Ոստիկանությունը, թաղապետերը, բոլորը մեղավոր են․ Արթուր Մեսչյան

Ոստիկանությունը, թաղապետերը, բոլորը մեղավոր են․ Արթուր Մեսչյան
«Բազմիցս զգուշացրել էինք՝ մի արեք, ոչ մեկին չլսեցին, գնում, բողոքում էին, բայց երբ ոստիկանները հեռանում էին, շինարարությունը սկսում էին. գիտեք ինչ, ամեն ինչն էլ չափ ունի, էլի: Դուք մի կարծեք, թե ես մեծագույն հաճույքով եմ ընդունում, երբ բուլդոզերը հարվածում է պատին, սա շատ վատ բան է, բայց մի հասցրեք դրան: Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, եթե մի բան է ասվում ապօրինի շինության վերաբերյալ, ապա դա հեռուստատեսային ծրագիր չէ, գիր չէ, շոու չէ, ամեն ասած նախադասություն ունի որոշակի պատասխանատվություն, ուղղակի մի արեք»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Նոր Նորքում երկհարկանի շինության ապամոնտաժմանը։



Արթուր Մեսչյանի խոսքով՝ ինքը որպես Երևանի գլխավոր ճարտարապետ պատասխանատու է այն ապօրինի շինությունների համար, որոնք կառուցվել են պաշտոնը ստանձնելու օրվանից սկսած․ «Այսօրվա այն քաղաքացին, որը պատրաստվում է ապօրինի շինարարություն, հողազավթում անել, մի արեք, որովհետև այն չի օրինականացվելու: Բայց սա չի նշանակում, որ ընդհանրապես օրինականությունը վերանալու է, չէ, նման բան չկա, որովհետև շատ մարդիկ կան, որոնք գտնվում են ծանրագույն սոցիալական վիճակում և ժամանակին կարողացել են ինչ-որ բան կառուցել, որպեսզի ընտանիքը մեջն ապրի, ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ նրանց տները չօրինականացնելու:



Նախկինում մարդիկ ապօրինությունների ճանապարհով գնացել են պարզ մի պատճառով, քանի որ կատարվում էր խայտառակը, այն մարդիկ, որոնք պետք է հսկեին, որ ապօրինի շինարարություն չարվի, քաջալերում էին և գնում էին ապօրինի շինարարության՝ ոստիկանությունը, թաղապետերը, բոլորը մեղավոր են: Նախկինի փորձն իմանալով՝ կարող եմ մեկ բան ասել, իսկապես իրավիճակը փոխվեց, խնդրում եմ, սիրելի երևանցիներ, եթե որոշում եք շինարարություն անել, բոլոր հնարավորություններով կնպաստենք ամբողջ շինարարության գործընթացին, ապօրինի մի արեք, տղերք, մենք ձեզ բոլոր հարցերով կօգնենք, եկեք նախագիծը հաստատենք, նորմալ շինարարություն արեք»։



**Աննա Պապիկյան**