Գարեգին Նժդեհ. սուտ մատնության զոհ

Գարեգին Նժդեհ. սուտ մատնության զոհ

Գարեգին Նժդեհի անվան եւ գործի շուրջ մի քանի տարի է՝ ռուս-ադրբեջանական որոշակի շրջանակներ առիթ-անառիթ սրացումներ են ունենում: Դրանց բարձրակետը, թերեւս, Իլհամ Ալիեւի նենգամիտ ելույթն էր ԱՊՀ երկրների Աշխաբադի գագաթաժողովում: Ինչի՞ են նպատակադրված նրանք՝ ակնհայտ է: Արտառոցն այն է, որ քարոզչա-տեղեկատվական այդ հարձակումներին հակազդելու ծանրությունը, կարծես, մնացել է վարչապետ Փաշինյանի ուսերին: Նրան չեն սատարում ոչ հանրապետականները, որոնք նժդեհականությունը հռչակել են պաշտոնական գաղափարախոսություն, ոչ, մանավանդ, դաշնակցականները, մի կուսակցություն, որի  երդվյալ անդամներից է եղել Նժդեհը: Ո՞րն է հատկապես Դաշնակցության լռության պատճառը: 2007թ. Երեւանում լույս է տեսել ԽՍՀՄ ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետ Վաչե Հովսեփյանի «Գարեգին Նժդեհը եւ ՊԱԿ-ը» գիրքը:

Հեղինակը պատմում է այն ժամանակաշրջանի մասին, երբ Նժդեհը Վլադիմիրի բանտից տեղափոխվել էր Երեւան՝ պետանվտանգության նախարարության քննչական մեկուսարան: Դա պայմանավորված էր Նժդեհի հեղինակությունը Սփյուռքում օգտագործելու եւ ԽՍՀՄ նկատմամբ հանդուրժողական մթնոլորտ ձեւավորելու՝ ՊԱԿ-ի մշակած ծրագրով, որը նաեւ  Նժդեհի ցանկությունն էր: Այդ ընթացքում Երեւան է տեղափոխվում եւ Նժդեհի հետ նույն բանտախցում պահվում նաեւ դաշնակցական հայտնի գործիչ Հակոբ Դեւեջյանը: ՊԱԿ-ն, իհարկե, գաղտնալսում էր Նժդեհի եւ Դեւեջյանի բոլոր խոսակցությունները, ինչպես նաեւ նրանց առանձին-առանձին հարցաքննում: Հեղինակը մեջբերել է Դեւեջյանի հարցաքննության արձանագրությունը, որտեղ վերջինս հայտարարում է, որ հանդես գալով հայ ռազմագերիների առջեւ, Նժդեհը նրանց կոչ է արել համալրել ֆաշիստական բանակի շարքերը եւ կռվել ԽՍՀՄ դեմ: Դեւեջյանն ասում է, որ Նժդեհն իր ելույթն ավարտել է «Ով զոհվում է հանուն Գերմանիայի, զոհվում է հանուն Հայաստանի» կոչով: Քննիչի հարցին՝ որտեղի՞ց է ինքն այդ մասին իմացել, Դեւեջյանը պատասխանում է, թե լսել է Նժդեհի ելույթներին ներկա գտնված Դավիթ Դավիթխանյանից:

Նժդեհին նացիզմի հետ համագործակցության մեղադրանք ներկայացնողները բացառապես հիմք են ընդունում նրան վերագրվող կոչը. «Ով զոհվում է հանուն Գերմանիայի, զոհվում է հանուն Հայաստանի»: Որեւէ այլ փաստական հիմք նրանք չեն կարողանում վկայակոչել: Վաչե Հովսեփյանի գրքից պարզ է դառնում, որ հիշյալ Դեւեջյանը Նժդեհի հետ հին հակասություններ է ունեցել՝ դեռեւս այն ժամանակներից, երբ Սիմոն Վրացյանի ,,Փրկության կոմիտեի,, հետ նրանք անցել էին Պարսկաստան, որտեղ Դաշնակցությունը Նժդեհի դեմ կուսակցական դատ է իրականացրել եւ նրան հեռացրել շարքերից: Ճիշտ է, Նժդեհին հաջողվել է կուսակցության հաջորդ համագումարում վերականգնել ՀՅԴ անդամությունը, բայց նրա հարաբերությունները Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի հետ մինչեւ վերջ էլ մնացել են լարված: Թե ինչու՞՝ այստեղ չենք ուզում մանրամասնել: Կարեւորը՝ որ ՊԱԿ-ի երեւանյան քննիչներին Նժդեհի եւ նացիստների «համագործակցության» մասին պատմել է միայն մեկ «վկա»՝ ՀՅԴ ոչ ամենեւին էլ երկրորդական գործիչ Հակոբ Դեւեջյանը:

Դա, ըստ էության, սուտ մատնություն էր: Հիշյալ գրքում նաեւ կարդում ենք, որ Նժդեհի դեմ ցուցմունքներ տալուց որոշ ժամանակ անց  Դեւեջյանն արդարացվում է, նրա դեմ քրեական գործը կարճվում է: Այդ դեռ բավական չէ, խորհրդային իշխանություններն արտոնում են, որ նա ազատորեն անցնի Ռումինիա, այնտեղից էլ՝ Արգենտինա, որտեղ հանգիստ խղճով ապրում եւ բանտային օրերի մասին հուշեր է գրում: Ի՞նչ եզրակացության կարելի է գալ այս փաստերի համադրումից՝ թողնում ենք ընթերցողին: