Հուշեր քառօրյայից.Գեւորիկը

Հուշեր քառօրյայից.Գեւորիկը
Հնչեց տագնապի ազդանշանը։ «Վա՛շտ, վազքով վերև հանդերձավորվելու, պոլնի էպիկիրովկա»։ Հրամանը լսելուն պես թողեցինք առավոտյան մարզումն ու վազեցինք դեպի վաշտի շինություն։



«Ախպե՛ր, կարողա ստուգողներ են եկել»,- խոսում էին կողքից։ Հնարավոր տարբերակ էր, ուսումնական տագնապներ շատ էին եղել։ Արդեն սովոր էինք, կգնանք, միքիչ կչլվենք, ոնց էլ չլինի, «աբեդին» արդեն պոլկում կլինենք։ Ապրիլի 2-ի առավոտը ոչնչով չէր տարբերվում նախորդներից։ Նույն անձնակազմը՝ չհաշված 1-2 բուժկետ-հոսպիտալ, նույն շարահրապարակը, նույն երգերը, որոնք ամեն օր լսում էինք առավոտյան մարզումն անցկացնելիս. «Կարոտել եմ տուն իմ հայրենի, դու ամրոցն ես հզոր հայրերի, .․․ քեզ գերել են, կալանել են, թալանել են»,- ոչ մի փոփոխություն։ Քանի սկսեցինք երգերից խոսել, պիտի ասեմ, որ ամեն վաշտ ուներ իր երգը, որոնք երգում էինք, ասենք օրինակ, ճաշարան գնալուց։ Մեր վաշտի երգն էլ «Պատերազմ եք գնում, բարով գնացեք»-ն էր։



Պարտադիր պայման էր թե ճաշարան գնալիս, թե գալիս այդ երգը երգելը։ Մի խոսքով՝ հանդերձավորվեցինք, իջանք շարվելու։ Վաշտի հրամկազմը ամբողջությամբ ներկայացել էր։ Ներկա էր նաև Գեվորիկը։ Նրան այդպես էին անվանում թե՛ զինվորները, և թե սպաներից մի քանիսը։ Գևորիկը դասակի հրամանատար էր։ Ռազմական կրթությունը ստացել էր Հունաստանում, և երկար ժամանակ պահանջվեց , մինչև Գեվորիկը հասկացավ, որ ինքը ոչ թե Հունաստանի, այլ Հայաստանի բանակի սպա է։ Հիշում եմ, երբ առաջին անգամ վաշտ բերեցին, ոչնչով չէր տարբերվում նորակոչիկներից։ Վաշտի հրամանատարը մեզ հայտնեց, որ հակառակորդը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել, ու որ դրությունը լուրջ է, իսկ տագնապը ամենևին էլ ուսումնական չէ։



Այս խոսքերը լսելով զորքը մի պահ լռեց։ Չխոսեցինք նույնիսկ հին ծառայողներս։ Մարտական հերթապահություն վաշտից իրականացրել էինք միայն մենք՝ սերժանտները։ Ամեն ինչ էլ տեսել էինք, բայց նույնիսկ մեզ համար էր պատերազմի լուրը շոկային։ Լռությունը տևեց մոտ մեկ րոպե, ու հանկարծ լսվեց Գեվորիկի ձայնը. «Ապե, հորս արև, պատերազմ եք գնում, բարով գնացեք»,- սկսեց երգել Գեվորիկը։ Լռությունը, որ կար վայրկյաններ առաջ, հօդս ցնդեց, ողջ անձնակազմը սկսեց բարձրաձայն ծիծաղել, ծիծաղում էին նույնիսկ սպաները, Գեվորիկն էլ էր ծիծաղում։



**Կորյուն Սիմոնյան**