Գայլ դարձած` գիշատում է հոտը․․․

Գայլ դարձած` գիշատում է հոտը․․․

Խորենացու Ողբն եմ կարդում իշխանավորների մասին ու ինձ թվում է, թե նա այսօրվա մասին է խոսում․ «Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած: Եվ ի՞նչ է այս բոլորի ապացույցը, եթե ոչ այն, որ Աստված մեզ անտես է արել և տարրերը փոխել են իրենց բնությունը․․․»։

Քերթողահայրը մտորում է, թե ինչպես հորինի իր Ողբը և ում առաջ արտասուք թափի։ Բոլորը ծախված են, դատարկախոս, կեղծավոր, դատեր սիրող , ոսկեսեր, նախանձոտ, ստահակ, արբեցող, կծծի, ագահ, հափշտակող, կողոպտիչ, ավազակների բնութենակից, գողերին գողակից․․․ Եվ այդ ամենի պատճառը Խորենացին համարում է․ «Որովհետև մեզ տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս»: Այսօր հայ ժողովուրդը նույն խնդրի առաջ է կանգնած՝ ու՞մ առաջ ողբա․․․

Ողբը հնարավոր չէ անբողջությամբ  մեկնաբանել, կուզեի ուշադրություն դարձնել, թե Խորենացին ինչպես է բնութագրում ուսուցիչներին։ ։ Ու քանի որ ուսուցիչների վրա կարգված է ուսուցչապետը, նրա խոսքն անկասկած վերաբերվում է ուսուցչապետին․ «Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը »: Այդ հոտը ես համարում եմ ուսուցիչների մեծ մասին ու մատաղ սերնդին, որոնք զոհ են դառնում ուսուցչապետի քարոզներին։ Իսկ ուսուցչապետը, որը կարգված է հոտի վրա, գիշատում է հոտը։ Հայ գրականությունից հայ բառը հանելը, Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն կոչելը, դասագրքերում հայոց պատմությունը խեղաթյուրելը, պահպանակներով տարրական դասարանների աշակետներին ապահովագրելը թշնամություն է հայ ազգի հանդեպ։ Ուսուցչապետը կամ ԿԳՄՍ նախարարը գիտակցու՞մ է այդքանը, հասկանու՞մ է որ դա հակազգային քաղաքականություն է, թե՞ դեռ միամիտ գառան դիմակի տակ գառան ձայն է հանելու․ «Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը»։ 

Տիկնոջը ուզում եմ հիշեցնել Մեծ Քերթողահոր խոսքերը․ «Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության»,  «Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ»։  Ու ամենակարևոր բանը որ նրան ուզում եմ հիշեցնել Մեծ Պատմիչի այս խոսքն է․ «Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է»։ Դու թուլամորթ, հաղթանակները, երկիրը հանձնած  իշխանության գործիքներից մեկն ես, որով գիշատվում է մեր մատաղ սերունդը։ Իսկ վերջում հիշեցնեմ Խորենացու ողբից մի հատված․ «Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ․․․Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»։