Նիկոլը հավատացնելու կարիք չունի

Նիկոլը հավատացնելու կարիք չունի
«Վերապրման ակնթարթն իշխանության ակնթարթն է»,- գրել է Էլիաս Կանետին։ Իշխանաստեղծությամբ «տառապող» Սերժ Սարգսյանը պիտի վերապրի, եւ սա իր ընտրությունն է։ Վերապրողը մարմնավորվում է միայն այն ժամանակ, երբ մենմենակ քայլում է բաց դաշտում ընկած մեռյալների միջով՝ համոզվելով, որ խույս տվողներ չեն եղել, բոլորն անխտիր անշնչացած են։



Նրանք, ովքեր Նիկոլին իշխանության պրոյեկտ են համարում՝ ստեղծելով դեպի մոռացություն վազող անքանակ մեկնաբանություններ, ստեղծելով ցինիզմի ու կազմաքանդման լեզու, ծաղրելով, հեգնելով, ծամածռվելով, քննադատելով նրա քայլերը, ոգեղենությունը, առաջնորդության ձգտումը, ահա՝ այդ նույն վերապրողներն են՝ իրենք իրենց մեջ իշխանությունն աճեցնողները, թեկուզ ակամա, ասենք՝ անզգուշաբար։



Ու այդպես լինում է՝ անզգուշաբար մեծ, դեռեւս փխրուն երազանքներ են բեկորվում, փոխարենը ցինիզմի ու տգիտության չվերջացող կուտակումներն են, եւ միայն մեզ մոտ չէ, ամենուր է այդպես, հեշտը, մատչելին իշխանական են։



Գալուստ Սահակյանի վրա եք ղժժում, բայց արի ու տես՝ ղժժալու կերպը, բառիս բուն իմաստով, համընկնում է Գ․ Սահակյանի ոչ ավել, ոչ պակաս՝ «խորին» բլթոցներին։ Դա նույն լեզուն է, ՀՀԿ-ի՝ քրեածին համակենտրոնացման ճամբարները վերահսկող կլյուչնիկների արտադրանքը։ Եվ հենց այս լեզվից են այն դուրսպրծուկները, որոնք իրենց ծանրաքաշ մեքենաներով վրաերթի են ենթարկում խաղաղ ցույցի ելած ուսանողներին, այդ լեզվից է սերում ցինիզմը, այդ լեզուն է հայկական դավադրության տեսության հիմնադիրը, ուր բոլորը «ծախված շներ են», ղեկավարվում են մութ ուժերի, անհաղթահարելի ու աներեւույթ մոգերի շնորհիվ՝ մի պաթոլոգիկ տեսություն, որն արդեն տվել է Հայաստանի սահմանում՝ բարի գալուստ «բոզերի ու սրբերի» կեցավայր։



Նիկոլը հավատացնելու կարիք չունի, քանի որ ինքն իր հավատքն է, ինքն իր վստահությունը: Երկու քարացած իրականությունների (պատրանքային ու իրականանալի) արանքում կանգնած՝ նա համարձակվում է շարժում ստեղծել։ Հիշեք՝ այսքան ժամանակ ո՞ւմ են ներել շարժում, ողջություն դարբնելու համար։ Ու Նիկոլը չի «ներվում» հենց այդ «զանցանքի» համար, հենց այդ շարժման, այդ միջանցիկ կենարար հոսանքների դռներն ու պատուհանները լայն բանալու համար՝ գյուղերում, փողոցներում, բակերում, վերջապես՝ համալսարաններում, վաղուց իշխանության առջեւ ծնկած այդ մութ ու նեխած խոռոչներում, որոնք պարզապես բուծարանների են վերածվել։



Ահա՝ շարժմանը, կենարար հոսանքին անկեղծ ժպիտով ու երջանկությամբ դիմավորող ուսանողները, որոնք այս օրերին ճաշակեցին ու խորապես զգացին պայքարի, վերափոխության ողջ իսկությունը, եւ նրանք ամեն ինչից անդին են։



**Արամ ՊԱՉՅԱՆ**