Պետությունը պետք է հիմա գոնե քայլեր ձեռնարկի

Պետությունը պետք է հիմա գոնե քայլեր ձեռնարկի
Ապրիլի 2-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 8 հոգի։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել էր սրճարանի խոհանոցում գտնվող ածխաթթու գազի բալոնը։ Դեպքի մանրամասները պարզում են, սակայն, այն հարցը, թե ովքեր են պատասխանատու տեղի ունեցածի համար՝ տնտեսվարող սուբյե՞կտը, թե՞ պետական մարմինները, մնում է առկախված։ Արդյոք պե՞տք է լինի պետական վերահսկողություն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ գոնե տեխնիկական անվտանգության պահպանման տեսանկյունից։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք «Իրազեկ եւ պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ **Բաբկեն Պիպոյանի** հետ։



-**Պարոն Պիպոյան, պետությունը որեւէ պարտավորվածություն ունի՞ սպառողների անվտանգության պահպանման գործում, թե՞ ամբողջ պարտավորվածությունը միայն տնտեսվարող սուբյեկտի ուսերին է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունն ունի քաղաքականություն՝ տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը հնարավորինս քիչ միջամտելու**։



-Սպառողների իրավունքների տեսանկյունից պետությունը հանձն է առնում սպառողների անվտանգության ապահովումը, եւ եթե տեղի է ունենում դեպք, որը հնարավոր էր կանխել պետական վերահսկողության արդյունքում, միանշանակ, սպառողների հետ կապված, պետությունը չի կատարել իր անելիքը, եւ ինչը որ պարտավորվում է անել բիզնեսը, չի պահպանվել սպառողի անվտանգ լինելու իրավունքը։ Խնդիրը սրանում է, այս դեպքում մենք գործ ունենք մարդու կյանքի եւ առողջության հետ, սա պետք է գտնվի բոլորի հոգածության ներքո՝ քաղաքացուն ծառայություն մատուցողից մինչեւ պետություն, որը եւ պետք է վերահսկի, որ այդ ծառայությունները մատուցվեն հավուր պատշաճի, եւ որ ամենակարեւորն է՝ անվտանգ։ Ընդամենը 1 շաբաթ առաջ Ռուսաստանում տեղի ունեցած հրդեհից հետո մեր իրականության մեջ սկսեցին քննարկումները, մասնավորապես, «մոլերում» եւ խոշոր առեւտրի կետերում տիրող իրավիճակի վերաբերյալ, եւ դեռեւս այն ժամանակ մենք ասացինք, որ չի կարելի ինչ-որ մի տեղ բացասական պրոցեսի հանդիպել, հետո նոր քննարկել։ Այսինքն՝ խոսքը ոչ միայն առեւտրի կետերին է վերաբերում, այլ գոյություն ունի անվտանգության համակարգ՝ հակահրդեհայինը եւ մնացածը, որը պետք է լինի ոչ միայն առեւտրի կետերում, այլեւ հիվանդանոցներում, դպրոցներում կամ, ասենք, ռեստորաններում։ Պետությունը պետք է գլոբալ անի իր անելիքը։ Ցավալի է, բայց փաստ, որ 1 շաբաթ անց մենք տեսանք դեպք, որը ոչ թե խոշոր առեւտրի կենտրոնում էր, այլ հանրային սննդի կետում։ Պետությունը պետք է կարողանա բալանսավորել․ մի կողմից բիզնեսին հնարավորինս քիչ անհանգստացնել, մյուս կողմից՝ ապահովել ծառայություն մատուցողների կողմից անվտանգության պահպանումը։ Նման դեպքերի ի հայտ գալն ուղղակիորեն ապացուցում է, որ մենք համակարգային խնդիր ունենք եւ չենք կարողացել բալանսավորել այդ իրավունքները, որ մի կողմից հնարավորիս քիչ միջամտենք բիզնեսին, թողնենք, որ այն Հայաստանում ծավալվի, որովհետեւ տնտեսական անվտանգությունն առաջնային պլանում է պետության համար, մեր կառավարության որոշումը կա, որ հնարավորինս քիչ գնացեք բիզնեսի մոտ, թողեք, որ բիզնեսմենը բիզնեսով զբաղվի, մյուս կողմից էլ ունենք սպառողի կյանք եւ առողջություն, երբ որ բիզնեսին քիչ ենք նեղացնում, տեսնում ենք, թե ինչ է անում բիզնեսը։



-**Այսինքն՝ զուտ տեխնիկական անվտանգության նորմեր սահմանելը եւ դրանց կատարմանը հետեւելը դիտարկվո՞ւմ են որպես միջամտություն բիզնես ոլորտին**։



-Մենք արդյունքում ստացել ենք չբալանսավորված համակարգ, եւ գործադիրը պետք է նայի իր մոտեցումներն ընդհանրապես պետական վերահսկողության, անվտանգության համակարգերի ներդրման եւ մնացած հարցերում։ Այո, բացթողումն է բիզնեսի, այո, առաջինը բիզնեսի անհետեւողականությունն ու անուշադրությունն է, որ բերել է այս իրավիճակին, բայց մյուս կողմից պետությունն իրավունք չունի թույլ տալ, որ բիզնեսն անի այն, ինչ ուզում է անել, եւ դա արժենա մարդկային կյանքեր կամ առողջություններ։



-**Արդյունքում ստանում ենք այն պատկերը, որ քաղաքացին կարող է սրճարանում սուրճ խմել եւ ենթարկվել նման վտանգների**։



-Մենք ունենք վատ պատկեր ամենուր, եղավ «Կինոմոսկվայի» հրդեհը, եւ շատ դեպքերում, երբ մենք բարձրաձայնում ենք խնդիրներ, հնչում են կարծիքներ, որ դրանք միայն տեսականում հնարավոր բաներ են, որտե՞ղ է դրա պրակտիկան եւ, եւ հենց սա է տարբերությունը, որ մենք գուշակում ենք ոչ նրա համար, որ գուշակություններ անելու միտում կամ ունակություններ ունենք։ Մենք Վանգան չենք, այլ մենք հասկանում ենք, որ ինչ-որ բաներ կան, որ պետք չէ սպասել՝ դեպքը տեղի ունենա, նոր սկսել կանխարգելող միջոցներ ձեռնարկել, պետք է նախապես կանխարգելել, քանի որ անհնարին է, որ այդ դեպքում բացասական հետեւանքներ չլինեն, եւ հենց երջանիկ պատահականության գործոնն է, որ նման դեպքերը շատ չեն։ Պետությունը պետք է ռեալ քայլեր ձեռնարկի, ճիշտ է՝ ուշացած, բայց գոնե հիմա պետք է ձեռնարկի։





**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**