Բոլորի դեմքը պարզվեց այս օրերին․ ասում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները

Բոլորի դեմքը պարզվեց այս օրերին․ ասում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները
Դեռեւս հոկտեմբերի 19-ին մամուլը գրեց, որ Երեւանի բազմամյա փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշանակվելու է քաղաքապետի գլխավոր խորհրդական։ Բայց, ինչպես սովորաբար լինում է, դրան հետեւեցին նշանակողի եւ նշանակվողի «սեթեւեթանքները»։ Նախ, Կամո Արեյանը հարցազրույցներ տվեց, թե՝ կառաջարկեն, կմտածեմ, հիմա իրար տրամադրություններ եւ պահանջներ ուսումնասիրելու շրջանն է։ Ապա քաղաքապետ Հայկ Մարությանն հոկտեմբերի 30-ին ասաց․ «Կամո Արեյանի հետ զրույց կունենանք, եթե նա ցանկանա ընդունել քաղաքապետի խորհրդական լինելու առաջարկը, ապա ես կցանկանամ աշխատել նրա հետ»։



Իրականում, հարցը որոշված էր դեռ շատ օրեր առաջ՝ թերեւս քաղաքապետի ընտրությունների նախօրեին եւ մեծ թվով մարդիկ գիտեին, որ Կամ Արեյանը որոշել է մնալ եւ աշխատել նոր իշխանությունների հետ։ Ավելին՝ նա խնդրել է ազատման հրաման չարձակել, այլ փոխքաղաքապետի պաշտոնից միանգամից հրամանագրել խորհրդական, ինչը պարզվել է տեխնիկապես հնարավոր չէ․ նախ պետք է ազատման հրաման տրվի, ապա նոր աշխատանքի նշանակման հրամանն արձակվի։ Քաղաքապետարանում անգամ տարակուսել են նրա պահանջից՝ զարմանալով, որ մարդը ծանր է տանում մի քանի օր գործազուրկի կարգավիճակում գտնվելը։



Մյուս փոխքաղաքապետերից աշխատելու առաջարկ արվել է միայն փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին, սակայն նա հրաժարվել է առաջարկից։ Փոխարենը, ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրները, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն է ամեն գնով աշխատել մնալ եւ անգամ ժամանակին Տարոն Մարգարյանի դեմ է աշխատել՝ ապագայում իր պաշտոնը պահպանելու համար, սակայն չի հաջողվել։ Մեզ պատմեցին, որ այն փուլում՝ երբ Տարոն Մարգարյանը հրաժարվում է դիմում գրել, նա փորձել է համոզել քաղաքապետին՝ կամովին հեռանալ։ Նույնիսկ այցելել է Սերժ Սարգսյանին եւ առաջարկել, որ նա միջամտի այդ հարցում․ «Դուք գրել գնացել եք, թող ինքն էլ դիմում գրի գնա՝ Ձեր օրինակով», մոտավորապես այս կոնտեքստում։ Տարոն Մարգարյանի թիմում Սուքիասյանի «դավաճանությունը» շատ ծանր են տարել, քանի որ համարում են, որ Տարոնն է նրան անհայտությունից առաջ քաշել եւ հասցրել փոխքաղաքապետի պաշտոնին։ Սուքիասյանը վստահ է եղել, որ իր ջանքերն աննկատ չեն մնա եւ նոր իշխանությունները դա կգնահատեն։ Սակայն, պարզվեց, Հայկ Մարությանը եւ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետարանի հետ կապված այլ ծրագրեր ունեն։ 4 փոխքաղաքապետերն արդեն նշանակվել են, իսկ Կամո Արեյանին պահեցին միայն այն պատճառով, որ նորերի մեջ քաղաքային տնտեսությանը տիրապետողներ չկան՝ Արեյանը ուսուցչի դեր կկատարի այնքան ժամանակ՝ մինչեւ նորերը կսովորեն, կմտնեն հունի մեջ։ Այդ ժամանակ արդեն կարելի կլինի նաեւ նրան հրաժեշտ տալ։