Ինչպես Պապն էր ողորմելի Ներսես Մեծի առաջ, այնպես էլ այս իշխանությունը՝ կաթողիկոսի առաջ․ արքեպիսկոպոս Աջապահյան

Ինչպես Պապն էր ողորմելի Ներսես Մեծի առաջ, այնպես էլ այս իշխանությունը՝ կաթողիկոսի առաջ․ արքեպիսկոպոս Աջապահյան

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով չհեռարձակեց: Մայր աթոռը պարզաբանում էր ներկայացրել, թե ինչու  Հանրային հեռուստաընկերությամբ  չհեռարձակվեց կաթողիկոսի ուղերձը.

«Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։ Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։ Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»,-ասված էր հաղորդագրությունում։

Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական որոշում է: Կարծիք են հայտնում ընդդիմադիր եւ հոգևոր գործիչները: Hraparak.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը կատարվածը ճղճիմ եւ ողորմելի քայլ է որակում :

-Սրբազան, արդյո՞ք հայոց պատմության դասագրքի հետ կապված վերջին հանրային քննարկումը չէր պատճառը․ իշխանությունն ավելի գրգռվեց:

-Դա մասնավոր դեպքի հետ կապված չէ, ընդհանուր քաղաքական մոտեցում է, ողորմելիության, մանրության, պետական եւ ազգային մտածողության իսպառ բացակայության դրսևորում է: Նախկիններին էին մեղադրում արատների մեջ, մինչդեռ իրենք թաղված են խորը մեղքի մեջ :

-Առջևում Սուրբ Ծնունդն է, որերորդ տարին է ՝ երկրի առաջին դեմքերը Սուրբծննդյան պատարագին չեն մասնակցում, դա՞ էլ է այդ քաղաքականությանը մի մասը :

- Ես ուրախ եմ նույնիսկ, որ իրենք չեն գալիս : Սուրբ Ծնունդն առաքելական եկեղեցու ամենակարևոր կարգն է, իրենք դեմ են առաքելական եկեղեցուն, ինչո՞ ւ պիտի գան: Մենք դրանից ողբերգություն չենք սարքում: Նման բաներ եկեղեցին պատմության մեջ շատ է տեսել: Սովետական տարիներին էլ նեոբոլշևիկներն էին, սրանց մտածելակերպն էլ նեոբոլշևիկյան է: Բայց էնքան անգրագետ են․  նվազագույն գիտելիք, քթի ծակ ունեցող ցանկացած մեկը գիտի, որ անգամ կոմունիստական կայսրությունն ի վերջո հաշվի նստեց հայ եկեղեցու հետ:  Դուք ո՞վ եք, դուք մի 20 տարի հետո չեք էլ հիշվելու, եկեղեցին եղել է, կա ու մնալու է: Մեր հայ ժողովրդին ոգին է եկեղեցին, պահող ուժը, հայ ազգն իր 5000 -ամյա պատմության ընթացքում Հայոց կաթողիկոսից բարձր հանգամանք չի ստեղծել :Նախագահ կլինի, թե  վարչապետ, ինքը չի կարող հավակնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրությանը, նա ողջ հայության հոգևոր պետն է, եւ դա վերջին 40 տարում ընդունեցին անգամ կոմունիստները:

Սրանք Պապ թագավորով են հոխորտում՝ թե հաղթել է եկեղեցուն: Բայց ինչպես Պապ թագավորն էր ողորմելի Ներսես Մեծի առաջ, այնպես էլ այս իշխանությունն է՝ կաթողիկոսի առաջ :Պապի օրոք ո՞վ տուժեց: Տուժել է հայոց պետականությունը: Իրենք սխալներ են գործում, հարվածում  եկեղեցուն, հետո մեղադրում են հոգևորականությանը: Էսպես երկար չի շարունակվելու, ես ասել եմ ու կասեմ՝ սրանց ամեն մի օրը իշխանությանը մնալն ավելի է երկարաձգելու մեր պետականության վերականգնումը: