Ֆրանսիացի հայտնի միլիարդատերը Աֆրիկայի հետ կապված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել

Ֆրանսիացի հայտնի միլիարդատերը Աֆրիկայի հետ կապված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել
Ֆրանսիայի հայտնի մեծահարուստ, միլիարդատեր Վենսան Բոլորեն մեղադրվել է Աֆրիկայի երկու երկրում նախագահական ընտրությունների հետ կապված կոռուպցիոն գործարքների հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:



Ըստ մեղադրանքի, Բոլորեն կաշառել է նշված երկրների քաղաքական գործիչներին, մասնակցելով այդ երկրներում նախագահական ընտրությունների գործընթացներին եւ կեղծումներին, հանուն այն բանի, որ ընտրվելուց հետո նշված գործիչները, որոնք արդեն նախագահներ կդառնային, իր ընկերությունների հետ ձեռնտու պայմանագրեր կնքեին:



Համանման մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Bollore Group ընկերության գլխավոր տնօրեն Ժիլ Ալիքսի, եւ Havas գովազդային գործակալության միջազգային բաժնի ղեկավար Ժան-Ֆիլիպ Դորոնետի դեմ:



Նշենք, որ այդ գովազդային գործակալությունը համարվում է Bollore Group-ի դուստր ընկերություն: Քննիչների վարկածի համաձայն, Havas գովազդային ընկերությունը իջեցված գներով խորհրդատվություն է տրամադրել Գվիենայի նախագահ Ալֆա Կոնդեին 2009 թվականին եւ Տոգոյի նախագահ Ֆորա Էսոզիմնե Գնասինգբեին 2010 թվականին, որի դիմաց ֆրանսիացի միլիարդաիրոջ լոգիստիկ ընկերությունը իրավունք է ստացել շահագործելու Կոնկարիի եւ Լոմեի կոնտեյներային տերմինալները:



Bollore Group-ը եւ Գվինեայի կառավարությունը հայտարարել են, որ պայմանագրերն օրինական են: Նշենք, որ Վինսեն Բոլորեն ամենաազդեցիկ ֆրանսիացի գործարարներից է: Զբաղվում է փոխադրումների կազմակերպմամբ, շինարարությամբ, գովազդով, եւ մեդիայով: Նրա ընկերությունը ներկայացված է Աֆրիկայի 46 պետություններում: