Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի կալանավայրում. դատարանը հետաձգեց գրավի միջնորդության քննությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը չքննեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ գրավով Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ նշելով, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի հետաձգվի, քանի որ աշխատանքային օրն ավարտվել է։
Նիստը նշանակվել է հունվարի 9-ին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ այժմ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է:
Կարծիքներ