Միզել քամու դեմ

Միզել քամու դեմ
_Զրույց Արման Նավասարդյանի հետ_



**Շահարկվում են «Արցախի հակամարտության թեմա», «սահման» բառերը, «զորքերի տեղաշարժ» վերտառությունը։**



Եթե չհասկանալով են անում դա, ուրեմն ողբերգություն է, քանի որ իրենք քաղաքական գործիչներ են, իսկ եթե հասկանալով են անում, ինչ ասեմ՝ թող գետինը մտնեն, բառիս լայն իմաստով եմ ասում, որովհետեւ ինչ որ երեկ լսեցի, դա ուղղակի սադրանք է, պետության նպատմամբ սաբոտաժ։ «Սաբո»-ն ֆրանսերեն նշանակում է փայտե կոշիկ, եւ ֆրանսիացիները, իրենց բողոքն արտահայտելով, այդ կոշիկները գցում էին դազգահի մեջ եւ խաթարում աշխատանքը։ Հիմա դրանք իրենց անպետք խելքը երեկ գցում էին պետական մեքենայի մեջ, որպեսզի սաբոտաժ իրականանա։



**Սեյրան Սարոյանը հայտարարեց, թե Մարտունիում լուրջ վիճակ կա։**



Սակայն Սասուն Միքայելյանն իր ելույթում հերքեց դա։ Ես չեմ ժխտում, որ հնարավոր է հակառակորդի կողմից որոշակի տեղաշարժ լինի, սակայն ե՞րբ այն չի եղել։ Ես ձեզ ասեմ․ իրականում այս շարժումը ղարաբաղյան շարժման համար ունի դրական ներգործություն, որովհետեւ միջազգային հանրությունը տեսնում է, թե ինչ է կատարվում այստեղ, մասնավորապես՝ այն երկրները, որոնք շատ են կարեւորում դեմոկրատիան, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը եւ դեպքերը հակադրում են այն իրողության հետ, որ կա Ադրբեջանում, որովհետեւ այնտեղ, ահա, կա ավտորիտար ռեժիմ, իսկ այստեղ նման կարգ այլեւս չկա։ Եվ ավելի վտանգավոր բան՝ ի՞նչ է նշանակում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ամեն կերպ վատացնել։ Նախ՝ Ռուսաստանն ինքն այսօր միատարր երկիր չէ, եւ փառք ու պատիվ նրանց, ես երախտապարտ եմ, որ Կրեմլը բռնեց ճիշտ դիրքորոշում․ կարդացեք Զախարովայի, Պեսկովի հայտարարությունները։ Բայց գիտեք՝ անընդհատ շեշտել, որ իբր Հայաստանը թշնամական երկիր է Ռուսաստանին, սա ազգադավ քաղաքականություն է։ Հասկանո՞ւմ եք ինչ եք դուք անում՝ սա կրակի հետ խաղ է։ ՀԱՊԿ-ի պայմանագիր կա, տեսեք՝ եթե անդամներից մեկը ենթարկվում է վտանգի, կարող են զորքեր մտցնել այդ երկիրը, իսկ ովքե՞ր են ՀԱՊԿ անդամները՝ Ղազախստանը, Բելառուսը, որը պատրաստվում է հրթիռ վաճառել Ադրբեջանին։ Եվ եթե նրանք պնդեն, որ Ռուսաստանը գնա այդ քայլին, եւ Հայաստան զորքեր մտցնեն, դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է։ Դա նշանակում է, որ Հայաստանում ստեղծվում է պատերազմական իրավիճակ կամ օկուպացիա։ ԱՄՆ-ն անմիջապես քայլեր կձեռնարկի, մյուս կողմից՝ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Ես պարզապես չեմ պատկերացնում այսպիսի վիճակ, եւ միայն նրա համար, որ մի խումբ անձինք հանկարծ չեն ուզում զրկվել իրենց զեխ կյանքից, իրենց մեքենաներից, իրենց դաչաներից, իրենց հաշիվներից եւ այլն։ Նման պահվածքը նշանակում է ուղղակի միզել քամու դեմ։



**Երկրում, ըստ էության, իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի։**



Այո, իշխանություն չկա, կառավարություն չկա, միակ ելքը յոթ օր հետո վերստին Նիկոլ Փաշինյանին առաջադրելն է՝ որպես վարչապետի թեկնածու։ Եվ նա պիտի անցնի, եթե չանցավ, կարող են անուղղելի բաներ լինել։ Դա նշանակում է, որ որոշ ժամանակ հետո գնում են ԱԺ նոր ընտրությունների։



**Լավ տրամաբանության սահմաններում ՀՀԿ-ն ո՞նց է պատկերացնում իր իշխանության շարունակությունը։**



Հանրապետականն արդեն քաղաքական դիակ է, անցած էտապ, դրա հետ պիտի հաշտվել եւ փորձ անել կոնսենսուսի միջոցով երկիրը դուրս բերել այս վիճակից, որը պայթյունավտանգ է։ Եվ պետք է հասկանալ մի բան, որ սա այլեւս հին Հայաստանը չէ, սա նոր Հայաստան է։ Այս երիտասարդությունը… ես ուսանողների հետ եմ աշխատում, գիտեմ նրանց։ Նրանք շատ են տարբերվում, շատ են տարբերվում անգամ ձեր սերնդից, իսկ մեր սերունդը պիտի հեռանա։ Մենք այլեւս ոչինչ չունենք անելու, բացի խորհուրդներ տալուց, իհարկե՝ եթե դա ընդունեն։ Եվ, վերջին հաշվով՝ այս օլիգարխիկ սիստեմը եթե չփլվի, սա կլինի պետականության վերջի սկիզբը։



**Սլաքներն անվերջ ուղղում են դեպի սահմանը՝ այնպես, ասես հրապարակում կանգնած ժողովուրդը չէ դրա տերը, ասես այդ ժողովրդի զավակները չեն պաշտպանում իրենց հայրենիքի սահմանները։**



Մի կողմից կա տպավորություն, թե այս մարդիկ կտրված են իրականությունից, մյուս կողմից լավ էլ գիտակցում են, թե ինչ է կատարվում, բայց նրանց ուժերից վեր է զրկվել կերակրատաշտից։ Ժողովրդին նրանք հասցրել են խորը չքավորության եզրին՝ մեկ միլիոն մարդ։



**Երեկ ԱԺ-ում օդի մեջ վերստին դավադիր, մութ ուժերի գործոնի մասին էին ակնարկում։ Սա ի՞նչ աղերս ունի իրականության հետ։**



Երկու բան կա էստեղ՝ կա՛մ նրանք տեղեկատվություն չունեն, չգիտեն ոչինչ եւ մեղկ են, կա՛մ ինչ-որ բաներ գիտեն։ Ուրեմն էդ դեպքում նրանք չափազանց վտանգավոր մարդիկ են։ Ի՞նչ է նշանակում՝ դավադրություն կա եւ նման եզրույթներ։ Նիկոլ Փաշինյանին ես վաղուց գիտեմ, նա փայլուն լրագրող էր։ Երեկ նրա խոսքը, տրամաբանությունը, շեշտադրումներն օրինակելի էին, պարզապես կարելի էր այս ամենին հինգ պլյուս դնել։



**Երեկ ՀՀԿ-ն ինտենսիվորեն փորձում էր կասկածի տակ դնել Նիկոլի ունակությունները։**



Գիտեք, այս ամենից զատ, եթե հոգեբանական առումով վերցնենք՝ կա նախանձի ֆենոմենը, որը մեր հասարակության, այսպես ասած՝ շարժիչ ուժն է։ Հիմա էնտեղ ամեն մեկը կարծում է, թե ավելի խելոք է, քան մյուսը, ինչը վտանգավոր երեւույթ է։ Սա իրոք թավշյա հեղափոխություն է, սա կմտնի համաշխարհային պատմության մեջ, նման նախադեպ դեռ չի եղել։ Եվ հրաշալի է այն ուղերձը, որ վենդետա չի լինելու, բայց, փաստորեն, վենդետա մյուս կողմից է լինելու․ ի՞նչ է սա՝ վենդետա չէ՞, որ անում են ժողովրդի հանդեպ։



**Երեկ ԱԺ նիստին հետեւելով՝ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ՀՀԿ-ի ետեւում խաղացողները, ի դեմս Սերժ Սարգսյանի, նաեւ շրջանառվում է Ռոբերտ Քոչարյանի անունը, հրահանգել են, վարժեցրել տեքստեր։**



Ներգրավվածություն նրանց կողմից ես չեմ բացառում։ Եվ ասեմ՝ էդքան հեշտ ու հանգիստ ո՛չ Սերժը կգնա, ո՛չ էլ Քոչարյանը չեզոքություն կպահպանի։ Չմոռանանք՝ նրա սրտում միշտ մի վախ կա թաքնված՝ Մարտի 1-ը, նաեւ՝ Հոկտեմբերի 27-ը։ Եվ Նիկոլն այն մարդն է, որը կարող էր բացահայտումներին ընթացք տալ։ Ուրեմն, հնում Երիքով քաղաք կար, Կարմիր ծովի ափին, որտեղ բազմաստվածություն էր, եւ երբ Հեսու թագավորը եկավ գրավելու այն, որպեսզի վերացներ կռապաշտությունը, պարզվեց՝ քաղաքն ամուր պարիսպներ ունի, եւ Հեսուն հանձնարարեց պտտվել քաղաքի շուրջը եւ փչել եղջերափողերը․ շուտով պարիսպները հիմնահատակ փլվեցին։



**Արամ ՊԱՉՅԱՆ**