ԵՄ դեսպանի ներողությունը Երևանից. ներառական փուռ և սրճարան Գյումրիում

ԵՄ դեսպանի ներողությունը Երևանից. ներառական փուռ և սրճարան Գյումրիում
Սեպտեմբերի 14-ին Գյումրու Աբովյան 242 հասցեում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող, տարածաշրջանում եզակի «Արեգակ» ներառական փուռ և սրճարանի պաշտոնական բացումը, որին ներկա էին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և այլք: 



ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում կարևորեց ծրագրի նախաձեռնությունն ու կիրառումը, ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են ներառական հասարակության կայացմանը: Դեսպանն այնուհետ անդրադարձավ եվրամիության կողմից Գյումրիում իրականացվող ծրագրերին ապա ներողություն խնդրելով Երևանից՝ ավելացրեց. «Գյումրին ամենաեվրոպական քաղաքն է Հայաստանում»:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի ողջույնի, շնորհավորանքի խոսքից և օրհնության կարգից հետո, ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետն իր խոսքում ողջունեց ու շնորհավորեց սրճարանի բացման կապակցությամբ, ապա կարևորեց նման սրճարանի առկայությունը մեր քաղաքում, որը հաշմանդամություն ունեցող երիտասարդներին ընձեռում է աշխատանքի հնարավորություն: 

«Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագիրը (այն համաֆինանսավորվում է նաև Կարիտաս Ավստրիայի և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից) «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների աջակցության ռեսուրս կենտրոնի ծրագիրն է: Ծրագրի նպատակն է՝ հանրությանը ցույց հաշմանդամություն ունեցող երիտասարդների կարողությունները, նպաստել նրանց սոցիալաական ներառմանը: 



«Էմիլի Արեգակ» կենտրոնի առաքելությունն է ծառայել հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանքիներին, նպաստել ներառական հասարակության կայացմանը: Իսկ «Արեգակ» փուռ և սրճարանը, լինելով այդ առաքելության անմիջական կրողը, հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունները բացահայտելու, ներառական միջավայր ստեղծելու, նոր գիտելիքներ տրամադրելու օրինակելի տարածք է, որտեղ մատուցվելու են համեղ հացեր, թխվածքներ և սուրճ:



[

](https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/photos/pcb.1947333968905053/1947331782238605/?type=3)