Աթեշյանի ակնարկը՝ Կարո Փայլանի վերաբերյալ

Աթեշյանի ակնարկը՝ Կարո Փայլանի վերաբերյալ
Հրապարակվել է «Շանթ» հեռուստաընկերության հետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի բացառիկ հարցազրույցը, իսկ մինչ այդ հրապարակվել էր նաեւ Պոլսի հայ համայնքի երեւելի ներկայացուցիչներից Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուի եւ «Ակօսի» հարցազրույցը: Եթե անկեղծ լինենք, ապա Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այս հարցազրույցն էականորեն չէր տարբերվում մինչ այս նրա տված մյուս հարցազրույցներից, եւ Շիրինօղլուի հարցազրույցը, պարունակած տեղեկատվության իմաստով, ավելի արժեքավոր էր:



Ավելին՝ եթե նախկին հարցազրույցում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի «չգնահատվածության» գանգատներն ավելի անուղղակի էին եւ երկրորդական պլանի, ապա այս անգամ դրանք անթաքույց էին եւ բաց տեքստով. թուրքական իշխանությունների մոտ Կ. Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ աշխատող բարձրաստիճան կղերականը բացահայտ կերպով հայտարարեց, որ ինքն էլ ուզում է գովերգվել եւ ինքն էլ ուզում է ծափահարություններ: Միակ արժեքավոր հատվածը, գոնե մեր տեսակետից, այն էր այդ հարցազրույցում, որ Արամ սրբազանն իր խոսքում հիշատակում է ոմն քրդական կուսակցության, որոնք պատրիարքարանում ունեցել են վճռական դեր եւ նշանակություն Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տեղապահության շրջանում, ապաեւ հիշատակում, որ իր ընդդիմադիրներն այդ ողջ պատմությունից հետո եկել են իր մոտ եւ «իր հայրական գուրգուրանքն ուզել», եւ ինքն էլ չի մերժել:



Կատարյալ քրիստոնյայի եւ ծափահարություններ ուզող քաջ հովվի ինչպիսի՜ կերպար, այնպես չէ՞: Այս ակնարկի հետեւում, թերեւս, կարելի է հասկանալ Կարո Փայլանին, ով պատկանում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության եւ բոլոր այն գործիչների թվին, ամենայն հավանականությամբ, որոնք Փայլանին համախոհ են համայնքի ներսում: Բավական հետաքրքիր ակնարկ է, ըստ էության, հատկապես` ներթուրքական իրականության տեսանկյունից դիտելիս: Խորհրդային ժամանակներում այդ նույն մեթոդով հարյուրավոր անմեղ մարդիկ՝ օրինակ, ստալինյան ռեպրեսիաների ժամանակ պիտակվել են կուլակ եւ դաշնակցական, անկախ այն հանգամանքից, թե իրականում հարե՞լ են արդյոք ՀՅԴ-ին գաղափարապես կամ եղե՞լ են ունեւոր, կամ էլ որակվե՞լ են որպես ժողովրդի թշնամի եւ աքսորվել Սիբիր:



Այս տեսանկյունից համայնքի իրեն ընդդիմադիր հատվածի վրա ճնշում բանեցնելու առումով Աթեշյանը վատ մեթոդ չի ընտրել: Ամեն դեպքում՝ հին աշխատող ձեւ է, քաջածանոթ նաեւ թուրքական պետությանը, դեռ օսմանյան շրջանից: Ուշագրավ է նաեւ այն, որ եթե մի քանի տարի առաջ արդեն «Սիվիլնեթին» տված հարցազրույցում Աթեշյանը շատ ավելի ինքնավստահ էր խոսում, ապա այս անգամ այդ ինքնավստահությունն այլեւս չկար: Թերեւս հասկացել է, որ հարցը, որն ամեն կերպ փորձում է ներկայացնել որպես ներհամայնքային հարց, այլեւս ներհամայնքային հարց չէ միայն եւ ձեռք է բերել համահայկական, համազգային եւ համաեկեղեցական նշանակություն: Հասկացել է թերեւս նաեւ, որ այն ինչպես որ եղել է Օսմանյան կայսրության օրերից սկսած, նաեւ քաղաքական հարց է եւ, ավելին՝ մաս թուրքական դիվանագիտության:



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**