Ցույցեր Իրանում՝ ի աջակցություն իշխանությունների

Ցույցեր Իրանում՝ ի աջակցություն իշխանությունների
Իրանում, ըստ պաշտոնական լրատվամիջոցների, այսօր կրկին ցույցեր են անցկացվել՝ ի աջակցություն իշխանությունների:



Պաշտոնյաները պնդում են, թե անցած տարեվերջից երկրում բռնկված բողոքի ալիքը մարել է, հաղորդում է «Ազատությունը»:



Ռադիոկայանի վստահելի աղբյուրների հաղորդմամբ, սակայն, Թեհրանում և այլ խոշոր քաղաքներում ընդդիմության ցույցերը շարունակվում են:



Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի հարցով արտահերթ նիստ կանցկացնի՝ Վաշինգտոնի առաջարկով:



Մոսկվան քննադատում է Նահանգների այդ նախաձեռնությունը, պնդելով՝ այն, ինչ կատարվում է այդ երկրում, Թեհրանի ներքին գործն է, և որ դրան միջամտելու փորձերը «վնասարար են ու ապակառուցողական»:



Հիշեցնենք, որ Իրանի տասնյակ քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Թեհրանում անկարգությունները սկսվել են [դեկտեմբերի 28-ից](https://www.azatutyun.am/a/28946040.html), սկզբնական սոցիալական պահանջներին հաջորդեցին ցուցարարների քաղաքական կարգախոսները՝ հակակառավարական, ինչպես նաև կրոնական իշխանության դեմ կարգախոսներ:



Դեկտեմբերի 31-ից Իրանի իշխանությունները արգելափակել են երկրում գործող սակավաթիվ սոցցանցերը, մասնավորապես՝ Instagram և Telegram կայքերը: Երկրի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ քաղաքացիներն ազատ արտահայտվելու իրավունք ունեն, բայց իշխանությունները հանդուրժող չեն լինի բռնությունների ու հանրային ունեցվածքը փչացնող գործողությունների հանդեպ:



Ոչ պաշտոնական տվյալներով՝ երկրում անկարգությունների հետևանքով արդեն 22 մարդ է զոհվել: