Հստակ ձեվակերպված էր քաղաքական նպատակը, որտեղ մեծ դեր խաղաց նաեվ Նիկոլի հետեվողականությունը

Հստակ ձեվակերպված էր քաղաքական նպատակը, որտեղ մեծ դեր խաղաց նաեվ Նիկոլի հետեվողականությունը
«Իմ քայլը» նախաձեռնության եւ ՀՀ քաղաքացիների պայքարը, օրեր շարունակ տեւած անհնազանդության երթերն ու բողոքը բերեցին հաղթանակի․ Սերժ Սարգսյանը հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Ժողովուրդն իշխանությունն իր ձեռքը վերցրեց, եւ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր օրեր առաջ ասել, երկրում թավշյա ժողովրդական հեղափոխություն է, որն այլեւս իրողություն է։



Երաժիշտ, երգահան **Վահան Արծրունին** ասում է, որ հենց ամենասկզբից էլ հույս էր փայփայում, որ հենց այդպես էլ կլինի. «Չնայած այնքան հակասական էին ու իրարամերժ Սերժ Սարգսյանի գործողությունները, որ մի պահ եղավ՝ ինքը լրիվ իրականության զգացողությունը կորցրած մարդու տպավորություն թողեց։ Պատգամավորների առեւանգումը, ֆիզիկական ճնշումն ու շարժման լիդերի առեւանգումը ոչ միայն քաղաքական գործչին ոչ հարիր գործողություններ էին․ սա ոչ ադեկվատ մարդու պահվածք էր։ Եվ այդ ֆոնի վրա իր այդ ողջամիտ եւ իրատեսական քայլը պարզապես ապշեցրեց, եւ իսկապես անսպասելի էր, որովհետեւ դրան նախորդած քայլերն ու որոշումներն ամենեւին այլ մտադրությունների եւ նպատակների մասին էին վկայում»։



Ըստ Արծրունու՝ այս հաղթանակի ամենամեծ գրավականն այն էր, որ հստակ ձեւակերպված էր քաղաքական նպատակը, որտեղ մեծ դեր խաղաց նաեւ հետեւողականությունը․ «Այսինքն՝ որեւէ զիջում այդ ուղղությամբ չարվեց, չնայած ճնշումները հսկայական էին։ Որեւէ քաղաքական գործիչ Հայաստանում երբեւիցե նման ճնշումների տակ չի եղել, Նիկոլը զարմանալի հետեւողականություն եւ սկզբունքայնություն դրսեւորեց, որը եւ դարձավ ամենակարեւոր գրավականը ժողովրդի վստահության եւ ժողովրդի իսկապես ազգային դրսեւորման, որի գագաթնակետը եղավ զորամասի զինվորների քայլը, ովքեր ամենաճնշված սեգմենտն են, քանի որ, կոպիտ ասած՝ հրամանի տակ են։ Պատկերացրեք՝ ուրեմն ինչ չափի էր հասունացումը։ Ակնհայտ է՝ նպատակը, որի լոզունգը «Մերժիր Սերժին» էր, արդեն այս փուլն անցած է, հիմա ինչպիսին պետք է լինի հաջորդ փուլը, ինչպիսին պետք է լինի նոր ձեւավորվող կառավարության մարդկային որակական ռեսուրսի պարունակությունը։ Այստեղ կարեւոր այլ խնդիրներ կան՝ կապված եւ քաղաքական ստրուկտուրայի հետ, այսինքն՝ մենք մնում ենք նոր ընդունված սիստեմի ներքո՞, թե՞ վերադառնում ենք ուղիղ ընտրությունների»։



Այս պահի դրությամբ կարեւորագույն եւ առաջնային խնդիրը, Արծրունու համար, լյուստրացիայի խնդիրն է․ «Սա առաջինն է, ինչ պետք է արվի, մարդիկ, որոնք գործակալ են եղել եւ իրենց իշխանության մեջ ունեցել են նման դեպքեր, պետք է զրկվեն հնարավորությունից՝ պաշտոններ գրավել առնվազն 20-30 տարի, եւ նրանց անունները պետք է հրապարակվեն։ Սա ինձ համար սկզբունքային հարց է, ազգը պետք է ճանաչի ներսի տականքին եւ համապատասխան վերաբերմունք դրեսեւորի։ Որքան էլ մենք հիմա ոգեւորված ենք եւ հետ ենք մղել իրականության ազդակները, որոնք ապրել է մեր ազգը՝ նկատի ունեմ անօրինությունները, օրենքի բացակայությունը, կլանայնությունը, կրիմինալիզացիան։ 2-րդ խնդիրը, որքան էլ զարմանալի թվա այս պահին, կրթական համակարգում դասական հայերենին անցնելու հետ է կապված, այսինքն՝ դասական հայերենը պետք է վերադարձվի ազգին, եւ դա այն պլատֆորմը կլինի, որտեղ տարբերությունները եւ ներքին հակասությունները մեխանիկորեն կվերանան, որ տարանջատում է սփյուռքահայերին ու հայաստանաբնակներին։ Սա ազգային ինքնագիտակցության համար կարեւորագույն փուլ է, որն ինձ համար առաջնային է, ինչպես լյուստրացիան»։



Երաժիշտ, հեղինակ կատարող **Լիլիթ Պիպոյանն** անկեղծանում է՝ միշտ է հավատացել Նիկոլ Փաշինյանին, ընտրություններում էլ իր ձայնը հենց նրան է տվել․ «Ես իրենց կողմնակիցն եմ եղել միշտ, եւ երբ ինքը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընկած՝ մեկ-մեկ ձայն էր հավաքում ու երբ հետո դառնացած խոսում էր այն մասին, որ եթե ժողովուրդն իրենց մի քիչ շատ ձայն տված լիներ, կկարողանային խորհրդարանում իրենց աշխատանքն անցկացնել, ես այդ պահին իրեն այնքան էի կարեկցում։ Բայց ես միշտ իր անձը բարձր եմ գնահատել, իր սրամիտ, խելոք ելույթները։ Բայց անկեղծորեն պետք է ասեմ՝ երբ ինքն այս ամենը սկսեց, բոլորովին հույս չունեի, որ մի բան կստացվի, որովհետեւ ընդհանուր այնպիսի հուսահատության եւ ապատիայի մթնոլորտ էր տիրում մի շարք ձախողումներից հետո, որ չէի պատկերացնում, թե ինչպես պետք է կարողանա։ Գիտե՞ք ինչու այս շարժումը հասավ հաջողության, ես անձնապես համոզված եմ սրանում, որովհետեւ առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, անձնական օրինակ ծառայեց, ժողովրդի հետ միասին քայլելով, նրանց հետ լինելով անընդհատ, նաեւ շատ խելոք ձեւով խոսելով՝ հասավ հաջողության։ Այս ընթացքում երեւաց ոչ միայն իր խելքը, այլ նաեւ փորձը, ինչպես նաեւ դեր խաղաց իր քաղաքական գրագիտությունը, ու այդ ամենը բերեց նրան, որ մարդիկ իրեն սիրում են, ու հիմա ինքը մեծ սիրով է շրջապատված, որովհետեւ մարդիկ տեսան, որ ինքը կարգին, ազնիվ մարդ է եւ գիտի, թե ինչ է անում։ Ինքը կարողացավ նաեւ մարդկանց այս խորը նիրհից հանել իր անձնական օրինակով»։



Ինչ վերաբերում է այս հաղթանակին, ապա Պիպոյանը դեռ մի քանի օր առաջ էր հասկացել, որ հաղթանակն անխուսափելի է․ «Դա երեւում էր, բայց հիմա եթե խորհրդարանն իրեն չընտրի վարչապետ, այլ ընտրի եսիմում, ես կարծում եմ, որ ժողովուրդն էլի պետք է ոտքի կանգնի ու լուծարի այդ խորհրդարանը։ Ես ոչ մի այլ բանի համաձայն չեմ, Նիկոլը պետք է լինի վարչապետ, ու խորհրդարանը պետք է լրիվ լուծարվի ու նորը հավաքվի։ Հուսով եմ, որ դրան կհասնենք, կարեւորը՝ մարդիկ թմբիրից դուրս են եկել»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**