Դեպի անկախություն

Դեպի անկախություն

Արցախը շարունակում է մնալ շրջափակված, քաղաքակիրթ աշխարհից կտրված: Երբեմնի ծաղկուն, կոկիկ, հրաշալի բնությամբ այդ երկիրը, որը կարող էր աշխույժ զբոսաշրջություն ունենալ եւ շոշափելի եկամուտ դրանից: Կարող էր հանքարդյունաբերությունն ու արդյունաբերության մյուս ճյուղերը զարգացնել` արտադրանք տալով եւ դրսից ստացված հումքը վերամշակելով ու աշխարհի տարբեր անկյուններ ուղարկելով: Կարող էր կրթություն, գիտություն, մշակույթ զարգացնել: Միջազգային կոնֆերանսներ ու փառատոներ կազմակերպել, բուռն շինարարություն ծավալել:

Հիմա ապրում է կեսկյանքով` գոյատեւման ռեժիմում: Մարդիկ իրենց սննդակարգում են լուրջ փոփոխություններ կատարել, որ սով չսկսվի: Ընտանիքներ կան՝ կիսված, որ չեն կարողանում միավորվել: Արցախի իշխանությունները եւ հեղինակավոր անձինք փորձում են բնակչությանն ապահովել գոնե նվազագույն մթերքներով՝ թույլ չտալով, որ տարբեր մութ անձինք ձեռքերը տաքացնեն մեր ժողովրդի խնդիրների վրա` գներ բարձրացնեն, Արցախի մատակարարումն ապահովելու համար կոռուպցիոն սխեմաներ աշխատեցնեն: Դժվար է ասել, թե որքանով է հաջողվում:

Բայց 21-րդ դարի համար այս ամոթալի իրողությունների մեջ նաեւ դրական բան կա: Սա նաեւ փորձություն է արցախցիների եւ, առհասարակ` բոլոր հայերիս համար: Դժվարությունները հաղթահարելու թեստ է, որը հաջող անցնելու դեպքում մենք նաեւ կապացուցենք, որ ազգ ենք, հավաքական միավոր, որն ունի գաղափարական միասնություն, պայքարի կամք, իր նպատակին հասնելու համառություն: Սրանով նաեւ աշխարհին ու թշնամի ագրեսորին Արցախը ցույց կտա, որ ոչ մի դժվարություն իրեն չի ստիպելու համաձայնել կուշտ ու ապահով ապրելու ադրբեջանական առաջարկին: Սա դեպի անկախություն տանող ճանապարհն է, որը, հուսանք, մեր ժողովուրդը պատվով է անցնելու: