Փախստականների Հայաստանի հավաքականը մրցաշարի է մասնակցում

Փախստականների Հայաստանի հավաքականը մրցաշարի է մասնակցում

Փախստականների Հայաստանի հավաքականը մասնակցում է UEFA Unity Euro Cup 2023 մրցաշարին, որն անցկացվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Սա փախստականներից կազմված հավաքականների միջև ավանդական մրցաշար է, որն ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է: Ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս հավաքականները բաղկացած են 8-ական փախստական և 3-ական տեղացի խաղացողներից, իսկ ընդհանուր 11-ից 2-ը կին խաղացողներ են:

Յուրաքանչյուր հավաքական ունի իր դեսպանը: Հայաստանի հավաքականի դեսպանը ազգային հավաքականի նախկին պաշտպան Լևոն Հայրապետյանն է, որը նաև մեր թիմի ավագն է: Մեր հավաքականի գլխավոր մարզիչն Արմեն Պետրոսյանն է: Այսօր կայացել են խմբային փուլի հանդիպումները: Մեր հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Իտալիային, 6:1 հաշվով հաղթել է Ավստրիային և 0:5 հաշվով պարտվել է Ուկրաինային: Խմբի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Ավստրիա - Ուկրաինա 0:2
Իտալիա - Ուկրաինա 0:0
Իտալիա - Ավստրիա 9:0

Այսպիսով, Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և կիմանա իր հետագա մրցակցին՝ կախված այլ խմբերի խաղերի արդյունքներից: