Բնակիչների մոտ թյուր կարծիք չլինի, թե կառուցելու ենք ու պահելու քաղաքի մոտ 2000 շներին․ Գյումրու փոխքաղաքապետ

Բնակիչների մոտ թյուր կարծիք չլինի, թե կառուցելու ենք ու պահելու քաղաքի մոտ 2000 շներին․ Գյումրու փոխքաղաքապետ

Օրերս անդրադարձել էինք Գյումրիում թափառող շների նկատմամբ իրականացվող սպանդին, որոնց հեղինակներն անհայտ են:

Այն, որ Գյումրիում թափառող շները շատացել են եւ հասարակության համար լուրջ վտանգ են ներկայացնում, փաստ է, կենդանասերների մոտավոր հաշվարկներով՝ Գյումրիում ավելի քան 2000 թափառող շուն կա, որոնք հաճախ հարձակվում են մարդկանց վրա:  Սակայն հարցը լուծել նման անմարդկային եւ օրենքի սահմաններից դուրս մեթոդով միանշանակ անթույլատրելի է:
Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի համաձայն՝ շների վնասազերծման նախկին տարբերակը՝ ֆիզիկական ոչնչացումն այլևս կիրառելի չէ. թափառող շներին վնասազերծում են ստերջացման միջոցով:

Գյումրու համայնքապետարանն այս տարի մրցութային պայմանագիր է կնքել թափառող կենդանիների ստերջացմամբ զբաղվող «Գյումրու թափառող շների կենտրոնի» հետ: Այդ նպատակի համար համայնքի բյուջեից հատկացվել է 30մլն դրամ գումար:

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի խոսքերով՝ 2021-2022թվականներին համայնքի բյուջեով ստերջացվել է 1500 շուն, բայց դրանով խնդիրը լուծում չի ստացել: « Կենդանիներին չի կարելի դաժան վերաբերմունք ցույց տալ,  բայց նույն օրենքի մեջ նշված է, որ այն կենդանիները, որոնք վտանգ են հանդիսանում , ասենք՝ հիվանդությունների առաջացման առումով, դրանց քնեցման միջոցով զրկում են կյանքից»,-Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական փոխքաղաքապետը՝ նշելով նաև, որ համայնքապետարանը վերջին դեպքերով խիստ մտահոգված է, դիմել են ոստիկանություն՝ պարզելու, թե արդյոք կենդանիների նկատմամբ կատարված այդ դաժանությունները Գյումրիում են տեղի ունեցել, քանի որ իրենց համար փաստերը դեռևս կասկածելի են:

«Քաղաքապետարանը նման հրահանգ երբեք չի տվել, ես կարող եմ վստահեցնել: Մենք ունենք պայմանագիր, որով իրականացվում է շների ստերջացման գործընթացը»,-ասաց փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը՝ մանրամասնելով թափառող կենդանիների համար ապաստարաններ ստեղծելու քաղաքապետարանի ծրագիրը: «Ես պաշտոնավարում եմ 3 ամիս, եւ այս ընթացքում այդպիսի առաջարկ չենք ստացել որևէ մեկի կողմից: Համայնքապետարանն է նախաձեռնել ապաստարան կառուցել, որը մեր պատկերացմամբ լինելու է կլինիկա-ապաստարան: Բնակիչների մոտ թյուր կարծիք չլինի, թե կառուցելու ենք ու հավաքելու, պահելու քաղաքի մոտ 2000 շներին: Իմ ունեցած հետազոտություններով՝ Եվրոպայի ապաստարանները ունեն 2 դուռ․ մեկով կենդանիները մտնում են, մյուսով՝ քաղաքացիները որդեգրում, տանում են: Մեր խնդիրն է՝ այսօր ունենալ համայնքապատկան կլինիկա, որտեղ ամբողջ հետազոտությունները կտարվեն»,-ասաց նա: