Բողոքարկելու ենք․ Արմեն Չարչյանն անմեղ է

Բողոքարկելու ենք․ Արմեն Չարչյանն անմեղ է

«Սահմանվեց փորձաշրջան, սա նշանակում է, որ Արմեն Չարչյանն անազատության մեջ չի գտնվելու։ Յուրաքանչյուր արդյունք, որը կհանգեցնի պարոն Չարչյանի՝ քրեակատարողական հիմնարկում չգտնվելուն, մեզ համար լավ է, բայց դատավճռի մասով ունենք անհամաձայնություն։ Հաշվի առնելով հանգամանքը, որ ի սկզբանե ասել ենք, ասում ենք ու ասելու ենք, որ Արմեն Չարչյանն անմեղ է ու տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման դատական ակտ»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ դատական ակտը բողոքարկելու են։

Հիշեցնենք, որ դատարանն այսօր Արմեն Չարչյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն հաշվի առնելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, վերջնական պատիժ է սահմանվում 3 տարի 7 ամիս 10 օր ժամկետով ազատազրկումը։ Դատարանը միաժամանակ որոշեց Չարչյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է այն բանի համար, որ ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինքի թեկնածու լինելով, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Չարչյանին ձերբակալել էին այն բանից հետո, երբ ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ Արմեն Չարչյանն իբրեւ ուղղորդում էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին`ընտրության օրը կոնկրետ ուժի օգտին քվեարկություն կատարելու համար: