Նվիրե՞լ գիրք, թե՞ կարդալ այն

Նվիրե՞լ գիրք, թե՞ կարդալ այն
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Գիրք նվիրելու սովորույթ կար դեռ Խորհրդային միությունում։ Չնայած այն հայտնի ասացվածքին, որի համաձայն նվերները կամ լինում են լավը, կամ գիրք, միևնույն է՝ մարդիկ սիրով մակագրում ու միմյանց էին նվիրում հայ, խորհրդային և համաշխարհային գրողների ստեղծագործություններ։ Առավել պատվաբեր էր գիրքը նվեր ստանալ հենց հեղինակից՝ իր մակագրությամբ ու բարեմաղթանքներով։



Հենց այդ գրքերն էին տեղ զբաղեցնում ՀՍՀՄ-ում նորաձևություն համարվող տնային գրադարանների ամենաաերևելի մասում։ Իսկ գրադարաններն էլ, որպես կանոն, համարվում էին տան ինտերիերի մի մասը և հազվադեպ էին ծառայում իրենց բուն նպատակին։



Անկախաությունից հետո գրքի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց, մարդիկ սկսեցին կարդալ, սակայն այդ էյֆորիան քիչ տևեց, քանի որ զարգանում էին տեխնոլոգիաները, լայն տարածում գտավ համացանցը։ Գիրք կարդալու սովորույթը վերանում է, բայց գիրք նվիրելու սովորույթը պահպանվել է։



Բոլորը միմյանց գրքեր են նվիրում, նույնիսկ գրախանութներն են հադես գալիս զանազան միջոցառումներով։ Եթե Դուք «Ֆեյսբուքում» գրանցված եք, ապա այս օրերին, ամենայն հավանականությամբ, Ձեր ընկերնեցից մեկը Ձեզ նամակ է ուղարկել՝ խնդրելով, որ «լայքեք» այս կամ այն գրքի լուսանկարը, քանի որ եթե իր ուղարկածը ամենաշատ «լայքերը հավաքի», ապա գիրքը իրենը կլինի։ Նման մի մրցույթում էլ հաղթել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Անի Հակոբջանյանը։ Նա նույնիսկ երեք անգամ է հաղթել ու երեք գիրք է նվեր ստացել հենց հեղինակների մակագրությամբ։



Նրա խոսքով՝ գիրքը արժեք չունի, եթե այն չես կարդում, անգամ եթե հեղինակն է մակագրել․ «Միանշանակ կարդալու եմ։ Իհարկե, շատ հաճելի է գիրք նվեր ստանալ գրողներից, բայց ի՞նչ արժեք ունի դա, եթե չպետք է կարդաս։ Կարծում եմ` գրքերին ևս դուր չի գա գրադարակում փակված մնալը, փոշոտվելն ու չընթերցվելը։ Եթե չկարդամ, նրանք կնեղանան հեղինակներից, որ այսպիսի վատ ընթերցողի են իրենց նվիրել»։



Լրագրող Արմեն Դուլյանի պնդմամբ՝ իր ճանաչած երիտասարդները կարդում են, բայց ոչ այն գրքերը, որոնք իրենք էին կարդում ժամանակին․ «Այն երիտասարդները, որոնց հետ շփվում եմ, անընդհատ գիրք են կարդում, ուղղակի ուրիշ գրքեր են կարդում, ոչ այն գրքերը, որոնք մենք էինք կարդում։ Երբ տղայիս ասում էի՝ ինչո՞ւ «Երեք հրացանակիրները» չես կարդում, ասում էր բա դու ինչո՞ւ Դուգլաս Ադամսի The Hitchhiker’s Guide to the Galaxy չես կարդում։ Ասում եմ՝ էդ ով ա, ծիծաղում էր, ասում էր՝ դա հիմա աշխարհի ամենահայտնի գրքերից մեկն է՝ ողջ աշխարհը դա է կարդում։ Էնպես որ, համեմատելը խիստ դժվար է՝ իմ սերնդակիցների մեջ էլ կար մի շերտ, որը կարդում էր, բայց բավական մեծ շերտ էլ կար, որ չէին կարդում։ Սերունդները հնարավոր չի համեմատել»։



Ուստի կարելի է ասել, որ գիրք, մեկ է, կարդում են՝ թեկուզ և էլեկտրոնային։ Մեր ժամանակներում նույնիսկ լսում էլ են։ Պարզապես հեղինակներն են փոխվում, ճաշակը՝ նույնպես։ «Երեք հրացանակիրները» այլևս հետաքրքիր չեն, մարդիկ ուզում են ավտոստոպով շրջել գալակտիկայով մեկ։ Ի՞նչ կասեք։



**Կորյուն Սիմոնյան**