«Հրապարակ». Ինչպես ՔՊ-ականները կորցրին ամոթի զգացումը, եւ ինչ հակասություններ կան ականատեսների ցուցմունքներում

«Հրապարակ». Ինչպես ՔՊ-ականները կորցրին ամոթի զգացումը, եւ ինչ հակասություններ կան ականատեսների ցուցմունքներում

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում մարտի 31-ին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից 10 օր անց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել խորհրդարան՝ Մ. Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Թվում էր, թե այս իշխանությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի քննարկման տեսարաններից հետո ամոթ կունենա եւ առնվազն կանտեսի ընդդիմադիր պատգամավորի բռնկուն քայլը, սակայն՝ ապարդյուն։

Դատախազը ներկայացրել է 18 էջից բաղկացած միջնորդություն, որից տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք սերիական մարդասպանի կամ առնվազն փողոցային խուլիգանի հետ, որը թեեւ իր «զոհին» ընդամենը թեթեւ վնասվածք է պատճառել, բայց արժանի է ամենադաժան պատժի։ Հայտնի փակ նիստին ներկաների եւ վկաների հետ քննչական գործողություններ՝  հարցաքննելուց, առերեսումներ կատարելուց հետո Քննչական կոմիտեն դատախազությանը փոխանցել է, որ մարտի 31-ին, ժամը 10:05-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի, Վիգեն Խաչատրյանի եւ Ալխաս Ղազարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Գեղամ Նազարյանի եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ՝ ժամը 11:15-ի սահմաններում, «խուլիգանական դրդումներով, այն է՝ նիստը նախագահող  Վլադիմիր Վարդանյանի՝ Արծվիկ Մինասյանի կողմից քննարկման թեմայից շեղվելու պատճառով նիստի բնականոն ընթացքը վերականգնելու եւ քննարկման թեմային վերադառնալու նպատակով մասնակիցներին արված դիտողությունը որպես առիթ օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու ցանկությամբ», Մհեր Սահակյանը ցուցադրաբար հակադրվել է Վլադիմիր Վարդանյանին եւ ներկաների նկատմամբ անհարգալից, ինչպես նաեւ իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով,  «դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին՝ հանձնաժողովի փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ նստած Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վլադիմիր Վարդանյանին եւ աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ պատճառելով առողջության թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին եւ ստորին կոպերի արյունազեղումների ձեւով»։

Ըստ միջնորդության, ամեն ինչ սկսվել է նրանից, որ Արծվիկ Մինասյանը շեղվել է քննարկման թեմայից եւ հարցեր է ուղղել Հայաստանի «կորսված հողերի» վերաբերյալ, ու պատգամավորների միջեւ բարձրաձայն խոսակցություն է սկսվել։ Միջնորդության մեջ մանրամասն ներկայացված է, թե օրենքի ինչ խախտումներ է թույլ տվել Մհեր Սահակյանը, եւ ինչ ցուցմունք են տվել նիստին ներկաները:

Տուժող Վլադիմիր Վարդանյանն իր ցուցմունքում նշել է, որ նիստի բնականոն աշխատանքը վերականգնելու իր իրավաչափ պահանջին ի պատասխան՝ Մհեր Սահակյանն ասել է, որ իրենց վրա չգոռա: Ինքը պատասխանել է, որ, նախ, չի գոռացել, եւ հավելել է, որ ցանկանում է շարունակել հանդարտ քննարկումը: «Դրանից հետո Մհեր Սահակյանը եւս մեկ անգամ կրկնել է, որ իրենց վրա չգոռա, որից հետո ինքը պարզաբանել է, որ քննարկման նախագահողն է, չի գոռում, այլ բոլորին կարգի է հրավիրում: Դրանից հետո Մհեր Սահակյանը, առանց որեւէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է, մոտեցել է իրեն եւ առանց խոսելու՝ աջ ձեռքին առկա ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին: Այդ հարվածից ուժեղ ֆիզիկական ցավ է զգացել, ինչպես նաեւ՝ ծակոց, որից հավասարակշռությունը կորցրել եւ ընկել է գետնին: Ընկնելուց դիպել է նախագահողի հետեւում դրված աթոռին, որը շրջվել է: Մի քանի վայրկյան անց ոտքի կանգնելով՝ տեսել է, որ Մհեր Սահակյանը հեռացել է դահլիճից, ինքը եւս դուրս է եկել եւ ցանկացել է տեսնել նրան, սակայն Մհեր Սահակյանը դիմել է փախուստի»:

Այսինքն, ըստ Վարդանյանի՝ ինքը չի սադրել, չի նետվել դեպի ընդդիմադիր պատգամավորը, այլ իր տեղը խելոք կանգնած է եղել, իսկ Մհեր Սահակյանը գնացել ու հարվածել է։ Նշենք, որ նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաեւ մյուս ՔՊ-ականները։ Ալխաս Ղազարյանը, օրինակ, նշել է, որ Վլադիմիր Վարդանյանը կանգնած է եղել, տեղից չի շարժվել: Նշել է, թե հարվածի պահին շատ ուժեղ ձայն է լսել, եւ իրեն թվացել է, թե մետաղ է ընկնում, կամ կոտրվեց Վարդանյանի ակնոցը։

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի պատմածով էլ` Վարդանյանը Սահակյանի հարվածից մոտ մեկ մետր շպրտվել է մի կողմ, եւ Վարդանյանին իր աթոռից մոտ մեկ մետր հեռավորությունից են բարձրացրել։ Ցուցմունք է տվել նաեւ իրավական հարցերով միջազգային ատյաններում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նա էլ է ասել, թե Վարդանյանն իր տեղում կանգնած է եղել, Մհեր Սահակյանն է շարժվել դեպի Վարդանյանը. «Այն պահից, երբ Մհեր Սահակյանը կանգնել է եւ, ձեռքը մեկնելով դեպի Վլադիմիր Վարդանյանը, բղավել, իր ուշադրությունը սեւեռված է եղել դեպի Մհեր Սահակյանը, ով գնացել է Վլադիմիր Վարդանյանի ուղղությամբ եւ մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքի հատվածին»:

Իսկ ահա ընդդիմադիր պատգամավորների ցուցմունքները բոլորովին այլ են։ Գեղամ Նազարյանը նշել է, թե Վլադիմիր Վարդանյանը կանգնել է եւ քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ, վերջինս նույնպես կանգնել է, ու երբ Վարդանյանը հասել է նրան, աջ ձեռքով հարվածել է Վարդանյանին: Արծվիկ Մինասյանը եւս նշել է, որ Վլադիմիր Վարդանյանը հանկարծակի կանգնել է եւ ագրեսիվ կեցվածքով քայլել դեպի Սահակյանը: Մհեր Սահակյանն էլ է նույնը կրկնել, ապա հավելել. «Վլադիմիր Վարդանյանն ագրեսիվ քայլել է իմ ուղղությամբ՝ բղավելով. «Լավ եմ անում, ում վրա ուզեմ՝ կգոռամ»»: Նա նշել է, թե բնազդաբար է հարվածել Վլադիմիր Վարդանյանին՝ ինքնապաշտպանության նպատակով:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարան ուղարկված միջնորդության մեջ կողմերի վկայությունները զետեղելուց բացի իշխանահաճո եզրահանգումներ է արել։ «Հատկանշական է նաեւ, որ թեեւ վկաներ Արծվիկ Մինասյանը եւ Գեղամ Նազարյանը ցուցմունքներով նշել են, որ Վլադիմիր Վարդանյանն ագրեսիվ ձեւով քայլել է դեպի Մհեր Սահակյանը, սակայն միջադեպից հետո Վլադիմիր Վարդանյանի հետ զրույցում ընդունել են Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը եւ վերջինիս պատժելու պատրաստակամություն են հայտնել»,- նշված է միջնորդագրում։

Սա էլ ընդդիմությանը վնասելու միտումով է արվել: Մհեր Սահակյանին դատախազը մեղսագրում է արարքներ` նախատեսված ՀՀ քրօր․ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով. «Մարմնական վնասվածք պատճառելը՝ խուլիգանական դրդումներով», պատժվում է հանրային աշխատանքներով կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, եւ 297-րդ հոդվածի 1-ին մաս` Խուլիգանությունը, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Այսինքն` թեթեւ ծանրության հոդվածներ են, որոնք մեծ պատիժ չեն նախատեսում:
Մեր տեղեկություններով՝ հարցի քննարկմանը մարտական են ներկայանալու թե՛ իշխանականները, թե՛ ընդդիմադիրները։ ՔՊ-ն փորձելու է ընդդիմությունից խուլիգանի կերպար կերտել, ընդդիմությունը հիշեցնելու է իշխանության բոլոր մեղքերը, որոնք այդպես էլ անպատիժ են մնացել։