«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն Սեւանի ափի հանրային լողափերն էլ է վերցրել

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն Սեւանի ափի հանրային լողափերն էլ է վերցրել

Օրեր առաջ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը խորհրդակցություն էր հրավիրել՝ հանրային լողափերի եւ Սեւան-Լճաշեն ճեմուղու նախագծի քննարկման համար: Քննարկման ժամանակ փոխվարչապետը խոսել է այն մասին, որ կառավարությունը զբաղվում է հանրության բոլոր շերտերի համար հանգստի հնարավորություն ստեղծելու հարցով եւ այդ նպատակով Սեւանի ափին ստեղծել է հանրային 8 լողափ, որոնցից ներկայում շահագործման են հանձնված միայն երեքը։ Այդ երեք լողափերի սպասարկումն իրականացնում է մասնավոր ընկերություն, որը բարեկարգել ու կահավորել է ափերը։ Նախատեսվում է կառուցել նաեւ ճեմուղի՝ Սեւանի ափին, նոր ավտոկայանատեղի, նոր տաղավարներ եւ շվաքարաններ, ինչպես նաեւ՝ պատշաճ կերպով կազմակերպել աղբահանության աշխատանքները: Փոխվարչապետն իրավասու մարմիններին հանձնարարել է գույքագրել քաղաքացիների դժգոհությունները, բարձրացրած խնդիրները, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել, որ հանրային լողափը բոլորի համար լինի հասանելի։ Սակայն պարզվում է՝ Սեւան-Լճաշեն ճեմուղու նախագծի հետ կապված՝ 2 անգամ հանրային լսումներ են տեղի ունեցել, որի ժամանակ սեւանցիները կտրականապես դեմ են եղել նախագծին:

«Հող խլելու ծրագիր ա դա, էնպես չի, որ էդտեղ ներդրումներ ա արվում: Ներդրումների ավելի խելամիտ տարբերակները մենք ասել ենք: 240 կմ ափամերձ հատված ա, 3-4 կմ հատվածում հանգիստը որոշակի կազմակերպված է, դա իմ համար նորմալ չի, բայց համեմատաբար մնացած ճահճային հատվածները մարդիկ մաքրել են եւ բերել են այնպիսի վիճակի, որ հանգիստ է կազմակերպվում: Հիմա կառավարությունը գցել-բռնել ա, որ պետք է ներդրում անի, ու ներդրումներն անում է այն հատվածում, որտեղ մարդիկ մաքրել են ու հանգիստ են կազմակերպել տուրիստների համար: Կառավարությունը ներդրում ա ուզում անի, թող գնա 100 մետր հատվածի վրա մի բան սարքի, ներդրում անի։ Ասի, որ այդ հատվածում ներդրում եմ արել, ամեն ինչ նորմալ ա:

Այդ դեպքում թող վարձակալներին կանչի, ասի՝ վերցրել ես տարածքը, չես սարքում, ոչ մի բան չես անում, 4 հատ փտած բեսեդկա բերել դրել ես, փող ես աշխատում ու թանկ ես ասում, մենք հնարավորություն տանք՝ կա՛մ դու սարքի նորմալ զարգացած երկրների չափանիշներին համապատասխան, կա՛մ դուրս եկեք, մենք ենք սարքում: Իրենք ասում են՝ օրենքով շինթույլտվություն չեն տալիս, որ մենք ինչ-որ բան սարքենք, բայց հիմա մեզ ասում են՝ դուրս եկեք, մարդ կա, ինքը կգա՝ կսարքի: Ինչի՞, մենք վա՞տ կսարքենք: Սեւանի պարկը 30 հա տարածք ա, կովերի համար արոտավայր է ծառայում, ժամանակին այդ տարածքում կարուսելներ են եղել, եւ մարդկանց համար հանգստի վայր ա եղել: Թող ներդրում անեն այդ հատվածում, ե՛ւ քաղաքը կզարգանա, ե՛ւ աշխատատեղ կբացվի»,- մեզ հետ զրույցում ասաց սեւանցի Դավիթ Հարությունյանը, որի ՍՊԸ-ն, մինչեւ Նարեկ Նալբանդյանի կողմից մրցույթը շահելը, սպասարկել է այդ 3 հանրային լողափերը:

Ըստ նրա՝ Սեւանում քարտեզագրել էին 9 հանրային լողափ, որից միայն 3-ում կան ժամանցի վայրեր, կազմակերպվում է մարդկանց հանգիստը. «Հանրային լողափ, որի մասին լսել եք, անձամբ իմ ֆինանսական միջոցներով պահպանվել է, ես եմ ներդրումներ արել: 2021թ. ընտրություններին քաղաքական հայացքներիս համար իմ պայմանագիրը լուծարեցին, եւ հիմա այդ 3 հանրային լողափերի տերն ու տիրականը Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ա: Հիմա ցույց են տալիս, թե իբր ներդրում են արել լողափերում, բերեցին մի քանի հատ ժեշտ սվարկա արեցին, մի քանի ավտո ավազ լցրեցին՝ իբրեւ ճանապարհ են սարքում, բայց մենք ամեն մի մետրի վրա չոքեչոք աշխատանք ենք արել: Ես մի բան կարող եմ ասել՝ իրենք իրենց ուզածին չեն հասնելու»:

Սեւանի ափամերձ տարածքի տնտեսվարողներ Շահեն եւ Դավիթ Ասատրյաններին պատկանող «Ընտանեկան» լողափը եւս այն հատվածի մեջ է, որտեղով պետք է անցնի ճեմուղին: Մեզ հետ զրույցում Դավիթ Ասատրյանն ասաց, որ տարածքը քանդելու մասին որեւէ ծանուցում չեն ստացել. «Լճի այդ մասի վրա սեւ ամպեր են պտտվում, ինչ-որ մեկին լճի այդ հատվածը դուր ա եկել, կոնկրետ էդ հատվածի վրա են կենտրոնացած, որովհետեւ դա Սեւանին մոտիկ է եւ գեղեցիկ տեղ է: Նրանք ուզում են մեր սարքածը քանդել, որ իրենց բիզնես ծրագրերն անեն: Անունն էլ դնում են ճեմուղի, բայց լճի չորս կողմը որ պտտվեն, այնքան ամայի, ազատ տեղեր կան, որ ոչ էլ ինչ-որ բան կքանդեն, թող տանեն էնտեղ դնեն՝ ինչ ծրագիր որ ուզում են: Ինչո՞ւ են սեւեռվել այդ հատվածի վրա, բոլորս էլ լավ հասկանում ենք՝ ով ա, ում համար ա արվում դա»:

Հարցի շուրջ զրուցեցինք նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի հետ։ «Ծրագիրն արդեն իսկ քննարկվել է փոխվարչապետի մոտ, բայց մենք դեռ արձանագրությունը չենք ստացել, չեմ կարող հստակ պատասխանել, թե շարունակությունն ինչ է լինելու»:

- Սեւանցիները դեմ են այդ նախագծին եւ պատրաստ են տարբեր ակցիաներով չեղարկել այն։ Այս դեպքում ի՞նչ կլինի:

- Չեմ կարող ասել: Այդ հատվածում 480 տնտեսվարող սուբյեկտներ են իրենց գործունեությունն իրականացնում, որտեղ նախատեսվում է ճեմուղին անցկացել: Քննարկումներ եղել են։ Որը օրինական կառույց է, նրանց մասին արդեն կմտածեն՝ ինչպես անեն, ինքնակամ կառույցների հարցն առանձնապես չի քննարկվի, իմ կարծիքով։ 1905 նիշից ցածր կառույցների հարցը պետք է լուծվի օրենքով: Կարող են լինել կառույցներ, որոնք ինչ-որ ձեւով գրանցվել են, բայց նաեւ 1903 նիշից ցածր են եղել, այդ նիշից ցածրը ինքնակամ կառույցներ կլինեն: 1093.5 նիշը ծովի մակարդակի ամենաբարձր նիշն է, եւ 1.5 մետր ալիքի ազդեցության գոտի է նախատեսված, որից հետո 1905 նիշից նոր թույլատրվում է կառույցներ կառուցել: Դրա համար ճեմուղին պետք է անցնի 1905 նիշի սահմաններում:

«Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Աբելյանից հետաքրքրվեցինք, թե որ մասնավոր ընկերությունն է 3 հանրային լողափերում իրականացրել բարեկարգման ու կահավորման աշխատանքներ։ «Երեք լողափերն անցած տարի մրցույթով շահել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, որի տնօրենն է Նարեկ Նալբանդյանը: Պայմանագիր կնքել են 5 տարի ժամկետով: Մյուս 5 լողափերի հետ կապված ասեմ, որ մրցույթ պետք է տեղի ունենա, եւ որ ընկերությունը շահի, այն ընկերությունն էլ կշահագործի: Այս պահին մենք չունենք հնարավորություն, որ լողափերը կահավորենք: Քարտեզագրման աշխատանքներ են կատարվում, վերջացնենք, հանձնաժողովը մրցույթ կհայտարարի, բայց այս հինգ լողափերը, կարծում եմ, ավելի երկար ժամանակով կտրամադրվեն»: