Սա իրավունքի կլասիկ չարաշահում էր. Քոչարյանի պաշտպան

Սա իրավունքի կլասիկ չարաշահում էր. Քոչարյանի պաշտպան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ՝ այսօր հետաձգվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը։ 

Նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց. «Պարզվում է, որ մեր քննչական մարմինները շատ խիստ զբաղված են և աշխատանքային ժամերից դուրս երբեք նիստերին չեն մասնակցում, այսինքն՝ քննիչը խնդրեց, որ քանի որ աշխատանքային ժամն ավարտվել է և քանի որ ինքը անձնական լիքը գործեր ունի, և պարոն Քոչարյանը կարող է ևս 10 օր կալանքի տակ մնալ ու չքննարկենք գրավի միջնորդությունը, նա պետք է գնա, և դատարանը նիստը հետաձգեց մինչև հունվարի 9-ը։ Ընդհանրապես հարց չքննարկվեց, մոռացան, որ միջնորդություններն ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ քննվում են անհապաղ, մինչև ավարտ, կալանքի գործերը քննվում են գիշերը։ Եվ ոնց որ թե ստացվում է, որ սրանից հետո ընդհանրապես կարելի է գիշերը կալանքի գործերին չգալ, որովհետև դրանք աշխատանքային ժամեր չեն»։

Պաշտպանը պատասխանելով «Հրապարակ»-ի հարցին՝ ասաց, որ Ռ. Քոչարյանը նիստին չի մասնակցել, որովհետև գրավի գործի քննությունը տեխնիկական է։ «Երբ դատարանները վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունները քննում են գիշերը, երբ կեսգիշերին մենք ասում ենք՝ տվեք մեզ գոնե մինչև առավոտ ժամանակ, տալիս են մինչև 2 ժամ ժամանակ, Վերաքննիչ դատարանը դրանից հետո ասում է՝ 2 ժամն ավելի, քան բավարար է, դուք 4 հոգով եք, կարող եք կարդալ, իսկ քննիչն ասում է՝ ինձ պետք է երկար ժամանակ՝ ինքնաբացարկի միջնորդություն գրելու համար, և դատարանն ասում է՝ լավ, ձեզ կտամ երկար ժամանակ, երբ քննիչը իրեն գուցե լավ է զգում, գուցե՝ ոչ, կարծում եմ՝ դա հիմք չէ, որպեսզի այդ միջնորդությունը չքննվեր։ Դատարանի նիստը նշանակել ժամը 17։00-ին, եթե 18։00-ից հետո չէր շարունակվելու, իմաստ չկար»։

Օրբելյանի խոսքով՝ սա քննիչի կողմից իրավունքի կլասիկ չարաշահում էր։