Հերթական անգամ ծիծաղելի վիճակում

Հերթական անգամ ծիծաղելի վիճակում

Հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է ԱՄՆ գլխավորած Defender 23 զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգխը։ Defender 23-ն ամենամյա զորավարժություն է՝ մոտ երկու ամիս տեւողությամբ, որոնց անցկացումը գլխավորում են ԱՄՆ զինված ուժերը: Զորավարժություններն անցկացվում են 2021 թվականից սկսած: Փոխխոսնակը հայտնել է, որ զորավարժություններին կմասնակցեն մոտ 9 հազար ամերիկացի զինվորական եւ 26 դաշնակից ու գործընկեր երկրներից՝ մոտ 17 հազար զինծառայող: Զորավարժությունները կընդգրկեն եվրոպական 10 երկրների տարածք: Սինխը տեղեկացրել է, որ, բացի ԱՄՆ-ից, կմասնակցեն զորքեր Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիայից եւ Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդերլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից եւ Միացյալ Թագավորությունից:

Ուշագրավն այն է, որ այս հայտարարությունից հետո զորավարժությունների կայքում փոփոխություն է արվել՝ Հայաստանի անունը հանվել է մասնակիցների ցանկից։ Թե ինչու, դժվար է ասել։ Ամենայն հավանականությամբ, Երեւանի վրա ճնշումներ են եղել Մոսկվայից, եւ Հայաստանի իշխանությունները, որ ավելի վաղ նաեւ ՀԱՊԿ զորավարժություններից էին հրաժարվել եւ վերջին շրջանում զբաղված էին ՀԱՊԿ-ի դեմ դեմարշներով, տեղի են տվել։ Այս ֆոնին չափազանց ծիծաղելի է հնչում ՀՀ ՊՆ մեկնաբանությունը։ Այն հարցին ի պատասխան, թե արդյոք Հայաստանը մասնակցելո՞ւ է Defender 2023 բազմազգ զորավարժությանը, ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ՝ «Կոսովոյի ուժեր» եւ «Միաձուլված սուր» զորավարժություններին, այսինքն՝ հաստատել է, որ Հայաստանը Defender 23-ին չի մասնակցելու։ Իսկ թե ինչով են պայմանավորված այս հաղորդագրությունն ու Հայաստանի անունը ներառել, ապա հանելը՝ չի ասել։