտ Շուշիի» կամ անմարդաբնակ տարածքների): Ցույց տվեց նաեւ, թե ինչպես են օգտվում հաղթական պատերազմի արդյունքներից: 

Դե, ինչ մնում է երկրորդ հռետորին, ապա վերջինս ընդամենը մեզ պարզ ու հստակ ցույց տվեց մեր ոչ հեռատես լինելը՝ երբ 2018-ի ապրիլին համարյա ողջ ազգով Սերժ էինք մերժում: Պատերազմում խայտառակ պարտությունից հետո էլ իր մնալով եւ սյունիքյան ու գեղարքունիքյան դեպքերով մատնացույց արեց մեր հասարակության մեջ ձեւավորված հայրենասիրության ցածր մակարդակը: Մնում է, որ գոնե այսքանից հետո դասեր քաղենք ու նիկոլիզմ կոչված երեւույթն ուղարկենք պատմության աղբարկղը՝ դրա հեղինակին ապահովելով մնացած կյանքի ընթացքում մի քանի քառակուսի մետր տարածքում անշտապ խորհելու հնարավորություն: