Ինձ զարմացրեց ազգությամբ վրացուհի գրադարանի տնօրենը

Ինձ զարմացրեց ազգությամբ վրացուհի գրադարանի տնօրենը
Մի սարդ է ապրում տանս անկյունում, Ու անդուլ գործում հեքիաթն իր հուզիչ, Նրա բնազդից ես սարսափում եմ Եվ անհույս կախվում հուշաթելերից` Լուռ սպասելով բուժիչ խայթոցին այդ հրեշտակի…



«Հրապարակի» զրուցակիցը Հրազդանում ապրող եւ ստեղծագործող բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Դավթյանն է: Բանաստեղծը չի խուսափում ներկա խնդիրները բարձրաձայնելուց: Այն, որ մարզերում ապրող եւ ստեղծագործող արվեստագետները դժվարին կացության մեջ են, նորություն չէ: Յուրաքանչյուր նախաձեռնություն ընկած է տվյալ արվեստագետի ուսերին, գրական հանդիպումներ կազմակերպելը, ընթերցողների հետ սերտ կապ պահելը ոչ միայն ժամանակի ու ցանկության, այլև նյութական խնդիր է: Եւ այնուամենայնիվ, մայրաքաղաքից կտրված, բայց ոչ աշխարհից, ցանկության դեպքում մարդն ի զորու է լսելի դարձնել իրեն. այս կարծիքին է մեր զրուցակիցը: Սուրեն Դավթյանի վերջին գրական հանդիպումը Ախալքալաքի հայության հետ էր, որից շատ տպավորված է: «Հիմա նույնիսկ չեմ էլ հիշում, թե երևանյան գրախանութներում քանի գիրք ունեմ, վաճառված գրքերը հատուկենտ են, բայց դրանից ոչ ստեղծագործական ջիղս, ոչ էլ ցանկությունս է մարել:



Գրքերս տպագրվել են իմ, ընկերներիս ջանքերով, շահ հետապնդել պետք չէ, արվեստը հոգու վայելք է: Մոտ մեկ ամիս առաջ Ախալքալաքի Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ իմ եւ տեղի հայ ընթերցասերների հանդիպումը: Հանդիպումը նախապատմություն ուներ: Դեռ ամիսներ առաջ տասնյակ գրքերիցս նվիրեցի գրադարանին, որից հետո առաջացավ ընթերցողների հետ հանդիպման գաղափարը:Եկել էին անգամ գյուղերից, այն կարոտը, որ ես տեսա այնտեղ՝ հայկական մշակույթի ու հայրենիքի հանդեպ, խոսքերով անասելի է: Ես տեսա արթուն ջավախքցուն, տեսա հայ-վրացական մշակույթի հետաքրքիր համադրություն: Ես տեսա հայի ոգեղեն տեսակ: Ինձ զարմացրեց նաև ազգությամբ վրացուհի գրադարանի տնօրենը՝ իր հայերենի եւ հայկական մշակույթի մասին իմացությամբ»,-ասաց բանաստեղծը՝ նշելով. «Մի բան ևս, որ եւ զարմացրեց եւ ուրախացրեց ինձ: Անկաշկանդ ու բաց էին քննադատությունների մեջ: Բանաստեղծություններս հենց այնպես չէին ընթերցել, ընկալել էին, ըմբռնել: Բարձր դասարանի աշակերտներից ոմանք իրենց համար առանձնացրել էին հատվածներ եւ գրաքննության ենթարկել դրանք, անգամ շատ բաների հետ ինքս էի համամիտ: Իմ խնդրանքով ինձ համար վրացական պոեզիա կարդացին: Ինչպես երաժշտությունը, այնպես էլ բանաստեղծությունը թարգմանության կարիք չունի»:



Նշենք, որ Սուրեն Դավթյանը 7 բանաստեղծական ժողովածուի հեղինակ է: Բանաստեղծությունների հիմքում մարդն է, բնությունը, ընտանիքն ու սերը:



**Արևիկ Հակոբյան**