Որ դավաճան չասե՞ն

Որ դավաճան չասե՞ն

Հերթական անգամ կրկնվեց «Եթե պատերազմը շուտ դադարեցնեի, ինձ դավաճան կասեին» իրավիճակը: Այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանն այնքան ձգեց ժամանակը, այնքան իրարամերժ հայտարարություններ արեց եւ ուշացրեց որոշում կայացնելու պահը, որ կանգնեցինք պատերազմի, գաղթի, հայրենազրկման առաջ: Ոմանք ասում են, որ ՀՀ վարչապետը վաղուցվանից գիտեր, որ սա անխուսափելի է, եւ վաղ թե ուշ Արցախը դատարկվելու է: Ասում են` նա իր հետ հանդիպող հանրային որոշ գործիչների միջոցով փորձում էր մեզ հասցնել տարբեր մեսիջներ, մասնավորապես, որ մարդկային կյանքն ամենաթանկն է, եւ պետք է մտածել արցախահայությանը Հայաստան տեղափոխելու մասին: Բայց քանի որ այդ վախվորած ու զգույշ հայտարարությունները, որպես կանոն, արժանանում էին քննադատության եւ հայհոյանքի, նա ձեռնպահ էր մնում բացահայտորեն այդ մասին խոսելուց եւ դեպքերի զարգացումը թողել էր ինքնահոսի` քաջ գիտակցելով, որ հանգուցալուծումը ողբերգական է լինելու, եւ մարդիկ մազապուրծ փախչելու են իրենց տներից` չկարողանալով անգամ մի քանի իր վերցնել իրենց հետ:

Կարող ենք, իհարկե, անիծել ու հայհոյել, որ բանը հասցրին սրան, բայց ավելի կարեւոր հարց կա` ինչո՞ւ ժամանակին քայլեր չեն ձեռնարկվում, եւ չեն փորձում նվազագույն կորուստներով դուրս գալ ցանկացած իրավիճակից: Օրինակ, հնարավոր չէ՞ր մարդկանց աստիճանաբար դուրս բերել Արցախից: Նախ՝ տարհանել պետական, ռազմական գործիչներին, որ նրանք պատանդ չմնային հրեշի ձեռքում եւ չհայտնվեին Բաքվի բանտերում: Հնարավոր չէ՞ր կանխել այս զարգացումները, բանակցությունների ժամանակ մի քիչ կամք ու տղամարդկություն դրսեւորել, չփչացնել դաշնակիցների հետ հարաբերությունները, գոնե առավելագույնը ստանալ Արեւմուտքից, որն այնքան փափագում էր Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից: