Ադրբեջանը ԱՄՆ-ին ատամներ է ցույց տալիս

Ադրբեջանը ԱՄՆ-ին ատամներ է ցույց տալիս

Արևմուտքից ստանալով իր ուզածը՝ Արցախն ամբողջությամբ, Ալիևը մի կողմ դրեց արևմտյան հարթակն ու սկսեց կենտրոնանալ մոսկովյան հարթակի վրա։ Ապա սկսեց ամեն ինչ անել, որ Հայաստանի հետ բանակցություններում երրորդ կողմ չլինի` ինքն ու իր զոհը միայնակ նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ «Հրապարակը» զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ, փորձել ենք հասկանալ, թե ինչ խնդիրներ է Ադրբեջանը լուծում երկկողմ բանակցություններով և որքանով է Հայաստանին դա ձեռնտու կամ վտանգավոր մեզ համար։

- Հստակ է, որ Ադրբեջանը նախընտրում է երկկողմ բանակցությունները։ ՀՀ ներկա իշխանություններն էլ համաձայն են։ Ի՞նչ հարցեր է դրանով լուծում Ադրբեջանը։

- Բանակցությունների պարագայում երկկողմանի բանակցություններն` առանց միջնորդների, արդյունք չեն տալիս։ Եվ պատահական չի, որ միջնորդների ինստիտուտ գոյություն ունի, որովհետև դա ապահովում է բանակցային գործընթացում որոշակի հավասարակշռություն և անկողմնակալություն, ինչքանով որ դա հնարավոր է` մասնակիցների ներգրավումը հաշվի առնելով։ Տվյալ պարագայում Ադրբեջանը խնդիր է դրել, ընդհանրապես արևմտյան հարթակում և Արևմուտքի ճնշման ներքո իր երազանքների գագաթնակետը` այսօր ձերբազատվել Արևմուտքից, քանի որ նա հանձնառություն ունի Արևմուտքի առջև, ինչի համար այս ամբողջ ծրագիրն իրականացվում է և նա պետք է իր հանձնառությունները կատարի։ Իր` արևմտյան հարթակից դուրս գալու դեպքում, անունը դնելով երկկողմանի բանակցություններ, որը իրականում երկկողմանի չէ, քանի որ և ամերիկյան կողմը, և բրիտանական, և թուրքական կողմերը հետկուլիսային գործընթացներում ակտիվորեն մասնակցում են, նա ուղղակի փորձում է էլ առավել օգուտ քաղել։ Հաշվի առնելով Ադրբեջանի պատմական պահվածքը՝ ունակ լինելու պայմանավորվածություններ ձեռք բերելու և դրանք վայրկյան հետո խախտելու գործելաոճը, նա շատ հանգիստ կարող է փորձ անել երկկողմ հանդիպումներից հետո բանակցային գործընթացը տապալելու մեղքը գցել հայկական կողմի վրա։ Դրա համար նա` իբր շատ կառուցողական մոտեցում ունի, բանակցությունների շարունակման դեմ չէ, թեև նա դրա անհրաժեշտությունը այս պահին սիրով կտրամադրեր այլ գործընթացների, բայց քանի որ բանակցային գործընթացը պետք է ձգել և փորձ անի իր հանձնառություններից ձերբազատվել՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների ու զարգացումների արդյունքում, նա առաջ է տանում այդ թեզը՝ շատ լավ հասկանալով, որ հայկական կողմի համար իրականում ձեռնտու չէ առանց միջնորդի բանակցությունները։

- Ինչո՞ւ առանց միջնորդի ձեռնտու չէ։

- Որովհետև հետո այդ բանակցությունները հաստատելը և պայմանավորվածություններն ի կատար ածելը նաև որոշակի տերությունների ներկայության և աջակցության անհրաժեշտություն է ունենալու։ Եվ հայկական կողմը ընդամենը տուրք է տալիս այդ ցանկություններին, որովհետև նա արդեն հանձնել է ամեն ինչ, թե փաստական ձևով, և թե խոստումների ձևով։ Եվ այս պարագայում, նա իր վրա ստանձնելով բանակցային գործընթացը տապալելու մեղավորությունը, որը Ալիևը վայրկյան իսկ չի հապաղի այդ մեղքը բարդել հայկական կողմի վրա, նա ընդամենը մանևրում է։

- Ոչ մի երկիր չի ուզում որպես միջնորդ հանդես գա՞լ, թե՞...

- Ոչ, Ադրբեջանը չի ուզում որևէ երկիր միջնորդ լինի, որովհետև նա արդեն միջնորդական հարթակներից ստացել է այն, ինչ ուզում էր։ Իսկ միջնորդի առկայությունը կնշանակի նաև այդ միջնորդների կողմից ճնշումների ենթարկվել, և նաև հնարավորություն չունենալ բուն գործընթացը այլաձև մեկնաբանությունների ենթարկել, ինչի հմուտ վարպետն է Ալիևը։

- Իսկ հայկական կողմը չի էլ փորձո՞ւմ միջնորդներ ներգրավել, որովհետև ադրբեջանական կողմին դա կարող է դուր չգալ։

- Ադրբեջանական կողմն արդեն ամերիկյան կողմին ատամներ է ցույց տալիս, նա արդեն վաղուց հրաժարվել է եվրոպական հարթակից, ռուսական կողմի հետ խնդիր հայկական կողմն ունի, հաշվի առնելով հայկական կողմի վերջին շրջանի ակտիվ հակառուսական տրամադրվածությունը և մոսկովյան հարթակից հրաժարվելու ջանքերը և այս պարագայում արդեն միջնորդական առաքելություն, իհարկե, Ադրբեջանը Թուրքիային սիրով կհրավիրեր, բայց դա բնականաբար մեզ ձեռնտու չէ։

- Նշեցիք, որ հայկական կողմը ռուսական կողմի հետ խնդիրներ ունի, բայց Զախարովան հայտարարում է, որ Արցախում էթնիկ զտում չի եղել, ու եթե նման բան է եղել, հայկական կողմը պետք է ապացույցներ ներկայացնի։

- Զախարովան կարող է շատ բան ասել, բայց ընդունելով, որ էթնիկ զտում է եղել Արցախում, նրանք նաև պիտի ընդունեն իրենց մասնակցությունը և մեղավորությունը` այդ էթնիկ զտումը թույլ տալու։

- Այսինքն, փաստացի դառնում են Ադրբեջանի հանցակի՞ցը։

- Ես կասեի, ամբողջ աշխարհի, Արևմուտքի, Ադրբեջանի, թուրքական կողմի հանցակիցը, քանի որ դա համամարդկային հանցագործություն է և դրա բոլոր դերակատարները, տեղում գտնվածները, իրականացնողները, դրա վրա աչք փակողները` ովքեր ունեն լծակներ և չեն օգտագործել, չնայած ահազանգերին, և ոչ միայն հայաստանյան իշխանությունների կողմից։ Չմոռանանք, որ երկու անվտանգության խորհրդի նիստ է եղել և նաև մասնագիտական, փորձագիտական դաշտերի հնչեցրած ահազանգեր... նույն Արևմուտքը մատը մատին չխփեց։ Հակառակը, հայկական կողմի գլխի տակ փափուկ բարձ դրեց, թե իբր իրենք թույլ չեն տա նման բան իրականանա։ Իրենք քթից առաջ այդ ամբողջը տեղի ունեցավ, և իրենք գեղեցիկ կերպով աչքերը փակեցին, ականջները նույնպես, որպեսզի այդ մեծ ծրագրի ստեղծման, մասնակցության և մեղսակցության հանցանքն իրենց վրա չկրեն։

- Խաղաղության պայմանագիրն իրատեսական համարո՞ւմ եք։

- Հաշվի առնելով Ադրբեջանի հանձնառություններն, ըստ իմ վերլուծության, նրանք փորձելու են խուսափել որևէ փաստաթուղթ ստորագրելուց։ Որովհետև փաստաթղթի ստորագրումը կնշանակի հաջորդ իսկ վայրկյանին իրենց կողմից իրենց իսկ հանձնառություններ կատարելը, այսինքն, Իրանի դեմ գործողություններ սկսելը, որից Ալիևը հիմա ամեն կերպ փորձելու է խուսափել։ Այս պարագայում Ալիևը շարունակելու է ռուսական և իրանական խաղաքարտերի ուժեղացումը, դրանով փորձելով հակազդել և հակադրվել արևմտյան ճնշումներին։ Այստեղ արդեն խնդիրն այն է, թե Արևմուտքն  ինչ լծակներ կօգտագործի, ինչ կանի իր տասնամյակների ներդրումը արդյունքի հասցնելու համար։