Ո՞ւր է «անհետացել» նախկին ոստիկանապետի թանկարժեք MERCEDES–BENZ G500-ը

Ո՞ւր է «անհետացել» նախկին ոստիկանապետի թանկարժեք MERCEDES–BENZ G500-ը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ըստ օրենքի պահանջի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը, ինչից կարելի է եզրակացնել, որ նախկին ոստիկանապետը չոր աշխատավարձով ու համեստագույն դրամական կարողություններ ունեցող նախկին պաշտոնյա է եղել, ի տարբերություն, ասենք, իր նախորդի՝ Ալիկ Սարգսյանի, ով 12 հողամաս, բնակարաններ, առանձնատներ ու բաժնեմասեր ունի տարբեր փողաբեր բիզնեսներում: Նկատենք, որ Գասպարյանը վերոհիշյալ հայտարարագրում որպես եկամուտ նշել է իր աշխատավարձը՝ 2 մլն 484 հազար 209 դրամ, դրամական միջոցները կազմել են 2 հազար ԱՄՆ դոլար եւ 3 մլն դրամ:



Ոչ մի անշարժ գույք՝ բնակարան, հողամաս եւ այլն Գասպարյանը չի հայտարարագրել, ընդամենը մեկ շարժական գույք՝ մարդատար ավտոմեքենա՝ VAZ 21013: Նկատենք, որ հանձնաժողովի կայքում հասանելի են նաեւ Գասպարյանի՝ սկսած 2011-ից գույքի եւ եկամուտների, փոխկապակցված անձանց (տարեկան) հայտարարագրերը, որոնցից, սակայն, պարզ չի դառնում, թե պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նախկին ոստիկանապետն ինչ ունեցվածքի տեր է եղել: Մասնավորապես, 2011 թ. հայտարարագրում Գասպարյանը միանգամից 3 թանկարժեք մեքենա է հայտարարագրել, մասնավորպես՝ երկու MERCEDES-BENZ G500 եւ մեկ MERCEDES-BENZ G55 AMG: MERCEDES-BENZ G500 մեքենաները Գասպարյանը հաշվետու՝ 2011-ին է ձեռք բերել, որոնցից մեկը՝ 10 մլն, մյուսը՝ 56 մլն 388 հազար դրամով: Իսկ MERCEDES-BENZ G55 AMG-ը նույն տարում օտարել է 48 մլն դրամով: Նրա դրամական միջոցները կազմել են 6 մլն դրամ եւ 2 հազար ԱՄՆ դոլար:



Եկամուտը գոյացել է երկու տարբեր տեղերից ստացված՝ 8 մլն 818 հազար 424 դրամ եւ 1 մլն 37 հազար 512 դրամ աշխատավարձերից: Որպես նվիրատվություն՝ Գասպարյանը հայտարարագրել է 4 մլն դրամ, ինչպես նաեւ վերոհիշյալ ավտոմեքենայի օտարումից գոյացած գումարը: Դատելով հաջորդ տարի՝ 2012-ին ներկայացրած հայտարարագրից՝ նա որոշել է հրաժեշտ տալ իր թանկարժեք տրանսպորտային միջոցներից մեկին եւ 15 միլիոն դրամով վաճառել է MERCEDES-BENZ G500-ներից մեկը, ըստ ամենայնի՝ այն մեկը, որը նախորդ տարի ձեռք էր բերել 10 մլն դրամով: Իսկ թե ինչ է եղել գերթանկարժեք մյուս՝ MERCEDES-BENZ G500-ը, հայտնի չէ, հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում պարզ չդարձավ՝ այն օտարվե՞լ է, թե՞ շարունակում է ծառայել տիրոջը, քանի որ այդ մեքենայի ճակատագրի մասին հիշատակում չկա Գասպարյանի հետագա տարիների հայտարարագրերում, այդ թվում եւ Գասպարյանի՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ գույքի եւ եկամուտների հայտարարագրում:



Փոխարենը անհամեմատ էժան VAZ 21013-ի մասին հիշատակում կա, իսկ թե այն երբ է ձեռք բերվել, եւս հայտնի չէ, ենթադրաբար՝ 2011-ից առաջ, քանի որ նախկին ոստիկանապետը, ինչպես արդեն նշեցինք, հենց այդ թվականից սկսած է ներկայացրել իր հայտարարագրերը: Ենթադրում ենք, որ խնդրո առարկա «Մերսեդեսի» «անհետացման» մասին Գասպարյանն Էթիկայի հանձնաժողով համապատասխան պարզաբանում է ներկայացրել կամ նոր է պատրաստվում ներկայացնել:



Նկատենք, որ Գասպարյանը անկախ Հայաստանի պետական համակարգ ոտք է դրել 1993-ին եւ մինչեւ 1996-ը եղել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։ Այնուհետ եղել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, պաշտպանության նախարարի տեղակալ: Փաստորեն, ՊՆ-ում աշխատած շրջանում Գասպարյանի գործերն այնքան լավ են եղել, որ մեկ տարվա մեջ նա մի քանի միլիոնանոց առքուվաճառք է իրեն թույլ տվել: Մնում է պարզել նաեւ՝ Գասպարյանը որտե՞ղ է բնակվում, եթե որեւէ բնակարան չի հայտարարագրել, եւ արդյոք նա եւս անտուն, բայց մեծատուն՝ հարուստ պաշտոնյաների թվի՞ն է դասվում: Ըստ ԿԸՀ ընտրողների ռեգիստրի՝ նա եւ նրա տիկինը՝ Սուսաննա Գասպարյանը, հաշվառված են Թումանյան փ. 39 9 հասցեում: Ի դեպ, տկն Գասպարյանը IZH 2715 մեքենա ունի, որը ձեռք է բերել 2014-ին՝ 15 մլն դրամով: NISSAN PATROL 5.6-ն էլ նույն տարում օտարել է 10 մլն դրամով: Ս. Գասպարյանն իր 2017 թ․ հայտարարագրում, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 30 մլն դրամ, 24 հազար եվրո եւ 18 հազար դոլար: Տիկնոջ եկամուտը գոյացել է աշխատավարձից, որը կազմել է 3 մլն 327 հազար 534 դրամ: Փաստորեն, դրամական միջոցների առումով նախկին ոստիկանապետի կինն ամուսնուց հարուստ է:



**ՀԳ․**_ Օրերս մամուլում գրվեց, թե վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքվել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշերը, եւ դրանք այլեւս չեն վաճառվելու։ Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի 999II 99 պետհամարանիշը։ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՊՎԾ ուսումնասիրության արդյունքում բացահայտված եւ օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցն ընթացք է ստացել. «ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։ Ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը..․»:_



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**