Շտապում են
Ցավալի է Ստեփանակերտում տեսնել այդ պիղծ ցեղի ներկայացուցիչներին, որոնք չեն խորշում 21-րդ դարում գերիներ վերցնելուց, այդ գերիներին խոշտանգելուց եւ հայկական բնակավայրերն ու հուշարձաններն ավերելուց: Ինչքա՜ն պետք է ազգը, պետությունը կորցրած լինի մարդկային դեմքն ու բարոյականությունը, որ 70-ամյա մարդկանց` պետության ղեկավարներին, զինվորական գործիչներին շղթայած տանի բանտ եւ ցուցադրի ի տես աշխարհի` չվախենալով բարբարոսի խարանից: Այդ բոլորը, իհարկե, արվում են մեզ հոգեբանորեն կոտրելու, նվաստացնելու, նորանոր զիջումներ կորզելու նպատակով: Ի վերջո, բոլորին հասկանալի է, որ մեր երկրի իշխանությունը ոչ մի դիմադրություն չի ցուցաբերում, ամեն ինչին համաձայն է եւ պատրաստ է տալ Ալիեւի ու Էրդողանի ուզածը, նրանց միայն մի բան է զսպում` ժողովրդի զայրույթն ու ընդվզումը, եւ նրանք` Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար, կոտրում են մեր ժողովրդի կամքը, դիմադրողականությունը, պայքարի ոգին:
Կիրակի օրը Ստեփանակերտում բեմականացված այդ ներկայացումները` Ալիեւի մասնակցությամբ, հենց այդ ծրագրի մի մասն են: Այդ ծրագրի մասն են կազմում նաեւ Արցախի նախագահներին գերի տանելու, կալանավորված հայ մարդկանց ցուցադրաբար դատելու, մեր հուշարձանները պղծելու տեսարանները: Նրանք շտապում են` չէ՞ որ աշխարհը կարող է ուշքի գալ, պատժամիջոցներ կիրառել, հասկանալ, որ մի ամբողջ ազգի դեմ ուղղված ցեղասպանական քայլերը վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ նաեւ իրենց համար, ուստի հարկավոր է կանխել թյուրքական աշխարհի էլ ավելի լկտիացումը: Վերջապես` չէ՞ որ կարող է նաեւ Հայաստանում ինչ-որ բան փոխվել: Այո, մեր ժողովուրդը խոնարհ է ու հեզ, այսօր հակված չէ պայքարի, բայց ամեն համբերություն սահմաններ ունի, եւ կարող է վաղն իրավիճակ փոխվել:
Կարծիքներ