Թիվ 17 հատուկ դպրոցի ոդիսականը շարունակվում է․ մեկ տարի անց տնօրենը հրաժարական տվեց

Թիվ 17 հատուկ դպրոցի ոդիսականը շարունակվում է․ մեկ տարի անց տնօրենը հրաժարական տվեց
Մեկ տարի առաջ Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում տնօրենի եւ կոլեկտիվի մասին հակամարտությունը, դրա հանգուցալուծումը չմոռացվող միջադեպերից է, որն ակտիվորեն լուսաբանել ենք մենք։ Դպրոցի կոլեկտիվն ընդվզել եւ չէր ընդունում նորանշանակ տնօրեն Վերգինե Եսայանին, որն այն ժամանակ կրթության եւ գիտության դաշնակցական նախարարի դաշնակցական խորհրդական Բագրատ Եսայանի կինն է։ Նա նաեւ բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրենի տեղակալն էր։ Կոլեկտիվը բողոքում էր, որ Վերգինե Եսայանն օրինական ձեւով չի նշանակվել տնօրեն, նրա նշանակման հարցում դեր է խաղացել Բագրատ Եսայանի կինը լինելու գործոնը, մրցույթ չի եղել, ընտրովի պաշտոնում նշանակել են նրան։ Կոլեկտիվն այդ պաշտոնում ուզում էր տեսնել դպրոցի նախկին տնօրեն Ամալյա Հարությունյանի դստերը՝ Հայարփի Մինասյանին, որն աշխատում էր դպրոցում։ Վերջինս էլ ընդդեմ Վերգինե Եսայանի հայց էր ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Եսայանին այն ժամանակ հաջողվեց հաղթել՝ նախարարությունն իմպերատիվ կարգով նրան նշանակեց եւ կոլեկտիվը, փոքր դիմադրությունից հետո զիջեց, վեճը հարթվել էր, նա շուրջ մեկ տարի աշխատեց դպրոցում որպես տնօրեն։ Եվ ահա անսպասելի տեղեկացանք, որ նա վերջերս հրաժարականի դիմում է ներկայացրել եւ ազատվել զբաղեցրած պաշտոնից, քանի որ դատարանը վճիռ է կայացրեց՝ ԿԳ նախարարության գործողությունները ճանաչելով ոչ իրավաչափ։ Այսինքն, նախարարությանն, ըստ էության, պարտադրվել է մրցույթ իրականացնել։ Այս ընթացքում նաեւ ամբողջությամբ փոխվել է դպրոցի կառավարման խորհուրդը եւ քիչ հավանական է, որ Վերգինե Եսայանը, անգամ եթե առաջադրվի, հաղթի այդ մրցույթում։



Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարիետա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վերգինե Եսայանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, հոկտեմբերի 17-ին, նախարարի որոշմամբ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կլինեն նոր տնօրենի ընտրությունները։



Հարցին, թե Վերգինե Եսայանը աշխատանքից չի՞ ազատել իր դեմ բողոքող գործընկերներին, Մարիետա Ավետիսյանն արձագանքեց՝ ոչ։ Կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Վերգինե Եսայանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, պարտականությունները դրվել են ուսումնական գծով տեղակալի վրա, մինչեւ սահմանված կարգով կլինի նոր մրցույթ»։ Հետաքրքրվեցինք, թե նախարարությունը ստուգումներ չի՞ անցկացրել թիվ 17 հատուկ դպրոցում։



«Ոչ, ոչ, ոչ։ Իր դեմ ոչ մի բողոք չի եղել։ Պարզապես իր ազատումից հետո ընդունման-հանձնման հանձնաժողով է գնացել դպրոց։ Միգուցե ինքը նորից կդիմի, կմասնակցի մրցույթին»,- արձագանքեց նախարարության աշխատակիցը։



Վերգինե Եսայանն էլ, ի պատասխան մեր հարցի, թե ինչու է դիմում գրել եւ հեռացել դպրոցից, արձագանքեց․ «Կոլեկտիվում դեռ հին տնօրենն ունի իր մերձավորները, որոնք շարունակում են աշխատել եւ շարունակում են խոչընդոտել, դատական գործերը շարունակվում էին։ Նոր դատական գործեր են հարուցում։ Առիթից օգտվելով, որ եղել է իշխանափոխություն, նրանք փորձեցին նոր իշխանություններին ամեն ինչ նոր ձեւով ներկայացնել՝ սեւացնելով ինձ եւ իմ աշխատանքը։ Այսինքն՝ իրենք օգտագործեցին իշխանափոխությունը իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Նաեւ՝ միաժամանակ տեղեկացնեմ, որ 2017թ․ սեպտեմբերի 30-ին հրապարակված աուդիտի արդյունքում դատական գործ է հարուցվել նախկին տնօրեն Ամալյա Հարությունյանի դեմ, Քննչական կոմիտեում ընթանում է քննություն։ Միակ մեխանիզմը մարդկանց վրա ճնշում գործադրելն է, որ այդ գործով ցուցմունք չտան, որն իմ տնօրեն լինելու պարագայում հնարավոր չէր։ Եվ այդ ողջ ընթացքում էլ նրանք խոչընդոտում էին իմ աշխատանքը»։



Իր աշխատանքից նախկին տնօրենը գոհ է, սակայն, ըստ նրա, շարունակվել են դատական գործերը, եւ այդ դատական գործերից մեկն ավարտվել է հայցադիմումի բավարարմամբ՝ կառավարման խորհրդի գործողություններն են ճանաչել ոչ իրավաչափ։ Հայցադիմումը ԿԳՆ-ի դեմ ներկայացրել էր նախկին տնօրենի դուստրը՝ Հայարփի Սարգսյանը։



«Նախարարի դիրքորոշումն այն է եղել, որ սա անվերջ պրոցես է, որը շարունակվելու է, եւ որպեսզի վերջ տրվի այդ հակամարտությանը, պետք է ուղղակի չեղյալ ճանաչել նախկին նշանակումը, նոր ընտրություններ անցկացնել։ Ես միանշանակ կողմ եմ, որ նոր ընտրություններ լինեն, ես էլ մասնակցեմ նոր ընտրություններին, կընտրվեմ՝ կընտրվեմ, չեմ ընտրվի՝ չեմ ընտրվի»,- մեզ հետ զրույցում ասաց Վերգինե Եսայանը։ Նա հավելեց, որ կոլեկտիվում եղել են յոթ-ութ հոգի, որոնք ամեն կերպ խոչընդոտել են իր աշխատանքը, մյուս մանկավարժներին էլ տրամադրել իր դեմ, սակայն իրեն հաջողվել է նրանցից մի մասի դիրքորոշումը փոխել։ Ինքը՝ Վերգինե Եսայանը եւս կարծում է, որ հարցը մեկընդմիշտ փակելու համար պետք է լինեն տնօրենի նոր ընտրություններ։



**Թագուհի Հակոբյան**