Ժողովրդավարությունը հաղթել է նաև Ֆեյսբուքում

Ժողովրդավարությունը հաղթել է նաև Ֆեյսբուքում
Լա՞վ էր, թե՞ վատ, որ Կապանում չհաղթեց վարչապետի թեկնածուն: Նիկոլ Փաշինյանն այս հարցին պատասխանել է հստակ` լավ էր, լավ էր, քանի որ հաղթել է ժողովուրդը, եւ սրանից հետո էլ միշտ այդպես է լինելու:



Այս հանգամանքը Փաշինյանը համարում է հեղափոխության մեծագույն հաղթանակը եւ նշում, որ եթե ժողովուրդը նաեւ իրեն չընտրի, ինքը սուսուփուս կհեռանա: Փաշինյանի հետ չհամաձայնել չեմ կարող, բայց կուզենայի ընդգծել մի փոքրիկ նրբություն:



Բանն այն է, որ սա առաջին դեպքը չէ, որ իշխանության ներկայացուցիչը պարտվում է ընտրություններում: «ՔՊ»-ն, ի դեպ, իր առաջին հաղթանակն իշխանության ներկայացուցչի դեմ տարել է հին Հայաստանի «բորբ» օրերին` մեր հանրությանը տալով մի գյուղապետ, որն այսօր խայտառակում է Արարատի մարզը: Հիշենք նաեւ Իջեւանի քաղաքապետի ընտրությունները, երբ ԲՀԿ թեկնածուն հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուին: Օրինակները քիչ չեն: Ամեն դեպքում հաճելի է, երբ վարչապետը Կապանում մասնակցում է իր թեկնածուի հանրահավաքին, ու այդ թեկնածուն չի հաղթում, այլ հաղթում է անկուսակցական մարդը, որ պարզապես հարգանք ու վստահություն է վայելում լեռնագործների քաղաքում:



Գալով Երեւանի, Հրազդանի, Արմավիրի եւ Էջմիածնի քաղաքապետերի ընտրությանը` նշենք, որ Փաշինյանի երազած ժողովրդավարությունը, որը հաղթեց Կապանում, չի գործել նշված քաղաքներում, քանի որ այդ քաղաքներում ընտրվել են բացառապես «ՔՊ»-ականներ, որոնց (փոքրիկ բացառությամբ) պաշտպանում էր անձամբ Փաշինյանը: Հարց. պարոն Փաշինյան, հավատացնում եմ Ձեզ, որ ոչ մի երեւանցի երազում անգամ չէր տեսել, որ Հայկ Մարությանը մի գեղեցիկ օր կդառնա քաղաքապետ: Դա ինչպե՞ս տեղի ունեցավ, այդ ի՞նչ ժողովրդավարություն էր, որ մի կարճ ժամանակահատվածում այդպես համակեց երեւանցիներին: Հավանաբար, պետք է ընդունենք, որ Դուք որոշակի դերակատարություն եք ունեցել Հայկոյի ընտրության հարցում, այդպես չէ՞: Էյֆորիկ-մեյֆորիկ՝ դեռ դնենք մի կողմ: Դուք էիք, չէ՞, որ Հայկոյին գրկած՝ տարաք քաղաքապետարան: Գոնե սա ընդունո՞ւմ եք:



Կապանի ընտրություններում, անշուշտ, հաղթեց ժողովուրդը: Բայց ինչի՞ն կամ ո՞ւմ հաղթեց կապանցին: Փաշինյանն ասում է` հաղթեց վարչապետի թեկնածուին: Անձերի դեպքում` այո, իսկ բուն խնդրի խորքից մեկնելիս այդպես չի ստացվում, կարծես: Կարելի է ասել` հաղթեց հեղափոխությունը, բայց ո՞ր հեղափոխությունը, ա՞յն, որ սեւի եւ սպիտակի էր բաժանում հանրությանը, հեղափոխականների եւ հակահեղափոխականների, թե՞ մեկ այլ հեղափոխություն, որով վերջ է դրվում կարեւոր պաշտոններում պատահական, «ուռա» երեւույթների հայտնվելուն: Կարծում եմ` հենց սա էր Կապանի դասը:



Փաշինյանը մի հետաքրքիր միտք էլ հնչեցրեց իր վերջին «լայվում»` ասելով, որ Կապանի քաղաքապետի ընտրությամբ հեղափոխական էյֆորիան ոչ թե նվազեց, այլ կրկնապատկվեց: Այստեղ էլ մտածողության խնդիր կա` նայած որ կողմից ես մոտենում: Հիստերիան, օրինակ, «ՔՊ»-ում աննկարագրելի չափերի հասավ Կապանի ընտրություններից հետո, իսկ «հակառակ» ճամբարում, որքան էլ տարօրինակ է, հանգիստ ընդունեցին եղելությունը: Այս տեսանկյունից Փաշինյանը ճիշտ է՝ էյֆորիան կրկնապատկվել է, բայց միայն «ՔՊ»-ում: Պետք է ասեմ, որ դա այնքան էլ լավ չէ, որովհետեւ «հաղթանակների սովորած» «ՔՊ»-ական հանրույթն այլեւս առաջվա էյֆորիան չի ապրում նույնիսկ այն քաղաքներում, որոնցում հաղթել է: Ինչ-որ բան է պատահել այդ հանրույթի տրամադրության հետ, որը, ով գիտի, կապված է Փաշինյանի՝ վերջերս Սյունիքի մարզում կատարած մի նշանակման հետ: Այդ հանրույթը նաեւ տեսնում է, որ ամպեր են կուտակվում Արարատի մարզպետի գլխին, որ Փաշինյանին իրենցից խլում են Կոստանյանն ու որոշ ԲՀԿ-ականներ, որ Փաշինյանը խոստանում է «ՔՊ»-ի ցուցակ բերել ՀՀԿ-ի հետ առնչություններ ունեցող մարդկանց եւ այլն, եւ այլն: Սա նշանակում է, որ արդեն իրական վտանգ կա նոր էյֆորիայի եռապատկման եւ քառապատկման, էլ ուր մնաց, թե կրկնապատկման: Գյումրու եւ Վանաձորի «ՔՊ» կառույցները կարող են արդեն հույս չունենալ, որ կկարողանան որեւէ խեղկատակի քաղաքապետ դարձնել: Հաղթողները կլինեն բոլորովին այլ մարդիկ: Այդպիսի ժողովրդավարություն, սակայն, տեղական «ՔՊ»-ականներին պետք չէ, որքան էլ Փաշինյանը դա համարի ժողովրդի հաղթանակ:



Այս մի քանի նկատառումն ուզեցա անել, իսկ ընդհանրապես Փաշինյանի վերջին «լայվը» լավն էր, ինձ դուր եկավ: Մանավանդ՝ երբ ասաց, որ հեղափոխության իմաստն իր՝ ՀՀ վարչապետ նշանակվելը չէ, այլ այն, որ ՀՀ քաղաքացին է ընտրում իր վարչապետին։ Նրա այս խոսքերի վրա նույնիսկ աչքերս խոնավացան: Ուզում եմ երկրորդել` այո, ամեն ինչ հենց այդպես էլ եղել է: Ժողովուրդը գտավ Նիկոլին, ժողովրդի պահանջով էին փակվում ճանապարհները, ժողովուրդն էր մանկահասակ երեխաներին կանգնեցրել առաջին շարքերում, Սերժ Սարգսյանն էլ իշխանությունը սկուտեղի վրա մատուցեց Նիկոլ Փաշինյանին… վայ, կներեք, ժողովրդին:



**ՀԳ**. Կարծիք կա, որ «ՔՊ»-ն նաեւ Ֆեյսբուքով եկավ իշխանության: Այսօր, հեղափոխությունից ամիսներ անց, Ֆեյսբուք մտնել չի լինում, որովհետեւ ամեն ինչ գլխիվայր է շրջվել այդ սոցիալական ցանցում: Նկատի ունեմ Փաշինյանի հեղափոխությունը քննադատողների եւ «մարտնչող զոմբիների» բերանը փակողների առատությունը: Վստահաբար, Փաշինյանը նկատել է դա եւ իր հաջորդ «լայվերում», հավանաբար, կհայտարարի, որ ժողովրդավարությունը հաղթել է նաեւ Ֆեյսբուքում:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**